23 Դեկտեմբեր, Բշ
Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանում մեկնարկեց «Եկեղեցի եւ պետութիւն Կիլիկեան Հայաստանում (հայեացք ներսից եւ դրսից)» միջազգային գիտաժողովը` նուիրուած Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Գարեգին Ա Յովսէփեանցի ծննդեան 150-ամեակին:
Եռօրեայ գիտաժողովը կազմակերպուել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի եւ ՀՀ ԿԳՆ Գիտութեան պետական կոմիտէի համատեղ ջանքերով: Գիտաժողովին մասնակցում են 23 գիտնականներ Հայաստանից եւ արտերկրից:
Գիտաժողովը բացուեց Մայր Աթոռի Հրատարակչական եւ Պաշտօնական մամուլի բաժինների տնօրէն Հոգեշնորհ Տ. Շահէ վարդապետ Անանեանի խօսքով: Առաջին նիստը նախագահեցին դոկտոր, պրոֆէսոր Կլոդ Մութաֆեանը եւ ԵՊՀ Պատմութեան ֆակուլտետի Հայ արուեստի պատմութեան եւ տեսութեան ամբիոնի վարիչ արուեստագիտութեան դոկտոր, պրոֆէսոր Լեւոն Չուգասզեանը:
Նիստի ընթացքում զեկոյցներով հանդէս եկան Հայր Աթանաս Շառլ Ռենուն («Երգ երգոցի մի ընթերցում Կիլիկեան ճաշոցում»), ԵՊՀ Աստուածաբանութեան ֆակուլտետի դեկանի տեղակալ պ.գ.թ. Արամ Յովհաննիսեանը («Կիլիկեան Հայաստանի եւ Իկոնիայի սուլթանութեան յարաբերութիւնների պատմութիւնից (ԺԳ դարի 40-ական թուականներ)»), ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտից պ.գ.թ. Վահէ Թորոսեանը («Թագադրման ծէսը Կիլիկիայի հայկական թագաւորութիւնում»), Գերմանիայից դոկտոր Փիթեր Հալֆթերը («Եկեղեցական միութեան վերականգնման փորձեր Հայաստանի եւ Հռոմի միջեւ») եւ ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտից պ.գ.թ., դոցենտ Դաւիթ Թինոյեանը («Հեթում Ա-ի հոգեւոր եւ աշխարհիկ գործունէութիւնը»):
Երկրորդ նիստի համանախագահներն էին պ.գ.դ. Ազատ Բոզոյեանը եւ դոկտոր Փիթեր Հալֆթերը: Նիստին իրենց զեկոյցները ներկայացրեցին արուեստագիտութեան դոկտոր, պրոֆէսոր Լեւոն Չուգասզեանը («Թորօս Ռոսլինի նկարազարդած ձեռագրերի փորձութիւններն ու փրկութիւնը»), ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտից պ.գ.թ. Զոհրապ Գեւորգեանը («Անանուն ջենովացու պօէմը եւ Հեթում Պատմիչի «Ժամանակագրութիւնը» Այասի ափերին 1294 թ. Տեղի ունեցած Վենետայ-ջենովական ծովամարտի մասին») եւ ԵՊՀ Հայ արուեստի պատմութեան եւ տեսութեան ամբիոնից Էմմա Չուգասզեանը («13-րդ դարի Կիլիկիայի հայկական մանրանկարչութիւնը եւ իտալական արուեստը»):