22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Մեզ պատահած յուրաքանչյուր գայթակղության ամենալավ դեղամիջոցը մեր հարազատների ավելի ծանր փորձություններն են: Միայն պետք է դրանք համեմատել մեզ պատահածի հետ և նրանց միջև եղած մեծ տարբերությունը տեսնել և այն մեծ սերը, որ Աստված է ցույց տվել՝ փոքր փորձություն թույլ տալով մեզ համար: Այդպես վարվելով՝ մենք շնորհակալ կլինենք Նրան, ցավ կապրենք մեր մերձավորի համար, ով ավելի շատ է տառապում, քան մենք և սրտանց կաղոթենք, որպեսզի Աստված օգնի նրան: Օրինակ՝ ոտքս անդամահատել են: «Փա՜ռք Քեզ, Տեր,- կասեմ ես,- որ գոնե մեկ ոտք ունեմ: Չէ՞ որ ուրիշի երկու ոտքն էլ անդամահատված են: Ու եթե նույնիսկ ձեռքերս ու ոտքերս կտրեն, միևնույն է կասեմ. « Փա՜ռք Քեզ, Տեր, որ այդքան տարի քայլել եմ, քանի որ մյուսներն ի ծնե անկարող են շարժվել»:
Լսելով, որ մի ընտանիքի հայր տասնմեկ տարի տառապում է արյունահոսություններից՝ ասացի. «Ո՞վ եմ ես նրա համեմատությամբ: Աշխարհիկ մարդը տասնմեկ տարի տառապում է արյունահոսությունից, միևնույն ժամանակ նա երեխաներ ունի, պետք է առավոտյան արթնանա ու աշխատանքի գնա, այն պարագայում, երբ ես նույնիսկ յոթ տարի չեմ տաջվել այդպիսի արյունահոսություններից*»: Մտածելով ուրիշի մասին, ով այդպիսի տառապանք է կրում՝ չեմ կարող ինձ արդարացնել: Իսկ եթե սկսեմ մտածել այն մասին, որ ես տառապում եմ, իսկ ուրիշներն ուրախ-զվարթ ապրում են, գիշերներն ստիպված եմ ամեն կես ժամը մեկ վեր կենալ, որովհետև աղիքների հետ խնդիր ունեմ և չեմ կարողանում քնել, իսկ ուրիշներն անհոգ քնած են, ապա արդարացնում եմ ինձ, եթե նույնիսկ տրտնջում եմ: Քո՛ւյր, քանի՞ ամիս ես տանջվում հերպեսից**:
- Ութ ամիս, Հա՛յր:
- Տեսնո՞ւմ ես: Աստված մեկին թողնում է, որ երկու ամիս տանջվի այդ հիվանդությունից, մյուսին՝ տասը, երրորդին՝ տասնհինգ: Ես քեզ հասկանում եմ: Դա շատ ցավոտ է: Որոշ մարդիկ հուսահատության են հասնում այդ հիվանդության պատճառով: Բայց եթե աշխարհիկ մարդը մեկ-երկու ամիս հերպեսից տանջվելով և սուր ցավից հուսահատվելով իմանում է, որ հոգևոր մարդն այդ նույն հիվանդությունից արդեն մի ամբողջ տարի է տանջվում և դիմանում է ու չի տրտնջում, ապա միանգամից մխիթարվում է: «Մի տե՜ս է,- ասում է հիվանդը,- Ես երկու ամիս առաջ եմ հիվանդացել և արդեն հուսահատվել եմ, իսկ այդ խեղճն արդեն մի տարի է տանջվում և ոչինչ: Իսկ ես նաև մեղք եմ գործում, այն պարագայում, երբ նա հոգևոր կյանքով է ապրում»: Այսպիսով, այդ մարդուն դեռևս ոչ ոք չի խրատել, իսկ նա արդեն օգնություն է ստանում:
* 1988թ.-ից Հայր Պաիսիոսը մշտական աղիքային արյունահոսություններ ուներ:
** Հերպես (Herpes zoster) – վիրուսային հիվանդություն՝ մաշկի վրա խմբավորված բշտիկներով: Սուր ցավեր և տարատեսակ բարդություններ է առաջացնում օրգանիզմում:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի