12 Հոկտեմբեր, Շբ
Մի երաժշատական միջոցառումից հետո հանդիսատեսներից մեկն իր երեխայի հետ հիացմունքով մոտենում է անվանի դաշնակահարին և ասում.
- Խնդրում եմ իմ զավակին նույնպես սովորեցրու այդպես գեղեցիկ ու պրոֆեսիոնալ դաշնամուր նվագել, քանի որ շատ փորձառու դաշնակահար ես:
Դաշնակահարը պատասխանում է.
- Հիշո՞ւմ ես, երբ փոքր տարիքում երկուսով առաջին անգամ գնացինք ուսուցչի մոտ, նա մի գեղեցիկ երաժշտություն նվագեց, այնուհետև դրա նոտաների գրքույկը փոխանցեց և կարգադրեց նվագել ու հեռացավ: Ինքդ տրտնջացիր, որ սա փորձություն է, այլ ոչ թե՝ ուսուցում, քանի որ դեռևս նվագել չգիտենք, բայց միանգամից մեզ բարդ ստեղծագործություն է կարգադրում նվագել և այդպիսի նեղություն պատճառում, ապա հիասթափված հեռացար ու այլևս չեկար, իսկ ինքս մի քանի օր ջանադրաբար չարչարվեցի, թեև այդպես էլ չստացվեց նվագել: Եվ երբ հաջորդ պարապմունքին հավատով ու հույսով ներկայացա, որ ուսուցիչը կսովորեցնի ինձ այն նվագել, հարցրեցի, թե ինչո՞ւ է այդպես վարվում, պատասխանեց, որ նախ պետք է համբերություն ու տոկունություն սովորել, այնուհետև սկսեց ինձ աստիճանաբար ուսուցանել…
Եվ ահա տարիներ անց այդ փորձառությունն եմ փոխանցում մյուսներին, որոնք իսկապես ուզում են այդպիսի գեղեցիկ մեղեդիներ նվագել…
Սուրբ Գիրքն ասում է՝ նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս (Հռոմ․ 5.3-4)։
Հովհաննես Մանուկյան