22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Որքան են տանջվում մտային թերզարգացածություն ունեցող երեխաների մայրերը: Այդ երեխաներն անընդհատ աղմկում են, ամեն ինչ աղտոտում... Իսկական մարտիրոսություն է: Ես մի կնոջ էի ճանաչում, ում երեխան մտավոր թերզարգացած էր: Նա արդեն մեծացել, հաղթանդամ երիտասարդ է դարձել, և մայրն այլևս չի կարողանում կառավարել նրան, որովհետև ինչ-որ աներևակայելի արարքներ է գործում... Աղտոտությունները քսում է պատերին, կահույքին, սպիտակեղենին... Մայրը կարգի է բերում տունը, մաքրում է ու լվանում, ամեն բան իր տեղն է դնում, իսկ որդին ամեն ինչ գլխիվայր է շուռ տալիս և աղտոտում: Խեղճ կինը թաքցնում է լվացող միջոցները, իսկ նա գտնում ու խմում է դրանք: Ամբողջ պահարաններ է պատշգամբից ցած նետում: Աստծո ողորմածությամբ է, որ մինչև այժմ ոչ ոքի չի սպանել: Եվ դա մեկ օր կամ մի տարի չէ, որ շարունակվում է: Արդեն տարիներ շարունակ է կատարվում:
- Հա´յր, իսկ մտավոր թերզարգացած մարդը կարո՞ղ է բարի և խոնարհ լինել:
- Ինչպե՜ս թե չի կարող: Հենց թեկուզ վերցնենք այն մտավոր թերզարգացածություն ունեցող երեխային, որին ծնողները հաճախ այստեղ՝ վանք են բերում: Ո՞ր մի խելամիտ մարդն այնպիսի բարություն ունի, ինչպիսին՝ նա: Ինչպե՜ս է աղոթում, երկրպագություն անում: Երբ ճողվածքի պատճառով չէի կարողանում երկրպագություն կատարել, ծնողներն ասացին նրան. «Հայր սուրբը հիվանդացել է և չի կարողանում երկրպագություն անել»: «Ես կանեմ նրա փոխարեն»,- ասաց փոքրիկն ու սկսեց իմ փոխարեն ծնրադրել: Եվ քրտինքը ճակատին շարունակում էր անել: Որքա՜ն բարեպաշտություն, որքա՜ն մեծահոգություն ուներ այդ փոքրիկը: Մի անգամ, հարևանի երեխաներից մեկը ծեծեց նրան, իսկ նա, ի պատասխան այդ ծեծերի, ձեռքը նրան մեկնեց ու ասաց. «Առողջ եղիր»: Տեսնո՞ւմ ես: «Խելամիտ» մարդկանցից ո՞վ է այդպես վարվում: Կամ նա ով Ավետարան է կարդում կամ բազմաթիվ հոգևոր գրքեր: Մի քանի օր առաջ այդ տղայի ընտանիքն այստեղ էր եկել՝ ինձ հետ հանդիպելու: Երբ եկան, նա կողքս նստեց, իսկ նրա փոքր քույրիկը՝ մի փոքր հեռու: Տեսնելով, որ քույրն ինձանից հեռու է նստել՝ ասաց. «Արի սուրբ հոր կողքը նստիր»,- և նրան իր տեղը նստեցրեց: Այդ երեխան գորովանքով լցրեց իմ սիրտն ու ես, ի նշան օրհնության, նրան մի մեծ արծնապատ խաչ նվիրեցի, որ ինձ համար Երուսաղեմից էին բերել: Խաչը ձեռքն առնելով՝ ասաց. «Տատի՜կ, տատի՜կ»,- և ցույց տվեց, թե ինչպես է այդ խաչն իր տատիկի գերեզմանին դնելու: Պատկերացնո՞ւմ եք: Այդ փոքրիկն իր համար ոչինչ չի ուզում, ամեն ինչ ուրիշների համար է ուզում: Ե´վ ինքն «առանց քննությունների» Դրախտ կգնա, և´ իր ծնողներին կտանի:
Որքա՜ն կուզենայի նրա փոխարեն լինել: Եվ թող ոչինչ չհասկանայի, չկարողանայի խոսել: Աստված ինձ բոլոր բարիքներն է տվել, բայց ես անշնորհակալաբար վատնել եմ դրանք: Մյուս կյանքում նույնիսկ աստվածաբանները հետին պլանում կհայտնվեն՝ այս երեխայի հետ համեմատությամբ: Միտքս հայտնում է ինձ, որ Երկնքում, Աստծուն ճանաչելու առումով, սուրբ աստվածաբաններն ավելի լավ վիճակում չեն լինի, քան այդպիսի երեխաները: Եվ հնարավոր է, որ Արդար Դատավորն այդ երեխաներին շատ ավելին տա, որովհետև երկրային կյանքում շատ բաներից են զրկված:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի