Դու գիտես, թե հանգուցյալներն ինչպե՜ս են օգնություն խնդրում: Որովհետև մահվանից հետո ապաշխարություն չկա, իսկ նրանք մնացել են իրենց արատների ու ախտերի հետ և այժմ, տեսնելով, որ ողջերի օգնությունը բավականին աջակցում է իրենց վիճակի բարելավմանը, նրանք ցանկանում են, խնդրում ու փափագում, որպեսզի հիշատակեն իրենց: Նաև փափագում են, որպեսզի իրենց սերունդների մեջ մի հոգևորական կամ մի բարեպաշտ քրիստոնյա գտնվի, ով իրենց մասին էլ հոգ կտանի: Ես քեզ մի տեսիլքի մասին կպատմեմ, որ մի եպիսկոպոսի շուրթերից եմ լսել, որի մոտ ծառայում էի շատ տարիներ առաջ: Նա պատմում էր մեզ, որ մի քահանա կար, ում հաղթել էր գինին և նա հաճախակի հարբեցողության էր տրվում: Եվ այդպես տարիներ շարունակ: Այլ հարցերում նա առաքինի և բարեպաշտ մարդ էր: Մի անգամ, սովորության համաձայն գինի խմեց, հարբեց ու դեռևս չսթափված՝ գնաց Պատարագ մատուցելու: Բայց Աստծո թողտվությամբ Տիրոջ սուրբ Մարմինն ու Արյունն ընկան նրա ձեռքից: Խեղճը սարսափից քարացավ՝ մտածելով այն մեծ ապաշխարանքի մասին, որ իր եպիսկոպոսից պիտի ստանար: Երբ վերջապես խոստովանեց մեղքը, եպիսկոպոսն ասաց.
- Գնա՛, կասեմ, թե երբ գաս: Քեզ ապաշխարություն կնշանակեմ:
Եվ մենակ մնալով՝ եպիսկոպոսն սկսեց մտածել կատարվածի մասին, և երբ գրիչը ձեռքն առավ, որպեսզի հրամանագիր գրի այդ քահանայի կանխակայման (հոգևոր ծառայության ժամանակավորապես դադարեցում, արգելում) վերաբերյալ, հանկարծ, կարծես էկրանի վրա սկսում է տեսնել, թե տարբեր տարիքի ու դիրքի մարդկանց անթիվ, անհամար մի բազմություն ինչպես է անցնում իր առջևով: Եպիսկոպոսն ապշում ու սարսափում է այդ տեսիլքից: Այդ պահին բոլոր այդ մարդիկ ասում են նրան.
- Սրբազա՛ն, ապաշխարանք մի՛ նշանակեք այն քահանայի համար, մի՛ արգելեք նրան:
Հետո մեկը մյուսի հետևից չքանում են: Եպիսկոպոսը կանչում է քահանային: Խեղճն ահ ու սարսափով իր կանխակայման մասին է արդեն մտածում, իսկ եպիսկոպոսը հարցնում է.
- Ասա՛ խնդրեմ, արդյոք շա՞տ անուններ ես հիշատակում Պատարագի ժամանակ:
- Ես երկար հիշատակում եմ թագավորներին, կայսրերին ու նույնիսկ ամենահետին մուրացիկին, Սրբազան Հայր,- պատասխանում է քահանան:
- Լավ,- ասում է եպիսկոպոսը,- գնա և երբ Պատարագ ես մատուցում, հիշատակիր այնքան անուններ, որքան կարող ես, բայց տե՛ս, այլևս չհարբես: Աստված կների քեզ:
Արդյունքում, այդ քահանան Աստծո օգնությամբ ազատվեց հարբեցողությունից:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի