Նավապետը

Մի բրիտանացի ձկնորս ձգտում էր մի նավ կառուցել և հեռավոր հեքիաթային Հնդկաստան երկիրը նավարկել, բայց իր երկմիտ ու անվստահ բնավորության արդյունքում հաճախ սխալ վայրերում էր ձկնորսությամբ զբաղվում և շատ քիչ ձուկ էր որսում` չկարողանալով այնքան գումար վաստակել, որպեսզի իր բաղձանքն իրականացներ: Սակայն մշտապես Աստծուց աջակցություն էր խնդրում:

Շատ տարիներ անց մի մեծ առագաստանավ է մոտենում ծովափին, և դրա նավապետն այս ձկնորսի բռնած ձկներից է համտեսում, շատ է հավանում և ասում.

-Իմ առագաստանավը մեկնում է Հյուսասային Աֆրիկա, այնուհետև Հնդկաստան: Առանց վարձավճարի բարձրացիր իմ նավը և միացիր ինձ:

Այս անակնկալից ձկնորսը կասկածամտորեն երկար-բարակ մտածում է,  այնուհետև պատասխանում.

-Իմ նավակում այս ձկներից մի քանիսն էլ ունեմ, գնամ դրանք վաճառեմ, հետո կորոշեմ:

 Այդպես է ասում, որովհետև կարծում է, որ հավանաբար ավելի շահավետ առաջարկ կարող է ստանալ:  Բայց անցնում է ժամանակը, և փոշմանած ձկնորսն ափին նստած սպասում է, թե երբ կրկին այդ նավապետը կվերադառնա, որպեսզի միգուցե իրեն միևնույն առաջարկն անի, իսկ ինքն էլ նորից մտածի, թե ինչ որոշում կայացնի...

 

Երբ հնարավորության դուռ է բացվում, պետք չէ այն թերագնահատել և կորցնել, քանի որ մարդու այդօրինակ բնավորության պատճառով երկնային նախախնամությունը թերևս անիմաստ համարի նորից միևնույն հնարավորությունը պարգևել:

 

23.10.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․