Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տարվա մեջ երեք անգամ է նշում Հայոց ազգի Լուսավորչի՝ սուրբ Գրիգորի հիշատակը. նրա մուտն ի Վիրապ, ելն ի Վիրապեն և նշխարաց գյուտը: Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու օրը Հայ եկեղեցին հիշատակում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը, որ այս տարի մարտի 25-ին էր: Հայոց առաջին հայրապետի հիշատակության առթիվ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մարտի 26-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Խոր Վիրապ: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագին մասնակցելուց հետո երիտասարդ ուխտավորները շարունակեցին իրենց աղոթական ընթացքը և ճանապարհին Հայ եկեղեցու առաջին հայրապետի վարքի մասին խոսելիս հիշեցին Տիրոջ հետևյալ խոսքը. «Մտե՛ք նեղ դռնով, քանի որ կորստյան տանող դուռը լայն է, և ճանապարհը՝ ընդարձակ, և շատ են նրանք, որ մտնում են դրանով: Մինչդեռ դեպի կյանք տանող դուռը նեղ է, և ճանապարհը՝ դժվարին, և քչերն են միայն, որ գտնում են այն» (Մատթ. 7:13-15):
Հասնելով սրբավայր՝ երիտասարդաց միության անդամները, Տեր Վահանի գլխավորությամբ, միասնաբար աղոթեցին վանքի Ս. Աստվածածին, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում, նաև Խոր Վիրապում՝ հայցելով Հայոց առաջին հայրապետի բարեխոսությունը Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության և զորացման համար: Խոր Վիրապի հոգևոր սպասավոր Տեր Արարատ քահանա Պողոսյանն օրհնեց երիտասարդներին՝ մաղթելով, որ ամենակարող Տերը Ս. Գրիգոր Լուսավորչի բարեխոսությամբ ի կատար ածի նրանց ուխտը:
Միասնական աղոթքից հետո երիտասարդները սիրո ճաշ և հոգևոր զրույց ունեցան: Հոգեշահ զրույցի ընթացքում Տեր Վահանը պատասախանեց երիտասարդների տարաբնույթ հարցերին և Ս. Գրիգոր Լուսավորչի կյանքի օրինակը մեջբերելով՝ հորդորեց նրանց անսահման վստահություն, սեր ու մեծ հավատ ունենալ առ Աստված, սիրել կյանքն առաց մեղքերի, քանի որ սխալ է այն պատկերացումը, որ հնարավոր չէ ապրել մաքուր, ազնիվ և արդար. «Հայ քրիստոնյայի կյանքը չպետք է անցնի եկեղեցուց դուրս, եկեղեցու կողքով, այլ եկեղեցուց ներս, սուրբգրային պատվիրաններով, Սուրբ Հոգու առաջնորդությամբ, և Աստված կտա մեր ժողովրդին այն բաղձալի խաղաղությունն ու ապահովությունը, որ ազգովի ցանկանում ենք ունենալ»:
Հերթական աղոթքի ուղին հոգեպես նորոգեց և զորացրեց «Զորավոր» երիտասարդաց միության անդամներին՝ անցնելու համար այն ճանապարհով, որ դեպի կյանք է առաջնորդում:
Առ այսօր Քրիստոսի ճշմարիտ հետևորդները Տիրոջ օգնությամբ ջանում են անցնել նեղ դռնով և դժվարին ճանապարհով, որ դեպի կյանք է առաջնորդում: Այդ ճանապարհին նրանք հոգեպես զորանում են Տիրոջ խոսքով, Ս. Պատարագին մասնակցությամբ, ուխտի ճանապարհներով, պահեցողությամբ ու բարեգործությամբ: Եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանը նեղ դռնով և դժվարին ճանապարհով անցնողներին հետևյալ հորդորն է տալիս. «Քրիստոս ասում է՝ ոչ թե նայենք ճանապարհի դժվարին է և նեղ լինելուն, այլ այնտեղ, թե որտեղ է ավարտվում այն և կրկին՝ ոչ թե նայենք ընդարձակ ու լայն ճանապարհին, այլ այնտեղ, թե ուր է տանում այն: Այս ամենն ասում է Տերը, որ քաջալերի Իր հետևորդներին: Այդ պատճառով չտրտմենք, եթե կյանքի ճանապարհին դժվարությունների հանդիպենք: Երբ Փրկիչն ասում է, որ քիչ են նրանք, որ գտնում են այդ փրկարար ուղին, այդ կերպ բացահայտում է շատերի ծուլությունն ու ծայրահեղ խելագարությունը և ոգեշնչում Իր հետևորդներին ուշադրություն դարձնել ոչ թե շատերի բարգավաճմանը, այլ քչերի փրկարար ջանքերին: Պետք չէ նայել շատերին և, հետևաբար, շփոթվել, այլ պետք է ոգեշնչվել կյանքն ընտրած քիչ անձանցով, այդ կերպ քաջալերվել և ուժեղանալ»:
Կարինե Սուգիկյան