«Որովհետև քահանայություն փոփոխվելով՝ պետք էր, որ օրենքի փոփոխություն էլ լիներ» (Եբր. 7:12):
«Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի ձեր առաքինությունները նվիրեք Նրան, Ով խավարից ձեզ կանչեց Իր սքանչելի լույսին» (Ա Պետ. 2:9):
Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը, մովսիսական և քրիստոնեական Եկեղեցիների քահանայությունների համեմատականը տանելով, ցույց է տալիս, որ Հին Ուխտի՝ քահանայության հետ կապված բոլոր օրենքներն էլ փոխված են Քրիստոսով ստեղծված նոր քահանայության մեջ:
Ո՞րն էր հին քահանայության դերը, և ո՞րն է նոր, այսինքն՝ Քրիստոսով ստեղծված քահանայության կոչումը: Հին քահանայությունը մի դասակարգ էր, որի բացարձակ իրավունքն էր քահանայագործությունը: Այլ ցեղ կամ դասակարգ իրավունք չուներ երբևէ քահանայագործելու: Միայն ղևտացի քահանան էր, որ խունկ, զոհ, պատարագ մատուցելու իշխանություն ուներ: Միայն նա իրավունք ուներ, խորանի վարագույրից ներս մտնելով, ժողովրդի մեղքերն ու անօրինությունները խոստովանել Աստծու առջև (տե՛ս Ղևտ. 16։23-26):
Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը բացատրում է, որ Քրիստոսով քահանայության դասակարգային կարգավիճակը վերացել ու խափանվել է: Քրիստոս եղավ քահանայապետ՝ ըստ Մելքիսեդեկի կարգի, և Քրիստոսով փրկվածների վրա լիովին տարածվեց քահանայության պաշտոնն ու պարտականությունը: Եթե նախկինում քահանայությունը մի ցեղի կամ դասակարգի էր պատկանում, այժմ Քրիստոսի միջոցով քահանայությունը, այսինքն՝ հոգևորականությունը ողջ ժողովրդին է հասու:
«Քահանայություն փոփոխվելով՝ պետք էր, որ օրենքի փոփոխություն էլ լիներ»: Նոր օրենքն այլևս նման չէր հին օրենքին: Հնում Մովսիսական օրենքը կենդանիների արյան, զոհերի և զվարակների ճարպի մեջ էր տեսնում փրկությունն ու հավատում էր դրա փրկագործ զորությանը, սակայն «քահանայություն փոփոխվելով» փոխվեց նաև օրենքը, որն այլ բան չէր, եթե ոչ միայն յուրաքանչյուր անձի ինքնազոհության ու նվիրումի մեջ տեսնել փրկությունը:
Քրիստոսով կատարված օրենքի փոփոխությունը այլ բան չէր, եթե ոչ արդարության օրենքի, պարտքի ու իրավունքի օրենքի հաստատումը զարկող սրտերի ներքո:
Թերևս բոլորիդ համար տարօրինակ թվա այն, որ կրկնում եմ, թե Քրիստոսով քրիստոնեական Եկեղեցում քահանայական դասակարգը վերացել է և ըստ այդմ էլ փրկագործության հին օրենքի պայմաններն էլ փոխվել են: Գուցե ասեն. «Մի՞թե մեղանչած չենք լինի Եկեղեցու կարգի և օրենքների հանդեպ, եթե «ջնջենք» քահանայության, հոգևորականության դասակարգը: Այդ դեպքում ուրեմն ի՞նչ պիտի լինեն քահանան, վարդապետը, եպիսկոպոսը, ուրեմն ի՞նչ պիտի լինի այդ դասակարգը, եթե Քրիստոսով կրոնականությունը վերացվել է որպես դասակարգ»:
Քրիստոնեությամբ առաջ եկած տիեզերական, բարոյական հեղաշրջման պատճառն այլ բան չէր, եթե ոչ քահանայության, հոգևորականության դասակարգային կարգավիճակի վերացումը: Մինչ այդ պահը ժողովուրդը գերի և ստրուկ էր քահանայությանն ու հոգևորականությանը և առանց կրոնավորների որևէ բան չէր կարելի ձեռնարկել:
Քրիստոնեությունը եկավ ու ջնջեց այդ դասակարգային դրությունը, որն իր բռնապետությամբ և միապետությամբ աղետ ու վտանգ էր դարձել ժողովուրդների բարգավաճման, առաջընթացի և զարգացման համար: Քրիստոս այդ վերոնշյալ քահանայության առաքելությունն ու դերը տարածեց ողջ մարդկության վրա՝ ասելով. «Քահանայական դասակարգությունն այլևս վերացված է, այսուհետ դուք, ո՜վ ազգեր և ժողովուրդներ, դո՛ւք եք. ամե՛նքդ եք քահանայությունը, դուք սուրբ և ընտիր ազգ եք՝ մեծով ու փոքրով, աղանդավորով, հերետիկոսով և ուղղափառով. դուք թագավորական քահանայություն եք»:
Այդ մասին Պետրոս առաքյալը նորադարձ քրիստոնյաներին ուղղված նամակում պարզ ու հստակ ասում է. «Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի ձեր առաքինությունները նվիրեք Նրան, Ով խավարից ձեզ կանչեց Իր սքանչելի լույսին» (Ա Պետր. 2։9):
