Միասնական աղոթք՝ հանուն հայրենիքի

Սեպտեմբերի 19-ին՝ Անկախության տոնին ընդառաջ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից տասը տղամարդիկ, հանուն հայրենիքի խաղաղության և անսասանության, ուխտագնացության մեկնեցին Սևանավանք: Ուխտավորները, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի ուխտավայր:

Հայ եկեղեցու առաջին հայրապետի՝ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնադրված վանքի Ս. Առաքելոց եկեղեցում ուխտավորները մասնակից եղան Ս. Պատարագի: Ուխտավորների միասնական աղերսն էր առ Աստված, որ Տերն Իր ամենազոր Աջով պահապան լինի Հայոց ազգին, խաղաղության մեջ պահի հայրենիքի սահմանները, և որ յուրաքանչյուր հայորդի, բարձր գնահատելով Հայոց աշխարհին շնորհված Աստծու պարգևը՝ անկախությունը,  հոգենորոգման ճանապարհով ապրի և գործի՝ որպես Մայր հայրենիքի և Մայր եկեղեցու նվիրյալ զավակ: 

Քրիստոնյա լինել՝ նշանակում է Քրիստոսի Մարմինը կազմող եկեղեցու համայնքի անդամ լինել: Համայնքային կյանքում հատուկ զորություն ու նշանակություն ունի միասնական աղոթքը, որը միավորում է մեծ ընտանիքի անդամներին Ս. Պատարագի, ժամերգություների և ուխտագնացությունների ժամանակ: Մեր Տեր Հիսուս Քրիստոս Ինքն ընդհանրական աղոթքի օրինակը տվեց՝ աղոթելով ոչ միայն միայնության մեջ, այլև մարդկանց առջև (Հովհ. 11:41) և Իր աշակերտների մեջ (Հովհաննես 17): Իր երեքամյա քարոզչության ընթացքում վերջին Զատիկը Նա նշեց Երուսաղեմում՝ մասնակից լինելով ընդհանրական աղոթքին (Հովհ. 12:27-28):

Քրիստոնյա հայորդիների համար կարևոր օրինակ է Գարեգին Նժդեհի կյանքը, որի համար ամենից առաջ և գլխավորապես դրական իդեալը Աստված էր և հայրենիքը. «Հավատքի և պաշտամունքի համար առաջին տեղերը հատկացված են եղել Աստծուն և հայրենիքիս: Հայաստանն է եղել երկրավոր սրբազնագույնն ինձ համար: Շնչել, ապրել եմ նրանով՝ միշտ պատրաստ տառապելու, զոհաբերելու և մեռնելու նրա համար: Դա է եղել իմ սրբազան ցավը, կարոտը, ուրախությունը, իմ գոյության իմաստը, իմ անմահությունը, իմ գերագույն իրավունքն ու պարտականությունը…»:

 

Կարինե Սուգիկյան

 

24.09.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․