Գրքեր

Մյուռոնի խորհուրդը ըստ Հայրերի

Ինչպես Սբ. Մյուռոնը սոսկ ընտիր և անուշաբույր յուղ չէ, այլ Սբ. Հոգու շնորհների նշանակ, այնպես էլ, մեր եկեղեցու հայրերն ու եռամեծ վարդապետները այլաբանական ծածկյալ խորհուրդներ են հաղորդել` աստվածաշնչային վկայությունների վրա խարսխված մեկնություններով:

Մենք գիտենք, որ հին ժամանակներում յուղով էին օծում թագավորներին, քահանաներին և մարգարեներին: Քրիստոս և´ մարգարե էր (Բ Օր. ԺԸ:15,18) և´ քահանա էր (Սղ. ՃԸ:4) և´ թագավոր (Ես. Թ:6-7): Քրիստոս բառն իսկ նշանակում է օծեալ, և եթե մենք քրիստոնյաներ ենք կոչվում, սրանից եզրակացնում ենք, որ մենք էլ օծեալներ ենք: Մենք քրիստոնյա ենք կոչվում ոչ միայն այն պատճառով, որ մենք Քրիստոսին ենք հավատում և հետևում, այլև Սբ. Մյուռոնով օծված և կնքված ենք: Այս մասին է խոսում երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետը` ասելով. «Հայոց եկեղեցւոյ միւռոնը հայութեան կնիքն է դարձած ըլլալէ ետք կնիքը Ս. Հոգւոյն Միւռոնով պայծառացած ճակատին համար կըսենք. «հայո´ւ ճակատ». միւռոնուած մանուկի համար կըսենք «հայու որդի». երբ մկրտութենէն անմիջապէս ետք երեխան դրոշմի օծումն ընդունի իր ճակատին կըսենք. «ահա հիմա հայացաւ»:

Գրիգոր Տաթևացին խորհելով Ս. Մյուռոնի մասին` գրում է, թե այն անուշահոտությունն այլաբանորեն խորհրդանշում է դեպ մեզ տարածվող աստվածային սրբությունը, իսկ բազում անուշահոտ ծաղիկներից կազմված Մյուռոնը Հիսուս Քրիստոսն է, ըստ այն խոսքի, թե «Քո անունը թափված յուղ է անուշ» (Երգ Ա:2): Նույն ձևով Սիմեոն Երևանցին է ասում, թե Մյուռոնի սուրբ յուղի մեջ խառնվող ծաղիկները, ունենալով քաղցր և զմայլեցնող հոտ, նաև հոգևորապես են ներգործում մեզ վրա` մեզ դարձնելով Աստծու համար անուշահոտ, ըստ այն խոսքի, թե «Իմ որդին Տիրոջ օրհնված բերրի արտի հոտն ունի» (Ծննդ. ԻԴ:27):

Քրիստոս Ինքն է ճշմարիտ Մյուռոնը, որն Իր աստվածության յուղը հեղեց մեր մեղանչական բնության մեջ, օծեց և սրբացրեց մեզ: Առաքել Սյունեցին, ով XV դարի նշանավոր հեղինակներից է, Մյուռոնօրհնեքին նվիրված իր քարոզում ևս Մյուռոնը նմանեցնում է Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերին, իսկ նրանից տարածվող Սրբազան Բուրմունքը` Մխիթարիչ Սուրբ Հոգուն, որն իր անուշահոտությամբ բարեզարդում է հավատացյալի սիրտը զանազան հոգևոր առաքինություններով:

Մյուռոնի պատրաստության երկու գլխավոր նյութերը համարվում են ձիթենու յուղը և բալասանը: Միջնադարյան մեկնություններում բոլորից շատ գրվել են այս երկուսի մասին մեկնություններ: Պատրաստությունը նկարագրելիս արդեն հիշված բալասանի և ձիթենու յուղի միախառնման մասին ասվում է, թե Սբ. Մյուռոնի գլխավոր այս երկու բաղադրիչների իրար խառնումը խորհրդանշում է Որդին և Սուրբ Հոգին` միավորված սուրբ յուղի մեջ, իսկ մնացյալ անուշահոտ յուղերն էլ նշանակում են Սբ. Հոգու շնորհների բազմազեղ բույրը: Մշտադալար ձիթենու ոստերը հաշտություն և խաղաղություն են խորհրդանշում: Աստվածաշնչային տարբեր վկայությունների այլաբանական խորհուրդների խտացումն ասես լինի ձիթենու մասին Մխիթար Գոշի հետևյալ գեղեցիկ բնորոշումը. «Ձիթենի յարազուարճութիւն և ի պտղաւէտութիւն մանաւանդ զի պտուղ նորա նիւթ է ձիթոյ և ձեթ նիւթ է լուսոյ և լոյս լուծիչ խաւարի» (Գոշ, Առակ, ԺԳ):

