22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Ցաւօք միշտ չէ, որ յղիութիւնն ընթանում է հարթ: Հնարաւոր են այլազան բարդութիւններ, որոնք առաջացնում են ակամայ կամ բնական վիժում: Պատճառները տարբեր են՝ արգանդի խախտումներ, յաւելումների բորբոքում, ուռուցք, պտղի թերզարգացում, որովայնի վնասուածք, թունաւորում, ֆիզիկական ուժեղ ցաւեր, հոգեկան ապրումներ եւ այլն։ Շատերը մտահոգուած հարցնում են, թէ ո՞րն է յետագայ վիճակն այն մահածինների, որոնք մնացին չմկրտուած: Այն նորածիններին, ովքեր մահացան չմկրտուած, դեռ չի կարելի համարել փրկութիւնից զուրկ: Տէրն ասաց Աբրահամին. «Լինելու եմ քո եւ քեզնից յետոյ գալիք սերունդների Աստուածը» (Ծննդ. 17, 7)։ Եթէ Աստուած նոր ուխտ է կնքել քրիստոնեաների հետ, ուրեմն հնարաւո՞ր է արդեօք մտածել, թէ Նա գալիք աշխարհում պէտք է մերժի այն վիժուած կամ մահածին երեխաներին եւ նրանց քրիստոնեայ ծնողներին, ովքեր ոչ մի բանով չեն խախտել Իր ուխտը, եւ զանազան պատճառներով մանուկները մնացել են չմկրտուած: Պօղոս առաքեալը խօսում է այն երեխաների մասին, որոնք ծնուել են խառնամուսնութեամբ (այսինքն՝ երբ ծնողներից մէկը քրիստոնեայ է, իսկ միւսը մկրտուած չէ)՝ ասելով. «Ապա թէ ոչ՝ ձեր որդիները պիղծ կը լինեն, մինչդեռ հիմա սուրբ են» (Ա. Կորն. 7, 14): Որքան աւելի սուրբ են այն նորածինները (իհարկէ, ոչ թէ ապրած կեանքի սրբութեան, այլ ծննդեան օրինականութեան առումով), որոնք ունէին ուղղադաւան հայր ու մայր եւ որոնց նախնիներն էլ ճշմարիտ քրիստոնեաներ են եղել: Կարելի է ասել, թէ այդ մանուկները որոշ չափով արդէն սրբագործուեցին, երբ մայրերը կրում էին նրանց իրենց արգանդում: Պտուղն արգանդում կրելով՝ իրենց ծնողներն ամէն օր ջերմեռանդ աղօթքներով դիմում էին Աստծու օգնութեանը, յաճախ կարդում էին Աստծու խօսքը եւ միանում էին Քրիստոսին՝ Իր Մարմնի եւ Արեան հաղորդութեան սուրբ խորհուրդով: Իսկ յղիութեան կամ ծննդաբերութեան ժամանակ Աստծուն խնդրում էին, որ ազատումը բարեյաջող լինի:
Ինչո՞ւ մտածել, թէ այսպիսի ծնողների պտուղներն ընդմիշտ կորչելու են: Նոյնիսկ եթէ նրանցից մէկը մահանար մօր արգանդում, գոյութիւն ունէր մկրտելու ծնողների պատրաստակամութիւնը: Իսկ Տէր Աստծուն հաճելի են մեր սեփական մտադրութիւնները, եթէ, իհարկէ, նրանք սուրբ են ու մաքուր: Աւետարանում կարդում ենք Փրկչի խօսքը. «Իմ Հօր տան մէջ բազում օթեւաններ կան» (Յովհ. 14, 2): Արդեօ՞ք այդ օթեւաններում տեղ չի լինի այն երեխաների համար, որոնց ծնողները քրիստոնեաներ են, որոնք պարզապէս չունեցան ժամանակ կամ կարողութիւն մկրտութեամբ լուսաւորելու վաղաժամ մահացածին կամ վիժուածքին:
