Գրքեր

Մի՛ դատիր

Երբ այգեպանը նկատում է ծառերի վրա չորացած ճյուղերը, դրանք կտրում է, որպեսզի ծառերն ավելի առողջ ու ծաղկուն, բերքառատ դառնան: Նա չի կտրում ծառերը, այլ միայն չոր ճյուղերը: Երբ բարեխիղճ բժիշկը տեսնում է հիվանդ մարդուն, ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի հիվանդն առողջանա: Նա ոչ թե դատում, դատապարտում է հիվանդին, այլ ձեռնամուխ է լինում օգնել, բժշկել: Երբ մարդ տեսնում է որևէ մեկի սխալը, մեղքը, անհրաժեշտ է այդպիսի մոտեցում ցուցաբերել, բայց կարող ենք արձանագրել, թե ինչպես բազմաթիվ քրիստոնյաներ մեր շրջապատում դատում, դատապարտության են մատնում իրենց մերձավորների արարքները` կամա, թե ակամա ներկայանալով իբրև արդարադատության խոսնակներ, իսկ գուցե, մենք ևս չենք առանձանանում այդպիսին լինելուց: Երբ որևէ մեկի մեղքը տեսնում ես և դատում` քո անձը վեր դասելով նրանից, արդեն սխալ ճանապարհով ես ընթանում: Իսկ երբ քննում ես` օգնելու, աջակցելու, ի սրտե բարին կամենալու մտադրությամբ, նմանվում ես այն մարդուն, ով ընկածի մոտով անտարբեր չի անցնում և ոչ էլ հարվածում է, այլ օգնում է նրան կանգնել՝ ցույց տալով իր եղբայրական սերն ու հոգատարությունը: Երբ նայենք դեպի մեր միտքն ու սիրտը, կտեսնենք, թե մեր հոգու ներսում հանդես ենք գալիս դատավորի՞, թե՞ Ավետարանի բարի սամարացու առակի կամեցող ու օգնության հասնող մարդու դիտանկյունից: Երբ անհատը սկսում է դատել ուրիշներին, իր հոգու ներսում իր դատողությունների կարկուտն է գալիս, որն ավերում է իր հոգու դրախտն ու պայծառությունը, իսկ երբ միաժամանակ սիրով ու արդարությամբ է մոտենում, նրա հոգու ներսում գարնան ծաղկունքն է հարատևում: Ինչո՞ւ շատ քրիստոնյաներ չեն կարողանում ազատագրվել դատելու սովորույթից, թեև կարդում են Ավետարանում` մի´ դատեք, որ Աստծուց չդատվեք: Նախ, հարցը նրանում է, թե անձն ինչ հիմնասյուների վրա է կառուցում իր հավատքը: Եթե այն տրամախոհության, օրենքի, արտաքին երևույթների վրա է հիմնված, ապա անհույս է ազատվել դատելու սովորույթից, իսկ եթե նրա հավատքն աստվածային սիրո և հոգևոր խոնարհության հիմնասյուների վրա է վերընձյուղված` դատելու և դատաստան տեսնելու սովորույթն անէանում է և անհետանում: Այս առումով ընկալում ես, թե ինչ չափով է քո ներսում գործում սերն ու խոնարհությունը, այսինքն` այնքանով, որքանով շարունակ դատում կամ չես դատում ուրիշիների արարքներն ու քայլերը: Հիշարժան է սբ. Մակար Մեծին հանդիպած հրեշտակի պատասխանը, թե քեզանից ավելի մեծն էլ կա: Նկատենք, որ հրեշտակն ասում է սբ. Մակարին, ով իր սրբությամբ և առաքինությունների առատությամբ հասել էր Մեծ անվանը, և հրեշտակը նրան առաջնորդում է երկու հավատացյալ կանանց մոտ, ովքեր ճգնավորի նման սխրանքներ չէին գործում և ոչ էլ աստվածաբանության խորունկ գիտակներ էին, այլ ապրում էին պարզ ու հասարակ կյանքով: Սակայն ինչո՞վ էին առանձնանում այս կանայք, որ այդքան մեծ էին համարվում Երկնային Նախախնամության համար: Նրանով, որ նրանք չէին դատում մյուսներին, հաշտ ու խաղաղ ապրում էին կողք-կողքի` լինելով աստվածային օրհնության լույսի բարեհաճության մեջ: Արդ, ինչ երանելի են նրանք, ովքեր կարողանում են ազատվել դատելու վնասակար սովորույթից` լցվելով Աստծո սիրո և խոնարհության անսահման լույսով և կյանքով: Հետաքրքրական են սրբակյաց Հայր Ղուկաս Ղրիմեցու դիտարկումներն այս խնդրի շուրջ: Նա նշում է` մի՞թե մեր Տեր Հիսուս Քրիստոս արգելում է ասել, թե ցանկասերը մեղք է գործում, արդյո՞ք արգելում է ասել, թե մարդասպանը, գողը, ավազակն արժանի են դատապարտության: Ո´չ, Տերն այս ամենը չի արգելում ասել: Մեր Տեր Հիսուս Քրիստոս այլ իրողություն է արգելում: Նա արգելում է այն, ինչի մասին խոսում է նաև Պողոս առաքյալը «Դու ինչո՞ւ ես դատում քո եղբորը, կամ ինչպե՞ս ես արհամարհում քո եղբորը, քանի որ բոլորս էլ կանգնելու ենք Քրիստոսի ատյանի առաջ» (Հռ. 14.10): Սբ. Պողոս առաքյալը վճռական կերպով արգելում է դատաստան տեսնել եղբոր հանդեպ: Բայց նա Տիմոթեոսին ասում է. «Եվ դու քարոզի՛ր Աստծու խոսքը, շարունակ հայտարարիր այն, ժամանակին լինի, թե տարաժամ, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր՝ կատարյալ համբերատարությամբ ուսուցանելով» (Բ Տիմ. 4.2): «Իսկ մեղանչողներին հանդիմանի՛ր բոլորի առաջ, որպեսզի մյուսներն էլ վախենան» (Ա Տիմ. 5.20): Մատթեոսի 23-րդ գլխում Հիսուս Քրիստոս բավական խիստ կերպով խոսում է դպիրների և փարիսեցիների մասին` նրանց ասելով կեղծավորներ. «Վա՜յ ձեզ կեղծավորներիդ՝ օրենսգետներիդ և փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում և մտնողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն» (Մատթ. 23.13-15): Մի՞թե այստեղ առկա է հակասություն, ինչպես ոմանց է թվում, երբ Մատթեոսի Ավետարանի 7-րդ գլխում Հիսուս ասում է` մի՛ դատեք: Բնականաբար Հիսուս Քրիստոսի խոսքերում հակասություն չի կարող լինել, այլ պետք է ուշադրություն դարձնել, թե Հիսուս ինչ է շարունակում նշել, երբ ասում է` մի՛ դատեք: Նա շարունակում է. «Ինչո՞ւ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում կամ ինչպե՞ս քո եղբորն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շյուղը քո աչքից, և ահա քո աչքում գերան կա։ Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Մատթ. 7.3-5): Սա նշանակում է, որ Հիսուս Քրիստոս արգելում է լինել խիստ դատավորներ մեր եղբայրների հանդեպ: Արգելում է լինել այնպիսին, ինչպիսին սովորաբար լինում ենք, այսինքն` մեր մեղքերը չենք նկատում, սակայն մեր եղբոր փոքր մեղքն արագ նկատում ենք և նրան դատում ենք դրա համար: Մենք, որ մեղքերով ծածկված ենք, դատում ենք մեր եղբայրներին, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք փոքր մեղքեր են գործում: Մենք չափազանց ուշադիր ենք մեր մերձավորների մեղքերի հանդեպ` չնկատելով մեր աչքի միջի գերանը: Այդպես էր նաև հին ժամանակներում. դպիրները, փարիսեցիները, իրենց