Մարդիկ այսօր պարզ կյանքով չեն ապրում: Այդ պատճառով էլ նրանց ուշադրությունը շատ է շեղվում: Նրանք միանգամից շատ բան են ձեռնարկում և թաղվում են բազմաթիվ հոգսերի մեջ: Իսկ ես նախ մեկ կամ երկու գործ եմ ավարտում և հետո միայն սկսում եմ ուրիշ գործերի մասին մտածել: Երբեք միանգամից շատ գործ չեմ ձեռնարկում: Այժմ ինչ-որ մի բանի մասին եմ մտածում: Առաջինն ավարտելով՝ կսկսեմ երկրորդի մասին մտածել: Որովհետև եթե առաջինը չավարտած, երկրորդը սկսեմ՝ հանգիստ չեմ ունենա: Մարդ գլուխը կորցնում է, երբ միաժամանակ շատ գործեր է ձեռնարկում: Նույնիսկ ուղղակի [միաժամանակ] այդ բոլոր գործերի մասին մտածելն արդեն իսկ շիզոֆրենիայի է հասցնում:
Մի անգամ հոգեկան խանգարումով մի երիտասարդ եկավ իմ խուց: Նա վստահեցնում էր, որ իր ծնողներից ժառանգականորեն իրեն փոխանցված ինչ-որ զգայունություն ունի: «Ի՞նչ ժառանգականության մասին ես խոսում,- ասացի նրան,- նախևառաջ քեզ հանգիստ է պետք: Հետո ուսումդ ավարտիր: Դրանից հետո բանակում ծառայիր, իսկ այնուհետև փորձիր աշխատանքի տեղավորվել»: Խեղճը լսեց խորհուրդներս և իր ճանապարհը գտավ: Նույն կերպ էլ մարդիկ իրենք իրենց են գտնում:
- Հա՛յր, ես էլ եմ աշխատանքից արագ հոգնում և չեմ կարողանում հասկանալ, թե պատճառը որն է:
- Քեզ համբերությունն է պակասում: Իսկ անհամբերությանդ պատճառը միանգամից շատ բանի լծվելու մեջ է: Դու ուժերդ ցրիվ ես տալիս տարբեր ուղղություններով և ուժասպառ ես լինում: Իսկ դա քեզ ջղագրգիռ վիճակի է հասցնում, որովհետև նախանձախնդրություն ունես և սիրտդ ցավում է գործի համար:
Երբ ես ընդհանրական մենաստանում էի ապրում, ինձ հանձնարարել էին ատաղձագործական արհեստանոցում աշխատել: Աշխատանքի պատասխանատուն ուրիշ ատաղձագործ էր՝ ծեր վանական հայր Իսիդորը: Խեղճը մի կաթիլ համբերություն չուներ: Ասենք, սկսում էր պատուհան պատրաստել, հետո նյարդայնանում էր, մի կողմ էր դնում պատուհանն ու սկսում դռները պատրաստել: Հետո նորից էր նյարդայնանում, մի կողմ էր նետում դռներն ու բարձրանում էր տանիքը վերանորոգելու: Այսպիսով ոչինչ մինչև վերջ չէր հասցնում, կիսատ էր թողնում: Տախտակների մի մասը կորցնում էր, մյուսները սխալ էր սղոցում… Ահա՛ այսպես մարդն իրեն տանջում է, տանջում և ոչնչի չի հասնում:
Իսկ այնպիսի մարդիկ էլ կան, որոնց ուժերը սահմանափակ են, նրանք մեկ-երկու գործից ավել չեն կարող կատարել: Բայց միևնույն ժամանակ շատ բան են ձեռնարկում, բազմաթիվ հոգսերի մեջ են խճճվում, ոչ մի բան ինչպես հարկն է չեն անում և դեռ ուրիշներին էլ են խառնում իրենց հոգսերի մեջ: Հնարավորինս պետք է ձգտել մեկ-երկու գործից ավելին չձեռնարկել, դրանք ինչպես հարկն է ավարտին հասցնել և դրանից հետո, թարմ ուղեղով, նոր բան ձեռնարկել: Որովհետև եթե միտքդ ցրվի, ապա ինչպե՞ս պիտի կարողանաս հոգևոր կյանք վարել: Ինչպե՞ս կկարողանաս Քրիստոսի մասին հիշել:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի