Մեկ այլ եղբոր, որ առանձին նստում էր նույն վանքում, ամենօրյա աղոթքն այս էր. «Տե՛ր, քանի որ Քեզանից չեմ երկնչում, ուղարկի՛ր ինձ հրափայլ բոց կամ այլ նեղություն, հիվանդություն կամ դև, որպեսզի գոնե այդպես երկյուղի իմ կորուսյալ հոգին»: Այսպես էր ասում և սաստիկ աղաչում էր Աստծուն. «Գիտեմ, որ անհնար է թողություն տալ ինձ, Տե՛ր, քանզի անթիվ են իմ մեղանչումները Քո առաջ, սակայն հանուն Քո բազում գթության` գեթ մի մասին թողությո՛ւն տուր, իսկ եթե դա անհնար է, տանջանքներով ինձ՝ այստեղ, ոչ թե այնտեղ խրատի՛ր, իսկ եթե դա ևս անհնար է, հատի՛ր ինձանից դրանց մի մասը և թեթևացրո՛ւ ինձանից այնտեղի տանջանքների մասը: Այժմվանից իսկ սկսի՛ր խրատել ինձ, սակայն ո՛չ Քո բարկությամբ, Տե՛ր, այլ՝ Քո մարդասիրությամբ»: Այսպես տարին բոլոր ժուժկալելով, սրտամաշ լինելով և անդադար Աստծուն աղոթելով, պահեցողությամբ և մեծ խոնարհությամբ՝ մտածում էր ու ասում. «Ի՞նչ է այն խոսքը, որ Հիսուսն ասաց. «Երանի սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն» (Մատթ. Ե 4): Մի օր, երբ նա նստած գետնին՝ սգում էր ըստ սովորության, տրտմությունից քուն մտավ, և նրան երևաց Քրիստոս և զվարթ ձայնով ասաց. «Ի՞նչ է պատահել, մա՛րդ, ինչո՞ւ ես լալիս»: Եվ նա Տիրոջն ասաց. «Լալիս եմ, քանզի ընկա, Տե՛ր»: Հիսուս նրան ասաց` վե՛ր կաց: Նա, որ ընկած էր, պատասխանեց. «Չեմ կարող, Տե՛ր, եթե ձեռքդ չտաս ինձ»: Եվ Հիսուս, մեկնելով ձեռքը, բարձրացրեց նրան և դարձյալ զվարթությամբ ասաց. «Դո՛ւ, մա՛րդ, ինչո՞ւ ես լաց լինում և տրտմում»: Եղբայրը նրան ասաց. «Տե՛ր, չե՞ս կամենում, որ տրտմեմ ու լաց լինեմ, որ այնքան տրտմեցրի քեզ»: Այնժամ Տերը մեկնեց իր ձեռքը դեպի նա, ափը դրեց նրա սրտին, օծեց և ասաց. «Մի՛ խռովվիր, Աստված կօգնի քեզ, քանի որ դու տրտմեցիր: Ես նույնպես այլևս չեմ տրտմի քեզ վրա, քանզի Իմ արյունը տվեցի քեզ համար, որքա՜ն առավել ևս կտամ Իմ ողջ մարդասիրությունը տառապող հոգուն»: Եվ սթափվելով այդ տրտմությունից` եղբայրն իր սիրտը գտավ ուրախությամբ լցված և հավատաց, որ Աստված իրեն ողորմություն արեց: Սրանից հետո ապրեց հանապազօրյա մեծ խոնարհությամբ՝ գոհանալով Աստծուց:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016