Մի գիշեր այն տեղանքում, որտեղ մենաստանն էր գտնվում, առատ ձյուն եկավ: Առավոտյան մինչ գոտկատեղ հասնող ձյան միջով աշակերտները հասան ծերի մոտ, ով հարցրեց.
- Դեհ, ասացեք տեսնեմ, թե ինչ է պետք այժմ անել:
Առաջին աշակերտն ասաց.
- Աղոթենք, որպեսզի ձնհալք սկսվի:
Երկրորդն առաջարկեց.
- Պետք է մեր խցերում սպասենք, իսկ ձյունն իր ճանապարհով թող ընթանա:
Երրորդն ասաց.
- Չպետք է անհանգստանանք ու մտահոգվենք այն մասին, թե արդյո՞ք ձյուն կա, թե ոչ:
Ծերը բոլորին լսեց ու ասաց.
- Իսկ այժմ լսեք, թե ես ինչ կասեմ:
Աշակերտները համակ ուշադրություն դարձան, որպեսզի ծերի իմաստուն խոսքից ոչ մի բառ բաց չթողնեն: Իսկ ծերը հոգոց հանելով՝ ասաց.
- Թիակները ձեռքներդ առեք և գնացեք ձյուն մաքրելու:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի