Սեպտեմբերի 14-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Կոտայքի և Արագածոտնի թեմի սրբավայրեր: Առաջին սրբավայրերը, ուր այցելեցին ուխտավորները, Եղվարդի Ս. Աստվածածին (14-րդ դ.) և Ս. Սարգիս (21-րդ դ.) եկեղեցիներն էին: Ամեն սրբավայրում համայնքի միասնական աղոթքն ուղղված էր հայրենիքի խաղաղությանն ու անվտանգությանը: Կոտայքի թեմի վերջին սրբավայրը, ուր աղոթական ներկայություն ունեցան ուխտավորները, Եղվարդում հինգերորդ դարում կառուցված խոնարհված սրբավայրն էր:
Այնուհետև ուխտավորներն ուղևորվեցին Աստվածընկալի վանական համալիր (4-րդ դ.), որ կազմված է Ս. Աստվածածին և Ս. Նշան եկեղեցիներից: Հնագույն վանական համալիրում ուխտավորները, Ս. Աստվածածնի բարեխոսությանը դիմելով, խնդրեցին, որ Տերն Իր սուրբ և պատվական Խաչի նշանով հալածի երևելի և աներևույթ թշնամիներին ու պահպանի Հայոց ազգը չարի փորձանքներից:
Ուխտավորների աղոթքի ուղին ավարտվեց Եղիպատրուշի Ս. Աստվածածին եկեղեցում (13-րդ դ.): Այս սրբավայրում ևս ուխտավորները, Տեր հոր գլխավորությամբ, Աստվածամոր բարեխոսությանը դիմեցին և Տիրոջ օրհնությունն ու օգնությունը հայցեցին Հայոց բանակի քաջարի զինվորների համար, որպեսզի Տերն ամուր պահի նրանց հաղթական հավատքն ու ոգին։ Միասնական աղոթքի ավարտին ուխտավորները ճաշակեցին սիրո ճաշը՝ մատաղը, որ որպես ընծա Աստծուն էր մատուցել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Վարդան դպիր Հովհաննիսյանը, ով Եղիպատրուշի Ս. Աստվածածին եկեղեցու այս տարվա խաչքավորն է:
«Եթե երկրի վրա ձեզնից երկու հոգի միաբանվեն որևէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, իմ երկնավոր Հայրը կկատարի դա. որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթ. 18: 20),- ասում է Քրիստոս: Անհատական աղոթքի կարևորությունից զատ Քրիստոս իր հետևորդների ուշադրությունն ուղղեց հոգևորականի առաջնորդությամբ ընդհանրական աղոթքին: Ս. Բարսեղ Մեծը, մեջբերելով Տիրոջ խոստումը, թե՝ ով սիրում է Ինձ, կգործադրի Իմ խոսքերը, Իմ Հայրն էլ կսիրի նրան, և Ես ու Իմ Հայրը կգանք նրա մոտ և կբնակվենք նրա հետ (Հովհ. 14:23): Ինչպես պատվիրանապահների սրտում է Աստված բնակվում, այնպես էլ Նրա անունով հավաքվածների մեջ է Տերը:
Մինչ Պետրոս առաքյալը բանտում էր՝ հսկողության ներքո, Եկեղեցին նրա համար անդադար աղոթում էր: Եկեղեցու միասնական ու ջանադիր աղոթքն անմիջապես հասավ Աստծու գահը, և Տերն Իր հրեշտակին ուղարկեց, որը հրաշքով բանտից ազատեց առաքյալին, ում ցանկանում էր Հերովդեսը սպանել: Բանտում գտնվող Պողոս և Շիղա առաքյալների միասնական աղոթքին ի պատասխան, Տերը նրանց երկնային հրաշագործ զորություն ուղարկեց. հանկարծ տեղի ունեցավ այնպիսի ուժեղ մի երկրաշարժ, որ բանտի հիմքերը սասանվեցին: Նույն վայրկյանին բոլոր դռները բացվեցին, և բոլորի կապանքները քանդվեցին (Գործ. 12:5–11; 16:24–26): Եկեղեցու հայրերից սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Դու այնքան արագ լսելի չես լինի, եթե մենակ աղոթես, որքան, որ աղոթես քո եղբայրների հետ, քանի որ այնտեղ՝ եկեղեցում, կա ավելին՝ համախոհություն, սիրո միություն և հոգևորականների աղոթք: Ընդհանրական աղոթքի ժամանակ ոչ միայն մարդիկ են իրենց աղոթքն առ Տեր ուղղում, այլ նաև հրեշտակները»:
Կարինե Սուգիկյան