Մարտի 31-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:
Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան այրեր:
Հընթացս Ս. Պատարագի Տեր հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ ուղղված Նավասարդ Սրբազանին: Ուղերձում մասնավորաբար ասվում է.
«ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ
ԱՐԱՐՍՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ
Սիրելի Սրբազան,
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից բերում ենք Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները Ձեզ, Տիրախնամ Թեմիդ եկեղեցականաց դասին, համայնքային վարչությանց պատվարժան անդամներին և հավատավոր Մեր զավակներին։
Հոգենորոգ այս օրերին քրիստոնյա համայն աշխարհը մեծ ուրախությամբ և ցնծությամբ փառաբանում է մեր Տիրոջն ու Փրկչին. որ հարություն առավ մեռյալներից, ավերեց դժոխքը և Իր Հարությամբ հաղթեց մահվանը։ Փրկչի հարությամբ նորոգվեց համայն տիեզերքը և մարդկությանը հոգեփրկության շնորհ տրվեց. որպեսզի հարուցյալ հավատքով հաղթահարի երկրավոր կյանքի դժվարություններն ու մարտահրավերները։ Արդարև, որտեղ Հարուցյալ Տերն է, այնտեղ է կյանքը և հաղթությունը, քանզի «շնորհք Աստուծոյ Ետ մեզ զյաղթութիւն ի ձեռն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» (Ա Կորնբ. ԺԵ 57)։
Մեր ժողովրդի ընթացքը պատմական հոլովույթներում եղավ նմանություն Քրիստոսին: Հաճախ Գողգոթա բարձրացանք, խաչակից եղանք Տիրոջը և Նրա հարության զորությամբ վեր հառնեցինք։ Տիրոջ ողորմությամբ մեր ժողովուրդը հաղթահարեց իր դեմ մոլեգնած հալածանքներն ու կոտորածները, վառ պահեց հույսն իր վերածննդի, իր ապահով ու լուսավոր կյանքի։ Մեկ դար առաջ էր, երբ մայիսյան տասնօրյա մարտերի արդյունքում փրկվեց Արևելյան Հայաստանը, որի տարածքում այդ հերոսական օրերին ծնունդ առավ Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Այսօր Առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանը մենք տոնում ենք Հայաստանի անկախ պետականությամբ, Արցախի ազատագրությամբ՝ կամոք և օգնությամբ Աստծո իրագործելու ազզային մեր իղձերը, հարուցյալ հավատքով զորացյալ տեսնելու մեր ժոդովրդի արդար իրավունքների հաղթանակը։ Փրկչի Հարության ավետիսն այսօր պատգամ է աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ հայրենական և ազգային մեր կյանքի դժվարությունների առջև չընկրկելու, այլ աներեր կամքով ջանքեր գործադրելու հայրենի մեր Երկրի, մեր ժողովրդի բարօր ու լուսավոր գալիքի համար։
Սիրելի Սրբազան, Հայրապետական Մեր հորդորն է, որ Ձեր նվիրյալ և նախանձախնդիր ծառայությամբ շարունակեք զորացնել քրիստոնեական հավատքը հավատավոր Մեր զավակների սրտում, առավել ներգրավել հայ երիտասարդությանը Եկեղեցական-համայնքային կյանքում, թեմական տարբեր կառույցներում և առաջնորդնել նրանց շադախելու իրենց հոգևոր կյանքը Ավետարանի լույսով և ճշմարտությամբ։
Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթում ենք աշխարհի խաղաղության համար, որպեսզի հարուցյալ Տիրոջ ողորմությամբ դադարեն պատերազմները և ահաբեկչությունները Մերձավոր Արևելքում և հակամարտության մյուս թեժ վայրերում, և մարդիկ ապրեն բարօրության մեջ՝ զորացնելով եղբայրասիրության և համերաշխության ոգին:
Թող հարուցյալ Փրկիչ զորավիգ լինի Ձեզ, Տիրախնամ Ձեր Թեմի ուխտապահ եկեղեցականաց դասին, համայնքային վարչությանց բարեջան անդամներին՝ պարգևելով քաջառողջություն և նորանոր հաջողություններ ի փառս Աստծո, ի պայծառություն Տիրախնամ Ձեր Թեմի և Առաքելաշավիղ մեր Սուրբ Եկեղեցու»:
Ճրագալույցի Ս. Պատարագի վերջում Նավասարդ Սրբազանը հավատավոր ժողովրդին փոխանցեց Սուրբ Հարության Ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի» և Պահպանիչ աղոթքով արձակեց նրանց:
Այնուհետև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կատարվեց տնօրհնեքի կարգ:
Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալները Սուրբ Սեղանից իջեցրած կանթեղից վառված մոմեր տարան՝ իրենց ընտանիքներին Տիրոջ լույսն ու Հարության ավետիսը փոխանցելու:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին