25 Նոյեմբեր, Բշ
Մեկ այլ ծեր առանձին էր բնակվում անապատում: Սա, մինչ երիտասարդ էր, եղբայրների ջորիներին էր խնամում: Մի անգամ սա ջորիներով իջավ Երիքով. այնտեղ` իջևանատանը, մի մանուկ կար, և նա, չարի ազդմամբ, ջորիներից ոտնակոխ լինելով` մեռավ: Երբ եղբայրն իմացավ, խիստ տրտմեց դրա համար և հեռանալով այնտեղից՝ գնաց Առնիա, որտեղ էլ մենակյաց դարձավ: Նա միշտ ողբում էր ու ասում. «Մանկանը ես իմ ձեռքով սպանեցի և իբրև մարդասպան եմ դատվելու»: Նրան մերձակա քարայրում մի չար առյուծ էր բնակվում: Նա ամեն օր գնում էր առյուծի քարայրը, խփում էր նրան և գրգռում, որ վեր կենա և ուտի իրեն, սակայն առյուծը բնավ չէր վնասում նրան: Երբ եղբայրը տեսավ, որ առյուծը չի մոտենում իրեն, խիստ տրտմեց և գնաց նստեց այրի մուտքի մոտ, որ գուցե առյուծը քաղցի և ուտի իրեն: Իսկ առյուծը, երբ քաղցեց, եկավ այնտեղ և տեսնելով եղբորն իր ճանապարհի վրա՝ հեզությամբ և սիրով անցավ նրա վրայով և գնաց որսի: Այնժամ եղբայրը հավատաց, որ Աստված ներեց իր այդ մեղքը: Եվ գալով իր վանքը` լրացրեց իր մնացած օրերը մեծագույն զղջումով և ուսուցանում էր ամենքին:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016