23 Դեկտեմբեր, Բշ
Դիմացինին դատելու մոլությունը մարդկության պես հին է, և եթե փոքր-ինչ քննենք այս ախտի պատճառները, ապա կտեսնենք, որ սրա արմատները հասնում են մինչև հպարտության և եսասիրության խորքերը:
Աստծունն են դատելն ու պատժելը և դատելով` Աստծո դատաստանն ենք առնում: Այս մասին Ս. Հովհ. Մանդակունին ասում է. «Արդ դու՝ դատվա՛ծդ ու մեղքերով դատապարտվա՛ծդ, չե՞ս սոսկում ու դողում ուրիշի դատաստանը դատելուց, որ ո՛չ թե մարդու արհամարհեցիր ու անարգեցիր, այլ Աստծուն, և հափշտակելով Նրա պատիվն ու իշխանությունը՝ Նրա դատաստանն ես դատում…»: Եթե սատանան՝ հպարտության և մեղքի հայրը, ձգտում էր իր գահը Բարձրյալի գահին հավասար դնել (հմմտ. Եսայի 14:13, 14), այսինքն` իրեն Աստծուն հավասար նկատել, դատողն իրեն ոչ թե Բարձրյալին հավասար է դասում, այլ Նրանից էլ բարձր է նկատում իր անձը, ուստի դատելը գլխապտույտ մի անկում է դեպի մեղքի խորխորատը:
Դիմացինին դատող մարդը հոգածությունից չէ, որ դատում է, այլ սեփական եսասիրությանը հագուրդ տալու ցանկությունից, այսինքն` ենթագիտակցորեն կամ գիտակցորեն նա մտածում է իր անձի մեծարման մասին: Դատելով` մենք ցանկանում ենք դիմացինին ցածրացնելու միջոցով մեր անձը բարձր դիրքում տեսնել, բայց իրականում ավելի ցած ենք ընկնում, քանզի ախտով՝ դատելով, փորձում ենք սրբվել: Այս առիթով հայր Պափնոտիոսն ասում է. «Մի՛ դատիր շնացողին, եթե անգամ դու սուրբ ես, հակառակ դեպքում անօրեն կլինես, քանզի Ով ասաց. «Մի՛ շնացիր», Նա նաև ասաց. «Մի՛ դատիր»:
«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք» (Մատթ 7:1),- պատվիրում է մեր Տերը և ավելացնում. «… Ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու. և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար» (Մատթ. 7:2): Իսկ ինչպե՞ս ենք մենք առհասարակ դատում. մարգարեն ասում է. «Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ, մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված` սրտին» (Ա Թագ. 16:7), այսինքն` ճշմարտության նկատմամբ ունենալով զուտ մակերեսային ըմբռնում` մենք դատում ենք, որով էլ ավելի մեծ մեղքի մեջ ենք ընկնում, քանզի ինքներս արժանի լինելով նախատինքի` նախատում ու դատում ենք մեր ընկերոջը, դատելով՝ պատվիրանազանց լինում և այսքանից հետո ցանկանում ենք, որ դիմացինը պատվիրան պահի:
Ս. Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված նամակում գրում է. ‹‹Ուստի, ո՛վ մարդ, դու, որ դատում ես, չես արդարանալու. այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում. քանի որ դու նույնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան›› (Հռոմ. 2:1): Առաքյալը հստակորեն նշում է` ‹‹չես արդարանալու››: Եթե դիմացինին դատում ես, ուրեմն գիտակցում ես, որ դա մեղք է և մնում ես դրա մեջ: Ահա սարսափելին՝ գիտակցված մեղքը, քանզի դատելով` մենք խոստովանում ենք, որ գիտենք մեղքի մասին, բայց գործերով մնում ենք դրա մեջ: Գուցե մեկը պնդի` ասելով, որ ինչի համար դատում է դիմացինին, ինքը նույնի մեջ չէ: Աստվածային երկյուղով քննելով մեր սրտերը` անպայման ձայնակից կլինենք մեծ Աղոթողին՝ Ս. Գր. Նարեկացուն և կասենք. «Ես եմ համայնը և ամենքինն է պարփակված իմ մեջ»:
Հիրավի մեծ են չդատելու առաքինության պտուղները: Անապատական հայրերի կյանքի պատմություններից մենք ուսանում ենք, որ, օրինակ, չդատելով` մարդ կարող է հասնել երկնքի արքայության շնորհին: Հայր Հովսեփը, ի պատասխան իր աշակերտի տրտունջին, թե չի կարողանում ո՛չ ճգնել, ո՛չ հսկել, ո՛չ չարչարել մարմինն ու գործեր գործել, ասում է. «Պահիր քո միտքը ընկերոջդ դատելուց և մի քննիր որևէ մեկին. դրանով կփրկվես Աստծո կամոք»: Ահա այստեղից կարելի է ասել նաև, որ դատողն անփույթ և երախտամոռ վարք է ցուցաբերում Աստծո շնորհի՝ իր փրկության հանդեպ:
Բայց, այնումենայնիվ, սա չի նշանակում, որ չարիքի դեմ պետք է աչք փակել, այլ ինչպես առաքյալն է ասում. ‹‹Եղբայրնե՛ր, եթե ձեզնից մեկը ինչ-որ հանցանքի մեջ բռնվի հանկարծ, դուք, որ հոգևոր եք, վերահաստատե՛ք նրան հեզության ոգով. զգու՛յշ եղեք ինքներդ ձեր նկատմամբ, որպեսզի դուք էլ փորձության չենթարկվեք։ Միմյանց բեռը կրեցե՛ք և այդպիսով կատարեցե՛ք Քրիստոսի օրենքը։ Եթե մեկը կարծում է, թե ինքը մի բան է, և սակայն չէ, ինքն իրեն է խաբում։ Թող յուրաքանչյուր ոք կշռադատի իր գործը և ապա՝ ինքն իր վրա՛ միայն պարծենա և ոչ թե ընկերոջ հետ համեմատվելով. որովհետև յուրաքանչյուր ոք իր բեռն է կրելու›› (Գաղ. 6:1-5): Այստեղ էլ հանդիպում ենք սիրո անհրաժեշտությանը, քանզի ամեն ինչ համեմվում է սիրով: Ս. Հովհ. Ոսկեբերանն ասում է. «Եթե այնտեղ որտեղ բնությունն է գործում, սեր է պահանջվում, ապա առավել ևս (պահանջվում է) այնտեղ որտեղ բարի տրամադրվածությունն է»: Ահա պարզ է դառնում սահմանագիծը, որտեղ դատելը վերածվում է հոգածության, որտեղ քննադատությունը և հանդիմանությունը վերածվում են թախանձանքի և խնդրանքի՝ սերն է, այն սերը, որ ձգտում է դիմացինին փրկված տեսնել, այն սերը, որը դիմացինի մեղքը որպես իր բեռն է տեսնում և ինքնըստինքյան փորձում է օր առաջ ազատվել դրանից:
Մարդուս մեջ ի բնե կա քննելու և զննելու ձգտումը, բայց որպեսզի մենք չսայթաքենք և ընկնենք դատելու մեղքի մեջ, այդ ձգտումը փոխարինենք սրտացավությամբ և հոգածությամբ առ դիմացինը: Հիշենք, որ դատելով մեր ընկերոջը` մենք մեզ ենք դատում, ուրեմն նախ մաքրվենք մեր ներսի ախտերից, նորոգվենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի սիրով առ մարդկությունը և աղոթենք բոլորի համար: Կեղծ են այն բոլոր խորհուրդները, որոնք հիմնված չեն սիրո և աղոթքի վրա, կեղծ են և մեր ձեռքով մեզ համար լարված որոգայթներ:
Ուստի նախքան որևէ մեկին խորհուրդ տալը` սրտացավորեն աղոթենք նրա համար, քանզի սրտացավ խորհուրդ տվողը նախ աղոթող է գայթածի համար: Աղոթքն էլ իր հերթին դիմացինին դատելու ձգտումից խուսափելու մի միջոց է: Ուստի նախ քննենք ինքներս մեզ, չդատենք, որպեսզի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսից չդատվենք ահեղ ատյանում, քանզի «Կա մե՛կ Օրենսդիր և Դատավոր, որ կարող է փրկել և կործանել. դու ո՞վ ես, որ դատում ես քո մերձավորին» (Հակ. Դ 12): Եվ թող Աստված ողորմի մեզ և մեր անձերը զերծ պահի դատելու մեղքից:
Վաչագան սրկ. Դոխոլյան