Վիշտը կարող է շատ խորը լինել, բայց այն երբէք պէտք չէ չափազանցութեամբ լինի: Խոր վիշտը երբէք պէտք չէ լինի աւելի ուժեղ, քան հաւատն ու յոյսն առ Աստուած: Ինչ էլ որ պատահի, պէտք է հաւատալ մարդասէր Աստծու ողորմածութեանը: Դրա համար պէտք է մտքերը շեղել չափազանց վշտից ու տխրութիւնից՝ հոգին, միտքն ու սիրտը զբաղեցնելով ջերմեռանդ աղօթքով: Համամիտ լինելով խոնարհութեան պատուիրանին՝ գուցէ մտածում էք, թէ վիժուածքի կամ նորածնի մահով Աստուած փորձում է ձեր հաւատն ու համբերութիւնը կամ էլ մեղքերի պատճառով պատժւում է։ Բայց սրանք պէտք չէ յանգեցնեն անմխիթար եւ անյոյս վշտի: Սաղմոսերգուի հետ աղօթենք. «Տէրն ինձ խրատելով պատժեց, բայց չմատնեց մահուան» (Սաղմ. 117, 18): Ձեզ սարսափեցնում է վիժուած մանկան հոգու յետագայ վիճա՞կը: Մտածենք, թէ որքա՛ն որ աներեւակայելի եւ անսահման է Աստծու արդարութիւնը, նոյնքա՛ն էլ աներեւակայելի եւ անսահման է Նրա ողորմածութիւնը: Հոգին, որ իր մէջ է կրում միայն նախածնողների մեղքը, այն պատճառով, որ հնարաւորութիւն չունէր ստանալու օգնութիւն եւ ազատութիւն այդ բեռից, իհարկէ, չի կարելի համեմատել այն հոգու հետ, որը կամովին է պատրաստում իր ճանապարհը դէպի դժոխք:
Սբ. Գրիգոր Աստուածաբանը չմկրտուած մանուկների հանդերձեալ վիճակի մասին գրում է հետեւեալը. «Ոմանք նոյնիսկ հնարաւորութիւն չունեն ընդունելու այդ պարգեւը (մկրտութեան շնորհը), կամ էլ կարող է լինել մանկութեան կամ ամբողջութեամբ իրենցից դուրս հանգամանքների պատճառով»։ Եւ յետոյ ասում է. «Վերջիններս արդար Դատաւորի մօտ չեն լինի ո՛չ փառաւորուած, ո՛չ էլ պատժուած, քանի որ թէեւ կնքուած չեն, սակայն ոչ էլ չար են, եւ աւելի շատ տուժել են, քան թէ վնաս հասցրել: Որովհետեւ ամէն ոք չէ, որ եթէ արժանի չէ պատժի, արդէն արժանի է պատուի. ոչ էլ որեւէ մէկը, որ անարժան է պատուի, արդէն արժանի է պատժի»[1]: Սբ. Եփրեմ Ասորին ասում է. «Ով որ մահացաւ մօր արգանդում ու կեանքը չտեսաւ, նրան Դատաւորը չափահաս կը դարձնի այն պահին, երբ կեանքի կը վերադարձնի մահացածներին (ընդհանուր Յարութեան ժամանակ)... Նրանք, ովքեր այստեղ չեն տեսել իրար, կը տեսնեն այնտեղ, եւ մայրը կ՚իմանայ, թէ սա իր որդին է. եւ որդին կ՚իմանայ, թէ սա իր մայրն է»[2]: Առաքելական մեր Եկեղեցին սովորեցնում է, թէ մարդկային կեանքն սկսւում է բեղմնաւորման պահից: Հետեւաբար, հայրաբանական խօսքերը հաւասարապէս վերաբերում են դեռ չծնուած, վիժուած կամ մեռելածին մանուկներին, որոնց չեն հասցրել մկրտուել: Նման դէպքեր եղել են բոլոր ժամանակներում, բայց Եկեղեցին չի թողել մեզ որեւէ յատուկ աղօթք անանուն վիժուած հոգիների մասին: Եկեղեցին արգելում է մահածին մանուկներին մկրտել, քանի որ Տէրն իր առաքեալներին պատուիրեց մկրտել կենդանի մարդկանց, այլ ոչ թէ մահացածներին (Մարկ. 16, 16)։ Եւ ինչպէ՞ս կարող է անկենդան դիակը լսել Աւետարանի քարոզը ու հաւատալ Նրան, Ում մասին որ աւետւում էր: Եկեղեցական յուղարկաւորութիւնը հնարաւոր է միմիայն մկրտուած անձի համար: Չմկրտուած մարդը Եկեղեցու անդամ չէ ու չի պատկանում Քրիստոսի մարմնին՝ Եկեղեցուն: Աւետարանում ասւում է. «Եթէ մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը մտնել» (Յովհ. 3, 5)։ Բայց մահածին անմեղ մանուկների վիճակն ի՞նչ պիտի լինի: Արդեօ՞ք նրանք արժանի են դժոխքի: Մանուկների մեղքի պակասի պատճառով սուրբ վարդապետները բացասաբար են արձագանգում այս հարցին: Մկրտութեան պատասխանատուութիւնը լիովին ծնողների վրայ է, եւ երեխայի փրկութիւնը կախուած է բացառապէս Աստծու ողորմածութիւնից: Չնայած նրան, որ Եկեղեցին թաղման արարողութիւն չի կատարում չմկրտուած ու մահածին անձանց համար, բայց նրանց հանձնելով ողորմած Աստծուն՝ նոյնիսկ խրախուսւում է աղօթքը:
Մարդկային տեսակէտից ծնողները պէտք է իրաւունք ունենան թաղելու իրենց մահածին երեխային: Մօր արգանդում մահացած քսանութ եւ աւելի շաբաթական երեխան պէտք է թաղուի նոյն կերպ, ինչպէս թաղւում է մեծահասակ մահացած մարդը, քանի որ նրանք ունեն նոյն իրաւունքները: Բայց եթէ ծնողները չեն ցանկանում իրենք կազմակերպել թաղումը, ապա երեխային ընդհանուր կարգով ստիպուած կը լինի թաղել բուժհիմնարկութիւնը: Ցաւալի է, եթէ որեւէ ծնող վիժման պատճառով չկարողացաւ թաղել իր երեխային: Բայց Տէրը գիտէ, թէ որտեղ է յարութիւն տալու նրան վերջին օրը: Մեզ մնում է միայն վստահել Աստծու ողորմութեանը՝ հաւատալով, թէ մեր ակամայ չարչարանքների մէջ թաքնուած են Աստծու շնորհն ու ողորմութիւնը, որոնք մեզ բերում են ապաշխարութեան եւ ազատում յաւերժական տանջանքներից: Հօրն ու մօրն անհրաժեշտ են ճանաչել ու մօտենալ Աստծուն. գնալ եկեղեցի խոստովանելու, աղօթել, ապաշխարել, ապրել պահքով եւ առաքինի վարքով, ողորմութիւն բաշխել:
Որպէս վերջաբան՝ մէջբերենք մի հատուած եկեղեցական աւանդութիւնից. «Մի բարեպաշտ արքայադուստր, որի անունն անյայտ է հիմա, խորը վիշտ ունէր իր սրտում, քանի որ վիժել էր անգիտակցաբար եւ անզգամաբար. եւ աղեկտուր մորմոքով ողբում էր իր եւ մահածնի վիճակը: Իր տեսիլքի մէջ յանկարծ յայտնւում է սբ. Յովհաննէս Մկրտիչն ու մխիթարում իրեն՝ ասելով. «Մի՛ վշտացիր քո մահածնի համար: Ես այդպիսի մանուկների բարեխօսն եմ»: Այս տեսիլքը ունենալով՝ նա, Աստծուն ու Նրա սուրբին գոհութիւն մատուցելով, լիովին հանգստանում է»[3]:
[1] Святитель Григорий Богослов, архиепископ Константинопольский, Собрание творений в 2-х томах, Слово 40, на Крещении.
[2] Свт. Ефрем Сирин. “О страхе Божием и о последнем суде”, ч. 4, 1900 г., стр. 105.
[3] Журнал “Душеполезное чтение”, Москва, 1866 г. ч. 2, стр. 11.
Գևորգ սրկ․ Գևորգյան
«Կինը Նոր Ուխտի Եկեղեցում» գրքից