Պատմեց մեկը, թե մի անգամ փիլիսոփաներից ոմանք կամենում էին փորձել մենակյացներին: Մինչ մենակյացներից մեկն անցնում էր՝ ազնվակերպ հագնված, նրան ասացին. «Ե՛կ այստեղ, մենակյա՛ց, իսկ նա բարկացած և թշնամացած նրանց հանդեպ, անցավ-գնաց: Անցավ դարձյալ ոմն ծեր լիբիացի, որը հին զգեստներ էր հագած, և նրան ասացին. «Դո՛ւ, չար մենակյա՛ց, ե՛կ այստեղ»: Երբ ծերը փութով մոտ գնաց, նրան ապտակեցին, իսկ սա մյուս այտը դեմ տվեց: Փիլիսոփաները, վեր կենալով, երկրպագեցին նրան՝ ասելով. «Ճշմարիտ մենակյացն ահա սա է»: Իրենց մեջ նստեցրին նրան և ասացին. «Դուք ի՞նչ եք անում մեզնից առավել. եթե դուք պահում եք, մենք էլ ենք պահում, եթե հսկում եք, մենք էլ ենք հսկում, և ինչ որ դուք եք անում՝ անում ենք և մենք: Արդ, ի՞նչ ունեք առավել, քան մենք»: Ծերն ասաց. «Մենք մեր միտքը պահում ենք»: Փիլիսոփաները նրան ասացին. «Մենք այդ չենք կարող անել»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016