Միասնական աղոթք Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար

Ապրիլի 4-ին, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար կատարվեց միասնական աղոթք:

Արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Աղոթքին մասնակցում էին նաև Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ ու միաբաններ, հազարավոր հավատավոր հայորդիներ:

Եկեղեցականների թափորը, որի մեջ էին ընդգրկված նաև զինվորականներ, տաճարի մուտքից, «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո, Ամենայն Հայոց Հայրապետին առաջնորդեց դեպի խորան: Այդ ընթացքում ներկա ժողովուրդը ծափողջույններով դիմավորեց Հայրապետական թափորին մասնակից հայրենյաց պաշտպաններին:

Այնուհետև կատարվեց մաղթանք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անսասանություն և խաղաղության համար, որի ընթացքում Նորին Սրբությունը ծնրադիր աղոթեց` հայցելով Երկնավորից. «Եւ արդ` մեք ամենեքեան խոնարհեալ անկանիմք առաջի Քո եւ հայցեմք յամենառատ ողորմութենէդ Քումմէ, Տեր Աստուած մեր, զի պահեսցես եւ պահպանեսցես զՀանրապետութիւնք Հայաստան և Արցախ աշխարհաց ի խաղաղութեան, ի բարօրութեան եւ յանսասանութեան…»:

Հոգևոր դասը նաև առ Աստված աղոթք բարձրացրեց մարտերում և սահմանամերձ բնակավայրերում զոհվածների հոգիների հանգստության համար:

Վերջում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց արարողությանը մասնակից ժողովրդին:

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՂՈԹՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

 

Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության,

Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Այսօր համախմբվել ենք միասնաբար աղոթք բարձրացնելու մեր երկրի ու մեր ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի, հայրենյաց սահմանները պաշտպանող հայոց բանակի հրամանատարների և զինվորների անվտանգ ու հաղթական ծառայության համար:

Ադրբեջանի կողմից այս օրերին սանձազերծված ռազմական գործողություններին մեր բանակի քաջարի զինվորները դիմակայեցին անձնուրաց կերպով՝ ծանր մարտերում ետ մղելով հակառակորդին և պատճառելով զգալի կորուստներ: Մեր ողջ ժողովուրդը հայրենասիրության ու ազգասիրության զորեղ զգացումով ինքնաբուխ զորաշարժ սկսեց: Կամավորական խմբերը ելան մեր բանակի արիասիրտ զինվորների հետ վճռականորեն և ամենայն հանձնառությամբ պաշտպանելու հայրենի երկիրն ու սրբությունները, ազատ կյանքի արդար իրավունքը Արցախի մեր ժողովրդի: Թեպետ իրավիճակը Արցախի սահմաններում մնում է լարված, բայց հայրենյաց պաշտպան մեր զավակները շարունակում են արժանի հակահարված տալ հակառակորդին: Այսօր քաջալեր են մեր հոգիները տեսնելով մեր բանակի մարտունակությունը, ազգիս զավակների ազնվասիրտ նվիրումն ու խիզախությունը:

Ադրբեջանի կողմից հրադադարի անընդմեջ խախտումները, դիվերսիոն գործողությունները, սահմանամերձ բնակավայրերի պարբերական գնդակոծությունները, որոնց հավելվեց և այս օրերի ոճրագործությունը, վկայում և փաստում են, որ Ադրբեջանը ցանկանում է ղարաբաղյան խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Թշնամու սանձազերծած պատերազմական գործողությունների հիմնական զսպիչ ուժը, արդարև, մեր բանակի հզոր պաշտպանությունն է, նաև միջազգային հանրության անդար և օբյեկտիվ գնահատականը Ադրբեջանի ռազմատենչ, անընդունելի և դատապարտելի վարքագծին, որը մեր ժողովրդի իրավացի սպասումն է:

Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, հետևորդ աստվածապատվեր խաղաղության ու համերաշխության, նախանձախնդիր՝ աստվածաշնորհ ազատության: Հայրենիքի խաղաղությունը, ազգի ազատ կյանքի պաշտպանությունը սրբազան առաքելություն է մեզ համար: Մեր ժողովուրդը, որ իր պատմության ընթացքում օրհասական վտանգների դեմ համախումբ, իր հավատքի ուժով և ոգու արիությամբ բազում հաղթանակներ է կերտել, այսօր ևս նույն հանձնառությամբ հերոսաբար կանգնած է ընդդեմ վայրագությունների ու բռնությունների, ընդդեմ պարտադրված պատերազմի՝ վերահաստատելու համար խաղաղությունը: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականները նույնպես մարտնչող մեր զինվորների կողքին են՝ հավատքով զորացնելով ու քաջալերելով մեր հայրենյաց պաշտպաններին և աղոթելով, որ միշտ հաղթական լինի բազուկը հայ զինվորի:

Մեր աղոթքը, օրհնությունը և զորակցությունն ենք բերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ՀՀ իշխանություններին, մեր քաջարի հրամանատարներին ու զինվորներին, որ նախանձախնդիր ջանքեր են ներդնում հայրենի մեր երկրի ապահովությունն ու անվտանգությունը պահպանելու, Հայրենիքը պաշտպանելու, խաղաղությունը վերահաստատելու համար:

Աղոթք ենք բարձրացնում մարտերում և սահմանամերձ բնակավայրերում զոհված մեր ժողովրդի զավակների՝ զինվորների և խաղաղ բնակիչների հոգիների հանգստության և երկնային լուսեղեն օթևաններում բնակության համար՝ Մեր վշտակցությունը բերելով զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար:

Աղոթք ենք վերառաքում առ Աստված աշխարհի և մեր հայրենիքի խաղաղության համար՝ հայցելով, որ մեր ժողովուրդը հավատքով և արի ոգով հաղթահարի նաև այս դժվարություններն ու մարտահրավերները` շարունակելով հզորացնել մեր հայրենիքը, շենացնել ազգային մեր կյանքը ի սփյուռս աշխարհի:

Թող Տիրոջ Ամենազոր Սուրբ Աջը ամենայն ժամ զորակից ու պահապան լինի մեր ժողովրդին, հայրենյաց պաշտպան մեր խիզախ զինվորներին: Հավետ կեցցեն մեր քաջ զինվորները, փառք ու պատիվ հայոց բանակին:

 

Ամենազոր Աստված և Թագավոր Հավիտենից

անսասան և անպարտելի պահիր Քո ժողովրդին և հայոց աշխարհը:

Կյանքի աղբյուր, խաղաղության պարգևիչ և Քո ծառաների զորացուցիչ,

խաղաղ կյանք պարգևիր հայրենի մեր երկրին

և զորացրու թշնամիների դեմ պատերազմում

ի փառս Քո Սուրբ անվան:

04.04.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․