22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Հայր Սիղվիանոսին հարց տրվեց, թե` ինչ անենք մեր քնի, ծուլության ու անզղջության հետ, քանզի մեզ գիշերը չեն թողնում առանց ձայնի ու երգելու աղոթել: Եվ նա ասաց. «Երգով պաշտամունք մատուցելը հպարտություն է ծնում, խստասրտություն և մտքերի մթագնում, որովհետև ասում է. «Ես պաշտում եմ, իսկ նա` ոչ, իմ ձայնն ու բառը քաղցր է, նրանը` ոչ»: Եթե կամենում ես զղջում և արտասուքներ ստանալ, մի կողմ դի՛ր երգն ու ձայնը, իսկ երբ Աստծո առաջ աղոթքի կանգնես, քո բերանը թող անմռունչ սաղմոսի, իսկ միտքդ թող քննի Խոսքի զորությունը: Եվ միշտ իմացի՛ր, որ Աստծո առաջ ես կանգնած, Ով սրտերն ու խորհուրդներն է քննում, և հիշի՛ր քո մեղքերը, մահն ու դատաստանը: Գիշերը, երբ վեր կենաս, դուրս արի՛ և շրջի՛ր` Աստծուն օրհնելով, «Հայր մեր» ասելով, ապա մտի՛ր սենյակ և անձայն կատարի՛ր կանոնը»: Եղբայրն ասաց. «Ես ամբողջ ժամանակ ութ ձայնով կատարեցի սաղմոսը»: Ծերն ասաց. «Դա անզղջություն  է ծնում. հիշի՛ր սուրբ հայրերին, որ նրանցից շատերը ամուսնությունից եկան, նրանցից ոմանք ո՛չ Գիրքը գիտեին, ո՛չ ձայն ունեին, ո՛չ սաղմոսներ գիտեին, բայց և այնպես հաճո եղան Աստծուն և բազում զորություններ գործեցին, ինչպես Պողոս Պարզամիտը, մյուս Պողոսը, Անտոնիոսը, Պամբոն և ուրիշ շատերը, ովքեր ո՛չ երգով և ո՛չ էլ քաղցրաձայնությամբ էին նշաններ ցույց տալիս: Երգով պաշտամունք մատուցելն աշխարհի եկեղեցիներինն է և ոչ թե՝ անապատականներինը: Եվ երկնավորների մասին էլ գրված չէ, թե ութ ձայնով են պաշտում, այլ գրված է, թե նրանց մի մասը «Սուրբ, սուրբ, սուրբ» են ասում, ոմանք` «Ալելուիա», մի մասն էլ`  «Օրհնյալ է Տիրոջ փառքն Իր տեղում»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

22.06.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․