Դանիելի աշակերտ Եղպիդորոս Սկյութացին պատմեց հետևյալը. «Սկյութապոլիս քաղաքից մեկը, ով բազում չարիքներ էր գործել և իր անձը շաղախել անհամար մեղքերով, զղջաց Աստծո առաջ և սկսեց դատապարտել իր զեխությունը: Եվ հրաժարվելով աշխարհից՝ գնաց անապատ և մի ձորում իրեն խուց շինեց` հոգ տանելով իր հոգու մասին: Ծանոթներից ոմանք, գիտենալով նրա կենալու վայրը, սկսեցին նրա համար հաց, արմավ և այլ անհրաժեշտ բաներ տանել: Իսկ երանելին, երբ տեսավ իրեն հանգստավետության մեջ, իր անձին ասաց. «Ո՛չ, եղբա՛յր, քավ լիցի, ոչ մի բարի բան չենք գործել, իսկ այս հանգիստը հանդերձյալ հանգստից կզրկի մեզ, և ես սրան արժանի էլ չեմ»: Եվ թողեց իր խուցն` ասելով. «Գնա՛, ա՛նձ իմ տառապյալ, դեպի նեղություն և անձկություն, քանզի մենք պետք է անասունների խոտ ուտենք, որովհետև անասունների գործեր կատարեցինք»: Եվ վերցնելով մի փոքրիկ խաչ, մի հրավառելիք ու մի հնոտի քուրձ` ցերեկները շրջում էր թռչունների ու անասունների հետ, իսկ գիշերները, մտնելով անտառ, հենվում էր ծառին և մինչև առավոտ այս էր ասում. «Ո ՜վ ինձ Ստեղծողդ, ողորմի՛ր ինձ»: Իսկ երբ կերակուրի կարիք էր ունենում, անտառում պտուղներ էր քաղում և փոքրիկ կաթսայի մեջ եփելով՝ լցնում էր ժայռերի վրա գոյացած խոռոչի մեջ և ուտում: Նա շինեց նաև գետնափոր մի խորշ, ուր հավաքած բանջարն էր պահում: Եվ այսպիսի տքնությամբ մնաց տասներկու տարի: Իսկ երանելի Պիմենը տեսավ նրա հոգին մարտիրոսների դասում, քանզի Տերը արդարու թյուն է շնորհում զրկյալներին»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016