30 Դեկտեմբեր, Բշ, Սուրբ Ծննդյան պահքի Ա օր

«Մենք դառը բաժակ ենք խմում՝ Քաղցր Հիսուսից հեռու ապրելով»

- Հա՛յր, լսել ենք, որ իբրև մեկին ասել ենք, թե պատերազմ է լինելու: Դա ճի՞շտ է:

- Ես ոչինչ չեմ ասում, իսկ ժողովուրդն, ահա, ասում է այն ամենն ինչ խելքին է փչում: Եվ եթե նույնիսկ ինչ-որ բան գիտեմ՝ ո՞ւմ պետք է այդ մասին ասեմ…

- Հա՛յր, ինչպիսի՜ բարբարոսություն է պատերազմը…

- Եթե մարդիկ «չազնվացնեին» մեղքն, ապա այդպիսի բարբարոսության էլ չէին հասնի: Բայց բարոյական աղետն է՛լ ավելի մեծ բարբարոսություն է: Մարդիկ թե՛ հոգեպես, և թե՛ ֆիզիկապես քայքայվում են: Մի մարդ ինձ ասաց. «Մարդիկ Աթենքը ջունգլիներ են կոչել, բայց արի ու տես, որ ոչ ոք այդ ջունգլիներից չի հեռանում: Բոլորը «ջունգլի» են ասում և հավաքվում են այդ ջունգլիներում»: Ո՜ւր են հասել մարդիկ: Կենդանիների մակարդակի: Գիտեք, թե ինչպես է կենդանիների մոտ. նրանք նախ գոմ են մտնում, արտաթորում են, հետո գոմաղբն սկսում է քայքայվել և կենդանիները տաքանում են: Նրանք իրենց լավ են զգում գոմում և չեն ուզում հեռանալ այնտեղից: Ուզում եմ ասել, որ մարդիկ էլ են այդ կերպ զգում մեղքի «տաքությունը» և չեն ուզում հեռանալ: Նրանք գարշահոտություն են զգում, սակայն ցանկություն չունեն հեռանալու: Եթե մի նորեկ գոմ մտնի, ապա չի դիմանա այդ գարշահոտությանը: Իսկ մեկ ուրիշն արդեն սովորել է, մշտապես գոմում է ապրում և այդ ժանտահոտությունն այլևս չի անհանգստացնում իրեն:

- Հա՛յր, իսկ ոմանք արդարանում են, ասելով, որ այդպիսի մեղավոր կյանքը մեր օրերում չէ, որ սկսվել է: «Տես,- ասում են,- թե ի՜նչ էր կատարվում հին Հռոմում»…

- Այո, բայց Հռոմում մարդիկ հեթանոս էին, կուռքերին էին պաշտում: Պողոս Առաքյալն էլ (Հռոմեացիներին ուղղված նամակում) Սուրբ Մկրտություն ընդունած, բայց դեռևս վատ սովորություններից չհեռացած հեթանոսներին է դիմում (Հռոմ. 1:24-32): Պետք չէ յուրաքանչյուր դարաշրջանի մեծագույն անկումներն օրինակ վերցնել: Մեղքն այսօր նորաձև են դարձրել: Խենթանալ կարելի է, ախր մենք ուղղափառ ժողովուրդ ենք և տես, թե ո՜ւր ենք հասել: Իսկ ուրիշ ազգերի մասին էլ չեմ խոսում… Բայց ամենավատն այն է, որ այժմյան մարդիկ՝ ամբողջությամբ մեղքի մեջ թաղվելով, երբ տեսնում են, որ ինչ-որ մեկը չի հետևում ժամանակի ոգուն, մեղք չի գործում, գոնե մի փոքր երկյուղածություն ունի՝ նրան հետամնաց են անվանում: Ինչ-որ մեկի մեղք չգործելը խոցում է նրանց: Նրանք մեղքն առաջընթաց են համարում: Իսկ դա ամենավատն է: Եթե մեղքի մեջ ապրող ժամանակակից մարդիկ դա գոնե ընդունեին, ապա Աստված կողորմար նրանց: Բայց նրանք արդարացնում են այն, ինչ արդարացում չունի և ներբողներ են նվիրում մեղքին: Իսկ մեղքն առաջընթաց համարել ու ասել, թե բարոյականությունն իր դարն ապրել է, դա առաջին հերթին ամենասարսափելի հայհոյանքն է Սուրբ Հոգու նկատմամբ: Այդ պատճառով էլ, եթե ինչ-որ մեկն, աշխարհում ապրելով, ճգնում է, իր կյանքն անարատության մեջ է պահում, ապա դա արժեք ունի: Այդպիսի մարդկանց մեծ վարձք է սպասվում:

Նախկինում անառակ կամ հարբեցող մարդն ամաչում էր նույնիսկ շուկա գնալ, որովհետև մարդիկ կծիծաղեին իր վրա: Իսկ եթե կինն էր թեթևաբարո կյանք վարում, ապա վախենում էր նույնիսկ քիթը տանից դուրս հանել: Եվ կարելի է ասել, որ դա մեղքից ետ պահող մի ուժ էր հանդիսանում: Իսկ այսօր, եթե մարդ ճիշտ է ապրում, եթե օրինակ՝ աղջիկը երկյուղածությամբ է ապրում, ապա նրա մասին ասում են. «Ի՞նչ է, լուսնի՞ց է ցած ընկել»: Եվ ընդհանրապես, նախկինում, երբ աշխարհիկ մարդիկ մեղք էին գործում, ապա տառապում էին մեղավորության զգացումից և ավելի խոնարհ էին դառնում: Նրանք չէին ծաղրում հոգևոր կյանքով ապրողներին, այլ ընդհակառակը՝ հիանում էին նրանցով: Իսկ մեր օրերում մեղք գործողներն իրենց մեղավոր չեն զգում: Մյուսների հանդեպ էլ հարգանք չունեն: Ամեն բան հողին են հավասարեցրել: Եթե մարդ աշխարհի կանոններով չի ապրում, ապա մեղավորները նրան ծաղրի առարկա են դարձնում:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

25.11.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․