Աստծու կողմից Մովսեսին տրված օծության յուղի պատրաստման միջնադարյան անանուն հեղինակի մեկնությունում սրբազան յուղի բաղադրապատկերը նմանեցվում են Հին Կտարանաի այս կամ այն նահապետին բնորոշվող գլխավոր առաքինությանը, հատկանիշին: Այսպես, զմռսենու ծաղկի համար ասվում է, թե այն Աբելն է, ում ծաղկաձև արյունը հեղվեց: Անուշ կինամոնը օրինակն է Ենովքի, զգոն վարքի, որովհետև եթե մեկը խոր քնի մեջ լինի, որը նման է մարդկային մարմնի` մեղքով թմրելուն, կինամոնը նրան խոսել է տալիս արթուն ժամանակվա նման և հարցերի պատսխան տալ այնպես, ինչպես Ենովքը ննջած ժամանակ: Այս բույսը

իջեցնում է նաև մարմնի տաքությունը, որը տապոտ հնոցի բանսարկուի նման մեղքի տաքություն է ներարկում մարդուն: Այս կերպ էլ ողջախոհ Ենովքը վանեց բանսարկուի հատուցած գայթակղությունները և երկրային կյանքում նմանվեց երկքնի հրեշտակներին, որոնք չունեն արյան և մարմնի ջերմություն: Իսկ եղեգի խունկն էլ նշանակին է Նոյի անուշակ արդարության, և հիրիկը` Աբրահամի հավատքի:

Բույսերի այլաբանական այս խորհուրդներն էլ մի նոր վերիմաստավորում են ստանում Քրիստոսով և Օծյալ Փրկիչն Իր Խաչելությամբ խորհրդանշում էր Աբելի ծաղկաձև արյունը, վարքով` Ենովքի զգոն վարքը, արդարությամբ` իբրև անուշ խունկ` Նոյի արդարությունը, որով լցվեց բովանդակ տիեզերքը, հիրիկն էլ հավատքն է Տիրոջ հանդեպ ըստ Պողոս առաքյալի այն խոսքի, թե մենք արդարանում ենք Քրիստոսի հավատքով (Գաղ. Բ:16):

Սբ. Մյուռոնի խորհրդին անրադառնում է նաև Կ. Պոլսի պատրիարք Հակոբ Նալյանը (1741-1749 թթ.) իր «Մեկնություն Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության»» աշխատության մեջ: Ասում է. «Քեզ համար Սրբալույս Մյուռոնը Աստծու Որդու պատկերն է, ինչպես Սուրբ Դիոնիսոսը Մյուռոնի ճառում ասում է, որ նա Հիսուս Քրիստոսին է ցույց տալիս, որովհետև ինչպես Քրիստոսի միավորումն է Աստվածության, որը պարզ է ու միակ, և մարդկության, որ բաղադրված է մարմնից, հոգուց և մտքից, այդպես էլ Սրբալույս Մյուռոնը` ձիթենու պարզ յուղից, որ օրինակն է Քրիստոսի Աստվածության, և բաղադրյալ ծաղիկներից ու բալասաններից, որ օրինակն է մարդկության, միավորում և կազմում է (միություն), և նույն Հիսուս Քրիստոսի նախատիպի պատկերն է լինում և մատնանշում, մանավանդ որ յուղն այս կակղեցնելու կայտառացնելու պատճառով ողորմության (գաղափարի)համար տրպն է, (մասնավորապես) Աստծո ողորմության: Այս պատճառով դու, ասում է, ողորմություն չունեցողներին` հիմար կույսերին, արտաքսեցիր քո արքայության հարսնարանից, քանզի նրանք չունեին Քո նմանությունը, թեպետև բազում գերազանց անուններով

ես կոչվում, սակայն Ողորմած անունը բոլորից գերադասելով` ասացիր, թե` «Ես ողորմած եմ և հավիտյան ոխ չեմ պահի» (Երեմիա Գ:12)…

24.09.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․