3 Դեկտեմբեր, Գշ
Կաթողիկէ Սբ. Էջմիածնի տոնը Հայ եկեղեցին նշում է Հոգեգալուստից երկու շաբաթ անց, Սբ. Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապ տոնին հաջորդող օրը: Այս տոնը հիշատակն է այն տեսիլքի, որ, ըստ Ագաթանգեղոսի, մեր հավատքի հայրը՝ Սբ. Գրիգորը, տեսավ Վիրապից ելնելուց հետո:
Ինքը՝ Քրիստոս «բարձր ու ահեղ, ընթանում էր լուսեղեն զորքի առջևից և ձեռքին ուներ ոսկե մեծ կռան (մուրճ) և բոլորը նրա ետևից էին գալիս և Նա իջավ հասավ մինչև երկրի հատակը, քաղաքի մեջտեղը, խփեց լայնատարած գետնին և մեծ թնդյուններ հնչեցին անդունդների սանդարամետից»:
Այսպես սկսեց պատմել Սբ. Գրիգոր Լուսավորիչը իր տեսիլքը Տրդատ Գ թագավորին, Աշխեն թագուհուն ու մյուս բոլոր ներկաներին. «Եվ տեսա քաղաքի մեջ, արքունի ապարանքի մոտ, ճախարակաձև ոսկե խարիսխ, խոշոր բլրի մեծությամբ և նրա վրա հույժ բարձր հրեղեն սյուն, իսկ վրան ամպե խոյակ լուսեղեն խաչով և երեք այլ խարիսխներ. մեկը այն տեղում, ուր նահատակվեց Սուրբ Գայանեն՝ իր երկու ընկերուհիների հետ, մեկը այն տեղում, ուր Սուրբ Հռիփսիմեն նահատակվեց՝ 32 ընկերուհիների հետ և մեկը՝ հնձանի մոտ»: Տեսիլքը պատմելուց հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը հորդորեց ժողովրդին անմիջապես աշխատանքի անցնել: Այնուհետև Լուսավորիչ հայրապետը թագավորի, թագուհու, նախարարների և ամբողջ ժողովրդի հետ մեկտեղ գնաց այն տեղը, ուր ցույց էր տրվել հրեղեն սյունը՝ ոսկե խարսխի վրա և կարգադրեց քարե բարձր պարիսպով շրջափակել:
Մեծ խաչի տեղը հայրապետը որոշեց կանգնեցնել Հայոց Մայր եկեղեցին, բայց տաճարի կառուցման աշխատանքերը առժամանակ հետաձգվեցին, քանի որ Միածնի մրճահարած տեղում մի հեթանոսական մեհյան կար, որն անհրաժեշտ էր եկեղեցական կարգով սրբագործել: Իսկ Հռիփսիմյան կույսերի նահատակության վայրը, արդեն իսկ նրանց արյունով սրբված ու նվիրագործած էր: Ուստի անմիջապես կառուցվեցին երեք տաճարներ, որոնց ներսում Լուսավորիչը զետեղեց կույսերի մարմինները: Մեծ էր ոգևորությունը: Ամեն մարդ, այր թե կին, աշխատանքի էր լծված: Մեկը քար, մյուսն աղյուս, մեկ ուրիշը փայտ էր բերում:
Ավանդության համաձայն՝ Տրդատը բարձրացավ Մասիս լեռը և այնտեղից բերեց կարծր, անտաշ ու անկոփ, ծանր ու մեծ, երկար ու հաստ քարեր: Հսկա արքան, իր թիկունքի վրա վերցնելով այդ քարերը, բերեց Վաղարշապատ՝ մատուռների շինության համար:
Տաճարներից մեկը կոչվեց Սբ. Հռիփսիմեի անունով, մյուսը՝ Սբ. Գայանեի, իսկ երրորդը, ի հիշատակ այն հիվանդ կույսի, որ չէր կարողացել մյուսների հետ լքել իրենց ապաստարանը, կոչվեց Սբ. Մարիանե, իսկ հետագայում դարձավ Շողակաթ, որովհետև Գրիգոր Լուսավորիչը իր տեսիլքում այնտեղ էր կանգնած դիտում երկնքից իջնող լույսի շողերի կաթոցը:
Տրդատ թագավորը ոչ միայն հովանավորեց քրիստոնեական նոր տաճարների շինությունը, այլև արքունի հրովարտակով 301թ-ին քրիստոնեությունը պետական կրոն հռչակեց: Սրտով ու հոգով լուսավորված՝ ժողովուրդը թողեց կուռքերի սնոտի պաշտամունքը, և դարձավ մարդասեր Աստծո ճշմարիտ երկրպագության: Պահք, աղոթք, երկյուղածություն ու սեր. սրանցով էին լցված բոլորը:
Գրիգոր Լուսավորիչը՝ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու, Խոսրովիդուխտի՝ թագավորի քրոջ, նախարարների ու ժողովրդի կամքով ու նախաձեռնությամբ, իշխանների և կուսակալների ուղեկցությամբ, ճանապարհվեց Կապադովկիայի մայրաքաղաք Կեսարիա, ուր նախկինում քրիստոնեական դաստիարակություն էր ստացել, և ձեռնադրվեց որպես Հայոց կաթողիկոս:
Կեսարիայում օծվելուց և ձեռնադրվելուց հետո Լուսավորիչը, իր հետ վերցնելով Սբ. Հովհաննես Մկրտչի մասունքները և այլ սրբազան մասունքներ, վերադարձավ Հայաստան:
Այստեղ, Լուսավորչի նախաձեռնությամբ մեկը մյուսի ետևից քանդվեցին հեթանոսական մեհյանները ու վերափոխվեցին եկեղեցիների:
Բագրևանդ գավառի Արածանիի գետում նորընծա հայրապետը մկրտեց Տրդատ թագավորին, Աշխեն թագուհուն, թագավորի քույր՝ Խոսրովիդուխտին և այլ պալատականների ու զինվորների: Ապա բոլորի հետ ճանապարհվեց դեպի Հայոց մայրաքաղաք՝ Վաղարշապատ, ուր սկսվեց Մայր Տաճարի շինությունը:
Նախ քանդեցին հեթանոսական շրջանի կռապաշտական մեհյանը, որը գտնվում էր այն վայրում, ուր Լուսավորչի տեսիլքի համաձայն, Աստծո Միածին Որդին իջավ և հրեղեն մուրճով հարվածեց:
Այնուհետև Սբ. Գրիգոր Լուսավորիչը եկեղեցական հանդիսավոր արարողությամբ սրբագործեց այդ տեղը, ապա յոթից ութ ամիսների ընթացքում կառուցեցին Մայր տաճար՝ Կաթողիկե եկեղեցին: Թագավորը, թագուհին, նախարարներն ու իշխանները ոչ միայն նվիրատվություններով, այլ անձնապես էին օգնում կառուցման աշխատանքներին:
Տաճարը օծվեց 303 թ-ի օգոստոսի 15-ին Սբ. Աստվածածնի տոնին: Հետագայում այն վերանվանվեց Սբ. Էջմիածին, այսինքն՝ իջավ Միածինը՝ Հիսուս Քրիստոս:
Բացի այդ Սբ. Գրիգորը ձեռնադրեց հարյուրավոր քահանաների ու եպիկոպոսների, որոնք Հայաստանի տարբեր շրջաններում անցան ծառայության, այնուհետև բացեց դպրոցներ՝ երեխաների, պատանիների և անգամ չափահասների համար, քանի որ պետք էր լուսավորել միտքը, որպեսզի լուսավորվեր հոգին:
Սակայն Սբ. Էջմիածնի Մայր տաճարը երկար ժամանակ այդպես կանգուն վիճակում չի մնում: 380 թ-ին կրոնադրուժ Մերուժան Արծրունին պարսկական զորքով մտնում է Հայաստան և ավերում Վաղարշապատի Կաթողիկե Էջմիածնի տաճարը:
Լուսավորչատեսիլ Սբ. Էջմիածինը իբրև Մայր եկեղեցի մնալով իր տեղում, Հայրապետական աթոռը, պատմության ընթացքում հաճախ է փոխում իր նստավայրը:
Հայ պատմագիր Ղազար Փարպեցին իր «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» երկում հայտնում է, որ նստավայրը փոխադրվում է Դվին և այնտեղ միաբանություն է կարգվում, որը անցնում է ոչ միայն հայրապետների, այլև նախարարների ու մարզպանների հովանավորության տակ:
Այսպիսով, տաճարի ավերումից 100 տարի հետո Վահան Մամիկոնյանը պարսից թագավորի հրովարտակով 483թ-ին մարզպան նշանակվելուց հետո հիմնովին վերանորոգում է Մայր Տաճարը: Հետագայում նաև Կոմիտաս կաթողիկոսը փայտյա Կաթողիկեն սրբատաշ քարերով է փոխարինում: Այնուհետև, Ներսես Շինող կաթողիկոսից սկսած մինչև մեր օրերը այն բազմաթիվ անգամ տեղափոխվեց, ավերվեց ու նորից վերակառուցվեց: Իսկ 1441թ-ին հայրապետական աթոռը նորից է փոխադրվում իր պատմական հիմնադրավայրը՝ Սբ. Էջմիածին, ուր և մնում մինչ օրս:
1653թ-ին Փիլիպոս կաթողիկոսը սկսում է կառուցել եկեղեցուն կից գեղեցիկ զարդաքանդակներով եռահարկ մեծ զանգակատունը, որը նրա մահից հետո ավարտում է Փիլիպոսի հաջորդը՝ Հակոբ Ջուղայեցին:
Սբ. Էջմիածնում են պահպանվում բազմաթիվ սրբազան հնություններ ու մասունքներ: Այստեղ է գտնվում այն Սբ. Գեղարդը, որը զինվորներից մեկը խոցեց Քրիստոսի կողը: Այստեղ է պահպանվում նաև Գրիգոր Լուսավորչի, Հակոբ Մծբնայի, առաքյալներ Թադեոսի, Բարդուղիմեոսի Սբ. աջերը: Սբ. Էջմիածինը քրիստոնեության կենտրոն դարձավ 4-րդ դարի սկզբից: Բացի այդ այստեղ իրենց հոգևոր-թարգմանչական գործունեությունն են ծավալել Սբ. Մեսրոպ Մաշտոցն ու Սբ. Սահակ Պարթևը:
Էջմիածնում է զարգացել նաև հայ գրականությունը, փիլիսոփայությունը, աստվածաբանությունը և աստղաբաշխությունը: Այստեղ են պահպանվում նաև գեղարվեստական մեծ արժեք ներկայացնող 13-18 -րդ դդ. հայկական ձեռագրերը:
Ըստ Գրիգոր Լուսավորչին հայտնված տեսիլքի՝ Հայ եկեղեցու հոգևոր բարձրագույն իշխանությունը և աթոռանիստ վայրը տեղակայվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Սբ. Էջմիածինը հայոց հավատի օրրանն ու Սրբություն Սրբոցն է իր կրոնական նվիրականությամբ, պատմական նշանակությամբ ու ազգային կարևորությամբ՝ որպես աստվածային անգին պարգև աշխարհում առաջին քրիստոնյա ժողովրդին։
Կազմեց Կարինե Սուգիկյանը