Գրքեր

Մեր դժբախտությունները նաև մեր մեղքերի, մեր սխալների հետևանք են...

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Հայ ազգն աշխարհի հնագույն, բայց փոքրաթիվ ազգերից մեկն է: Ինչո՞ւ է նա այսքան փորձությունների միջով անցնում:

Իսկ ո՞վ ասաց, որ հայ ժողովուրդը հատուկ փորձությունների միջով է անցնում: Բոլոր ազգերն էլ ունեն իրենց փորձությունները, բայց Ավետարանում ասվում է. «Ում շատ է տրված, նրանից շատ էլ կուզվի» (Ղուկ. 12.48): Շատ հստակ է. մեզ շատ է տրված, շատ էլ պահանջվում է:

Ինչո՞ւ են անմեղ մանուկները չափահաս մարդկանց վայրագությունների զոհը դառնում:

Պատասխանը և շատ պարզ է, և շատ բարդ, որովհետև չարիքը մտել է աշխարհ և չի խնայում նաև մանուկներին: Ցավոք… Բեթղեհեմի մանուկների կոտորածով դրա անդրադարձը գտնում ենք Ավետարանում, երբ Հերովդեսն իր հիմարության ցասման մեջ հրամայեց կոտորել բոլոր մանուկներին, որպեսզի դրանց մեջ լինի նաև Քրիստոս: Սրա բացատրությունը մտնում է չարի գործունեության թույլտվության շրջանակներում. չարը ժամանակավորապես գործելու հնարավորություն ունի ու երբեմն սրախողխող է անում նաև անմեղ մանուկներին: Սակայն դրանով անմեղ մանուկների կյանքը չի ավարտում, այլ շարունակվում է Երկնքի արքայության մեջ, Տիրոջ գրկում՝ ավելի լուսեղեն ու ավելի զվարթ: Սա՛ է մեր հավատքը և մեր համոզմունքը:

Եղեռնի, երկրաշարժի բովով անցած ազգի զավակը կարող է իրեն ոտնահարված և թերարժեք զգալ, բայց և կարող է հպարտանալ արհավիրքը հաղթահարելու ներքին կամքով, ապրելու, արարելու աստվածատուր շնորհով: Ձեր կարծիքն այս մասին:

Այո, մենք ապրող ազգ ենք, մենք մեռնող ազգ չենք: Ոտնահարված, թերարժեք զգալու խնդիր չկա: Պետք չէ կենտրոնանալ մեր դժբախտությունների վրա. պետք է կենտրոնանալ մեր հաջողությունների, ձեռքբերումների վրա: Մեր դժբախտությունները նաև մեր մեղքերի, մեր սխալների հետևանք են, պակաս հայրենասիրության հետևանք են, պակաս ազգային թասիբության հետևանք են: Սրանք բոլորը պետք է սրբագրել ու առաջ գնալ:

Հայ ժողովրդի պատմության դառն էջերը շարունակ կրկնվում են, որի վառ օրինակն է Ավետիսյանների ընտանիքի եղեռնագործությունը: Քանի դեռ հասարակությունը չի ստացել իր հարցի պատասխանը, թե՝ ինչո՞ւ սա մեզ հետ պատահեց, չենք կարող խուսափել նման ողբերգությունների կրկնությունից: Ձեր մխիթարիչ խոսքն ու պատգամը հայ ժողովրդին:

Եղածն իբրև հանցագործություն՝ հանցագործություն է, պարզապես մասշտաբը և ձևաչափն ընդունելի չեն, դրա համար էլ մեծ ցավով ենք տանում: «Ինչո՞ւ սա պատահեց»-ի մեջ մեր ժողովուրդը ոչ մի մեղավորություն, ոչ մի մեղքի բաժին չունի: Տեղի ունեցածը այնպիսի մի եղեռնագործություն է, որտեղ չես կարող չնկատել սատանայի ներկայությունը և գործունեությունը: Մարդը որքան էլ չարիք նյութի, չի կարող առանց պատճառի քնած մանկանը սպանել. դրան ընդունակ է միայն դևը և սատանան: Ինչ վերաբերում է ընդհանրապես տարվա չարիքներին, որ մեր գլխին գալիս են, այդ մենք ենք այդպես ընդունում, որ դառն չարիքներ են գալիս: Անկեղծորեն եթե նայենք, մասնավոր այդպիսի իրականություն չկա, երբ փորձանքը գալիս է, թեև ինչպես վերևում ասացի՝ ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվում է: Հետևաբար, նման փորձություններից խուսափելու համար (որից, անշուշտ, շատ դժվար է խուսափելը) մեզ անհրաժեշտ է սեր, քրիստոնեական վարքագիծ, հանդուրժողականություն, համբերություն և մնացած բոլոր-բոլոր այն առաքինությունները, որոնք քրիստոնյային քրիստոնյա են դարձնում: Սրա հետ նաև արժանապատիվ կեցվածք, պաշտպանվածություն, մեր երկրին տեր լինելու և տեր մնալու հաստատակամություն: Մեր ժողովուրդն այսպիսի տասնապատիկ եղեռնագործություններ է հանդուրժել (այս բառի կրելու, տոկոնության իմաստով): Սա էլ կտանի և այս ցավին էլ կհաղթի: Ժողովուրդը ցույց տվեց, որ ինքը համբերատար ժողովուրդ է. այս փորձությունը ևս հաղթահարեց: Նման եղեռնագործություններ միշտ ու ամենուրեք էլ կպատահեն, բայց մենք աղոթում ենք, և տա Աստված, որ նման փորձություններ քիչ լինեն: Ես մեր ժողովրդին մաղթում եմ ուժ, կորով, թեև ո՛չ ուժը, ո՛չ կորովը մեր ժողովրդի մոտ երբեք չի պակասել:

Արևիկ Համբարյան

24.01.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․