25 Նոյեմբեր, Բշ
Պատմեց հայր Մակարիոսը, թե. «Մի անգամ անապատում քայլում էի, երբ մարդու մի չորացած գանգ գտա և նստելով նրա մոտ՝ հարցրի նրան. «Ո՞վ ես դու»: Իսկ նա պատասխանեց ինձ և ասաց. «Ես հեթանոսների կուռքերի քահանայապետն էի, իսկ դու հոգևոր հայր Մակարիոսն ես: Երբ դու աղոթում ես հոգիների համար, որ դժոխքում են, նրանք փոքրինչ հանգիստ և մխիթարություն են առնում»: Ես նրան հարցրի. «Ինչպիսի՞ն է այդ մխիթարությունը և իսկ ինչպիսի՞ն են տանջանքները»: Գանգն ասաց. «Որչափ որ բարձր է երկինքն ու երկիրը` խոր, երկրից ավելի խորն է այն տեղը, ուր մենք դատապարտված ենք մնալու, և մինչև պարանոցներս թաղված ենք անշեջ հրի մեջ և հնար չունենք միմյանց դեմքին նայելու, այլ յուրաքանչյուրս նայում է իր ընկերոջ թիկունքին, և սաստիկ խավար է այնտեղ: Սակայն երբ դու սկսում ես աղոթել մեզ համար, այնժամ փոքրինչ տեսնում ենք միմյանց դեմքերը, և դա՛ է մեր մխիթարությունը»: Եվ ողբում էր ու ասում. «Վա՜յ այն օրվան, երբ ծնվեց մարդը»: Ես նրան ասացի. «Ավելի ծանր տանջանքներ կա՞ն, քան այն, որի մեջ եք դուք»: Գանգն ինձ ասաց. «Առավել խիստ տանջանքներ կան մեզանից ներքև»: Եվ ես հարցրի. «Ո՞ր եղկելիներն են դրա մեջ»: Գլուխն ասաց. «Մենք` Աստծո անգետներս, փոքրինչ ավելի ողորմության ենք արժանացել, իսկ նրանք, ովքեր գիտեին Աստծուն և ուրացան Նրան, նրանք են մեր ներքևում»: Եվ ես, վերցնելով այդ գանգը, թաղեցի հողի տակ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016