«Աշխարհում դուք նեղություն կունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33),- քաջալերում է Քրիստոս Իր հետևորդներին: Մեր Տիրոջ երկրային կյանքը համայն մարդկության համար մարդասիրության մեծագույն օրինակը հանդիսացավ: Փրկչի օրինակի համաձայն՝ մերձավորին օգնության ձեռք մեկնողը ներքին մեծ հաղթանակ է ունենում: Ողջ աշխարհում բազմաթիվ գիտություններ կան, որ ուսումնասիրվում են մարդկանց կողմից, բայց մարդասիրությունը, ըստ եկեղեցու հայրերի, ևս գիտություն է՝ բոլոր մյուս գիտություններից տարբերվող և բարձր համարվող գիտություն:
Դեկտեմբերի 28-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, երկրորդ անգամ այցելեց Միրզոյան ընտանիքին, որ բնակվում է Երևանի Շիրակի 20/23 հասցեում: Սոցիալապես անապահով ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց: Տասներկու տարի է, ինչ ընտանիքի կարիքները փորձում է մասամբ հոգալ ընտանիքի մայրը՝ Սաթենիկ Մարդոյանը (36 տ.), ով իր նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսն ամեն ամիս վճարում է ամուսնու վիրահատության համար վերցրած վարկի արդեն քառապատկված գումարը մարելու համար: Ընտանիքի մայրը նշեց, որ իր աշխատավարձի և սկեսուրի հաշմանդամության գումարները չեն բավարարում անգամ իրենց նվազագույն կարիքները հոգալու համար, միայն էլեկտրաէներգիայի վարձն են վճարում, իսկ մյուս կոմունալ վարձերը չվճարելու պատճառով՝ մեծ պարտքերի և դատարանի առջև են կանգնել: «Ամուսինս տասներկու տարի առաջ ծնոտի և ոտքի կոտրվածքներ է ստացել, տասնմեկ վիրահատություն տարել, սակայն տարեցտարի մեծ բարդություններ են առաջացել նրա մոտ: Այժմ ամուսնուս մոտ թրոմբոզ վիճակ է, և ոտքը սկսել է սևանալ: Այս տարի բժշկասոցիալական փորձաքննությամբ ամուսնուս զրկեցին հաշմանդամության 3-րդ խմբից: Սկեսուրս 2-րդ խմբի հաշմանդամ է, անկողնային հիվանդ, շաքարային դիաբետ ունի, նրա մոտ ևս թրոմբներ են առաջացել, ոտքերը վերքոտվել են՝ գանգրենայի վտանգ ստեղծելով: Գումար չունենալու պատճառով սկեսուրս և ամուսինս չեն կարողանում պարբերաբար բուժումներ անցնել և օր օրի նրանց վիճակն ավելի է վատանում: Շատերին եմ դիմել օգնության, բայց միայն եկեղեցին արձագանքեց, ինչի համար անչափ շնորհակալ եմ Տեր Գրիգորին և աջակից անձին»,- ասաց Սաթենիկը:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար և նրանց հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Ֆրանսիայում բնակվող Քրիստինե Բարսեղյանը:
«Արդ, դուք, որ հնազանդվելով ճշմարտությանը՝ սրբեցիք ձեր անձերը, որպեսզի ապրեք անկեղծ եղբայրասիրությամբ, սիրեցե՛ք միմյանց սրտանց, մաքուր սրտով. որովհետև Աստծո կենդանի և մշտնջենական խոսքով դուք վերստին ծնվեցիք, իբրև զավակները ոչ թե մահկանացու մի ծնողի, այլ անմահի» (Ա Պետրոս 1:22):
Կարինե Սուգիկյան