իմաստուն համարող հրեաները խիստ դատապարտում էին Հիսուսին և նրա առաքյալներին, որ նրանք չեն պահում շաբաթը, անլվա ձեռքերով հաց են ուտում, մեղավորների հետ են շփվում, բայց միևնույն ժամանակ չէին նկատում այն լրջագույն մեղքերը, որոնց մեջ իրենք էին և որոնց համար Տերը նրանց խստորեն հանդիմանում էր: Մի՞թե անհրաժեշտ է լռել, երբ մեր եղբայրը մեղքի մեջ է և մեղք է գործում, մի՞թե  պետք է հանգիստ, անտարբեր և լուռ նայենք, թե մարդիկ ինչպես են մեղք գործում: Անշուշտ, ո´չ, մենք պետք է հասկանանք հանդիմանության և դատապարտության տարբերությունը: Մենք վատ ենք վերաբերվում մեր մերձավորներին իրենց մեղքերի պատճառով: Տեսնում ենք, թե ինչպես են մեղանչում և չարամտորեն դառնում ենք նրանց դատավորները: Ահա, այդպիսի մոտեցումն է արգելում Տերը: Մենք պետք է այլ կերպ վարվենք: Չպետք է լռենք, պիտի հանդիմանենք, բայց առանց չարամտության և ոխակալության: Հանդիմանությունը պիտի լինի հեզությամբ, սիրով, այն մտայնությամբ ու ցանկությամբ, որ սխալ գործողը, մեղանչողը փոխվի դեպի բարին: Այդպես վարվում են նրանք, որոնց աչքերում գերաններ չկան: Այդպես վարվում են մաքուր սիրտ ունեցող մարդիկ: Հեզությամբ և խաղաղությամբ նրանք հորդորում են մեղանչողներին հեռու մնալ մեղքերից: Ահա այդպիսին պիտի լինի հանդիմանությունը, այն դատապարություն չէ: Այն փափագ է այդ մարդկանց հոգիների փրկությունը տեսնել, ցանկություն է նրանց ուղղել դեպի ճշմարիտ ճանապարհը, սակայն առանց բռնության և դատապարտության: Դա պատվիրանների կատարում է: Բայց մեր առաջին և ամենակարևոր պարտականությունն է տեսնել և նկատել մեր մեղքերը, դրանք քննել և դրանցից ազատվել, ուղղվել, ձգտել հոգեղեն մարդու լիակատար կյանքով ապրել: Իսկ մեր եղբոր աչքի միջի շյուղի համար պետք է լինենք համբերատար: Այդ դեպքում Տերն էլ համբերատար կլինի մեր հանդեպ: Մենք դատում ենք, որովհետև մեզ չենք տեսնում: Երբ բացվեն մեր հոգևոր աչքերը, այլևս չենք դատի ուրիշներին, որովհետև ժամանակ չենք ունենա ուրիշների սխալները տեսնելու, այլ զբաղված կլինենք մեր բազմաթիվ սխալներն ուղղելով և Աստծուն ավելի մոտենալով: Սրբակյաց Հայր Ղուկաս Ղրիմեցին նշում է, որ հնարավոր է մերձավորների մեղքերը դատել տարբեր կերպերով, այսինքն` քինախնդրությամբ ու չարամտորեն դատապարտել, կամ էլ` սիրով ու հեզությամբ հանդիմանել: Ահա թե ինչու է Հիսուս Քրիստոս ասում, թե ինչ դատով, որ դատապարտեք, այդպես էլ դուք կդատվեք, հատկապես Ահեղ Դատաստանի ժամանակ: Եթե մենք վարվենք այնպես, ինչպես Հիսուս է պատգամում, մենք էլ Ահեղ Դատաստանի ժամանակ կարժանանք Քրիստոսի սիրուն և թողությանը: Եթե հեզությամբ, սիրով և բարի մտադրությամբ ենք մոտենում մարդկանց մեղքերին, այդպես էլ Տերը կմոտենա մեր մեղքերին` թողություն տալով և բացահայտելով մեր նկատմամբ Իր անսահման սիրո լույսը:

 

 

Հովհաննես սրկ. Մանուկյան

06.03.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․