Մայիսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, կազմակերպեցին, որ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան Դաունի համախտանիշ ունեցող տասներկու երեխաներ անցնեն էնդոկրինոլոգի խորհրդատվություն: Նշենք, որ մարտի 28-ին մանկատան Դաունի համախտանիշ ունեցող տասներկու երեխաներն անցնել էին արյան ցիտոգենետիկական հետազոտություն, կարիոտիպ, հորմոնալ և արյան կլինիկական հետազոտություններ: Ըստ այդ բժշկական հետազոտությունների արդյունքների՝ խորհրդատվությունն անցկացրեց և բուժում նշանակեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայի մանկական էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը: «Երեխաներն, ըստ իրենց խնդիրների համապատասխան, բուժում կստանան: Այս տարվա մեջ նրանք կրկին անգամ կանցնեն էնդոկրին հետազոտություններ, քանի որ Դաունի համախտանիշ ունեցող երեխաները մինչև կյանքի վերջ փոխարինող թերապիայի կարիք ունեն»,- ասաց մանկաբույժը:
Տեր Գրիգորը նշեց, որ երեխաների հետազոտության և բուժման համար անհրաժեշտ միջոցները ապահովում է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը և «Արև երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնը:
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասում է. «Ով այս փոքրիկներից մեկին միայն մի բաժակ սառը ջուր խմեցնի աշակերտի անունով, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձքը չի կորցնի» (Մատթ. 10:42): Պողոս պատրիարք Անդրիանուպոլսեցին գրում է, որ գթություն կարելի է անել՝ ըստ կարողության և ցանկության: Եթե մեկը չունի կարողություն և ունեցվածք՝ կարոտյալներին առատաձեռն օգնելու, թող այնքան տա, որքան կարող է:
Կարինե Սուգիկյան