Մենք ընկերներ ենք

Պատմում են, որ պատերազմի ժամանակ մի փոքրիկ վիետնամական գյուղում արկերն ընկան ուղիղ մանկատան վրա, որը միսիոներների խումբն էր տնօրինում: Բոլոր միսիոներներն ու մի քանի երեխա զոհվեցին, իսկ երեխաներից մի քանիսն էլ վիրավորվեցին, այդ թվում մի ութնամյա աղջիկ:

Գյուղացիները հարևան քաղաքից բժշկական օգնություն խնդրեցին, և վերջապես մի ամերիկացի ռազմական բժիշկ ու բուժքույր եկան: Հետազոտությունները ցույց տվեցին, որ աղջնակի վիճակն ամենածանրն է, և եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, ապա աղջիկը կմահանա արյան կորստից: Փոխներարկման համար նրանց շտապ արյան նույն խմբի դոնոր էր անհրաժեշտ: Շտապ հետազոտություններ անցկացնելուց հետո պարզվեց, որ որբուկներից մի քանիսը, որ վիրավոր չէին, ունեին արյան համապատասխան խումբ: Ո՛չ բժիշկը, ո՛չ բուժքույրը տեղի լեզուն լավ չգիտեին, ուստի իմացած սակավ բառապաշարով և ժեստերի օգնությամբ փորձեցին վախեցած երեխաներին բացատրել, որ եթե վիրավոր աղջնակին արյուն չներարկեն, ապա նա կմահանա: Հետո հարցրեցին, թե ով է ցանկանում նրան օգնել և իր արյունը տալ: Երեխաները լայն բացված աչքերով նրանց էին նայում և լռում էին: Վերջապես մի լղարիկ, դողդողացող ձեռք վեր բարձրացավ, արագ ցած իջավ, հետո կրկին վեր բարձրացավ:

- Շնորհակալություն,- ասաց բուժքույրը,- անունդ ի՞նչ է:

- Խան,- պատասխանեց տղան:

Նրան արագ պառկեցրին և սկսեցին գործողությունը: Տղան անշարժ ու լուռ պառկած էր: Բայց մի քանի վայրկյան հետո հանկարծ կամացուկ հեծկլտաց ու ազատ ձեռքով փակեց դեմքը:

- Ցավո՞ւմ է,- հարցրեց բժիշկը:

Խանը գլուխը բացասաբար շարժեց, սակայն մի քանի վայրկյանից կրկին հեկեկոց լսվեց և նա կրկին փորձեց զսպել այն: Բժիշկը նորից հարցրեց, թե արդյոք ցավ չի զգում, բայց տղան կրկին բացասաբար շարժեց գլուխը: Սակայն շուտով հատ ու կենտ հեծկլտոցները համաչափ, կամացուկ լացի փոխվեցին: Տղան աչքերը պինդ փակեց և բռունցքն ատամների մեջ առավ, որպեսզի հեծկլտոցը ճնշի: Բժիշկն անհանգստացավ: Ինչ-որ բան այն չէր: Այդ պահին վիետնամուհի բուժքույրը տեղ հասավ և տեսնելով տղայի տառապանքը՝ արագ-արագ ինչ-որ բան հարցրեց նրան, և լսելուց հետո հանգստացնող ձայնով պատասխանեց: Տղան նույն վայրկյանին դադարեց լաց լինելուց և թեթևությամբ շունչ քաշեց: Վիետնամուհին ամերիկացիներին կամացուկ ասաց. «Նա մտածում էր, որ մահանալու է: Նա ձեզ չէր հասկացել և կարծել էր, թե իր ողջ արյունն եք ուզում աղջկան փրկելու համար»:

- Այդ դեպքում ինչո՞ւ համաձայնեց,- հարցրեց ամերիկացի բուժքույրը:

Վիետնամուհին հարցը կրկնեց տղայի համար, և նա պատասխանեց.

- Որովհետև մենք ընկերներ ենք…

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

27.02.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․