Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Թեոփիլոս եպիսկոպոսն ասաց. «Ինչպիսի՜ ահուդողի մեջ կլի­նենք, եղբայրնե՛ր, երբ մեր հոգիները հեռանան մեր մարմիններից, որովհետև այդ ժամին հապշտապ կգան հակառակորդ զորություննե­րի գնդերն ու զորավարները, այս աշխարհի իշխանը և խավարի դևե­րը, որոնք դատաստան կանեն մեղանչած հոգուն, և բերելով գիտակ­ցաբար թե անգիտակցաբար, հայտնի թե անհայտ գործված մեղքերը` կդնեն նրա առջև, և քանի որ հակառակորդներ են, կմատնեն նրա բոլոր գործերը` ասելով. «Այսքան չարիքների գործողը սա՛ է»: Ուստի ինչպիսի՜ ահուդողի մեջ կլինի այն հոգին, մինչև որ վճիռը կայանա, և ազատվի նրանցից: Այդ ժամը դժվարին է, դառն ու չար, և բոլոր ադամորդիներիս երկյուղը մեծ կլինի, մինչև որ հոգին տեսնի այդ գործի ավարտը, որովհետև կգան նաև սուրբ հրեշտակների աստվա­ծային զորքերը և կբերեն բոլոր այն բարի գործերը, որ նա կատարել է: Հոգին դողալով կնայի մե՛կ այս կողմ, մե՛կ այն կողմ և սաստիկ կվախենա խավարի զորքից, մինչև որ անաչառ և արդար Դատավորի կողմից դատաստանը հռչակվի: Եվ եթե հոգին ողորմության արժանի լինի, այնժամ չար դևերը կսաստվեն Աստծո ակնարկումից, և իսկուկն Աստծո սուրբ հրեշտակները կհափշտակեն այդ հոգին դևերի ձեռքից, իսկ նա այսուհետև այլևս չի երկնչի: Եվ այնժամ կամբողջանա Գրքի խոսքը, որ ասում է. «Ուրախացողների բնակությունը Քեզ մոտ է», և դարձյալ, թե՝ «Ումից փախչում են բոլոր վշտերը, հեծությունն ու հա­ռաչանքը» (Եսայի, ԼԵ 10, ԺԱ 11): Իսկ երբ ազատվի այն հալածիչներից, կտանեն նրան անպատմելի ուրախության և աննկարագրելի փառքի մեջ՝ Աստծո և Քրիստոսի առաջ և կտեղավորեն նրան երանելի ար­դարների օթևաններում: Իսկ եթե անձը եղկելի գտնվի և երկրավոր վատթար գործերի մեջ՝ թաղված, նա կլսի այն դառը խոսքը, թե` «Կվե­րանա՛ ամբարիշտն ու չի տեսնի Աստծո փառքը»: Եվ այնժամ կպատի նրան բարկության դառն օրը, վշտերի և նեղության օրը, մթության և խավարի օրը. օր, որը հանում է դեպի արտաքին խավարն ու գեհենի կրակը, որպեսզի տանջվի նրա մեջ հավիտյան: Եվ ո՞ւր կմնան այս աշ­խարհի պարծանքը, մեծության զորությունն ու հանգիստը, ո՞ւր կմնա բարձրապարանոց հպարտությունը, ո՞ւր կմնան ունեցվածք, գանձեր ու հարստություն, զորքերի, ծառաների և մարդկանց բազմություն­ները, ո՞ւր կմնա ազնվականությունը, հոր, մոր և ազգի ազնվազար­ մությունը… Եվ այն ամենը, որ այստեղ անցողիկ ու ապականացու են, սիրելի և ցանկալի են մարմնին` ինչո՞վ կարող են օգնել այնժամ կամ փրկել սոսկալի հրակիզման կամ այլևայլ բազում և տեսակ­տե­սակ տանջանքներից: Եվ արդ, քանի որ այդպես է լինելու, ուրեմն` սնվե՛նք սրբությամբ, միշտ աստվածապաշտության մեջ մնա՛նք, ստա­նա՛նք կատարյալ սեր առ Աստված և դեպի բոլոր մարդիկ, սուրբ կենցաղավարություն ստանա՛նք, ճգնության ճանապարհը իմաստու­թյամբ ընթանա՛նք` աղոթքով, պահքով և զգոնությամբ, և փութա՛նք, որպեսզի առանց հապաղելու բարի՛ն ստանանք և չարից փախչե՛նք, որպեսզի արժանի լինենք լսելու այս քաղցր ձայնը մեր Հիսուս Աստ­ծո բերանից, որ ասում է. «Եկե՛ք, ի՛մ Հոր օրհնյալներ, ժառանգեցե՛ք Արքայությունը, որ պատրաստված է ձեզ համար աշխարհի սկզբից» (Մատթ. ԻԵ 34), և սրանից հետո ասվածը»: Այս Թեոփիլոսը իր մահվան օրն ասաց. «Երանի է քեզ, հա՛յր Արսենիոս, որովհետև միշտ հիշում էիր այս օրը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

01.01.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․