Եկեղեցու, այսինքն՝ Հիսուսին հետևող ժողովրդի համար ավելի մեծ վտանգ չկա, քան այն տեսակետը, որը պարտադրում է Եկեղեցու անվան տակ հասկանալ եկեղեցականությանը, ասել է թե՝ Եկեղեցու բարոյական ու հոգևոր ձեռնարկները միայն մի որոշակի դասակարգի՝ եկեղեցականության ձեռքով պետք է գործվի, իսկ աշխարհականները պետք է ձեռքները ծալած նստեն: Բնա՛վ, երբե՛ք:
Դա սխալ վարդապետություն է, սխալ գաղափար, որը Եկեղեցու մեջ է սպրդել և վտանգ է սպառնում քրիստոնեությանը: Հին դրությունը, հին օրենքը պիտի իսպառ ջնջվի Եկեղեցուց, եթե ուզում ենք, որ այն մնա իր աստվածային լուսեղեն կարգավիճակում:
Նաև պետք է վստահ լինեք, որ Եկեղեցին և Եկեղեցու գործերը միայն եկեղեցականության, հոգևորականության և քահանայության մենաշնորհը չեն, այլ Եկեղեցին ու Եկեղեցականությունը հենց դուք իսկ եք, դո՛ւք՝ Եկեղեցու առողջ և հիվանդ անդամներդ, դուք ամեն մեկդ «քահանայության», «սուրբ քահանայության» եք կոչված:
Քահանայությունը մեզ չի պատկանում, այլ ձեզ, ո՜վ դուք, կենդանի որթատունկի պտղաբեր և անպտուղ ոստրեր: Դուք եք Եկեղեցու հոգևոր շինության համար թե՛ ընտիր ու թե՛ անպիտան քարերը: Հին դրությունը փոփոխվել ու հեղաշրջվել է, և այժմ դուք ամենքդ «քահանայություն», «սուրբ ազգ», «ընտիր ժողովուրդ» եք, և հետևաբար քահանայի կոչումն ու իրավունքը ձեզ վրա է տարածվում, «որովհետև քահանայություն փոփոխվելով՝ պետք էր, որ օրենքի փոփոխություն էլ լիներ»:
Երբ դուք եք ստանում քահանայության սուրբ ու նվիրական կոչումը, ձեզնից յուրաքանչյուրը՝ լինի կին թե տղամարդ, պարտականություն է ստանձնում անթերիորեն կատարելու այդ Եկեղեցու սրբազան խորհուրդները և անդուլ ջանքերով բարվոքելու հասարակական-կրոնական աշխարհի բարեսիրական ու մարդասիրական բոլոր ձեռնարկումները:
Իմացե՛ք, որ Եկեղեցու բարգավաճումն ու զարգացումը չի իրագործվի և այն զգալիորեն կտկարանա, եթե ձեզնից յուրաքանչյուրը Եկեղեցու հասարակական-մարդասիրական գործերն իր անձնական գործը չհամարի ու չգործի իբրև քահանա: Դուք և ձեր զավակներն այս փոփոխված քահանայության շնորհի իրավահաջորդները լինելով՝ պարտականություններ ունեք կատարելու:
Թող որ կարծիք չստեղծվի, թե իմ այս խոսքերով ուզում եմ նվազեցնել հոգևորականության, եկեղեցականության իրական նշանակությունը: Ծանր ու դժվարին են քահանայի պարտականությունները: Նրա գործելակերպի մեջ պետք է մարմնավորված լինի ժողովրդի զգացումը:
Չէ՞ որ ժողովուրդն ինքն է, որ կարգապահություն հաստատելու նպատակով իր միջից արժանավորագույններին ընտրում հոգևորական դառնալու համար՝ ցանկանալով այդ ընտրյալների մեջ տեսնել անձնվիրություն, իմաստություն, ջանք, զոհողություն, և այդպես գործելով էլ հոգևորականն ապացուցում է, որ ժողովուրդն է հոգևորականության տերը, ժողովուրդն է բուն իսկ քահանայությունը:
Երբ հոգևորական դառնալու կոչումը արժանավորագույնին է հանձնվում, նրան ընտրողները չեն դադարում հոգևոր սպասավորությունից, քանի որ հոգևորականության գործունեության տերը ժողովուրդն է:
Դարձյալ եմ ասում, որ իմ այս բացատրություններով չեմ ցանկանում նվաստացնել հոգևորականության, եկեղեցականության նշանակությունը, այլ, ընդհակառակը, առավելապես ուզում եմ ձեր մտքում արթնացնել ձեր անձնական և ուղղակի պատասխանատվության գիտակցությունը:
Մենք՝ հոգևորականներս, որ ձեր ձայների շնորհիվ կոչված ենք Հիսուսի սպասավորը լինելու, ամենքս՝ առանց բացառության, մեր սրտի խորքում զգում ենք մեր տկարություններն ու թերությունները: Եպիսկոպոսներից, վարդապետներից ու քահանաներից յուրաքանչյուրը ամոթով զգում է, որ ինքն Աստծու անարժան ծառան է:
Հոգևորական թե աշխարհական՝ ամենքս էլ նույն խմորից ենք, նույն հողից կերտված, բոլորս էլ Աստծու անարժան որդիներն ենք, ամենքս հավասար ենք Աստծու առջև:
Եթե մեր ընկերական-առևտրային-անհատական կյանքն այնպես կազմակերպած ու կարգադրած լինեինք, որ հոգևոր և քահանայական ձեռնարկներն ուղղակիորեն կատարելու դյուրությունն ունենայինք, այնժամ մեզ պարգևված երկնային շնորհի ու մեզ վերապահված կարգի և բաժնի համեմատ յուրաքանչյուրս էլ կարող պիտի լինեինք քարոզելու, պատարագելու, աղոթելու, տնօրինելու, օրհնելու և այլն:
Քրիստոսով Եկեղեցին համայնական է դառնում և, ինչպես արդեն նշեցինք, քրիստոնեությամբ վերացվում է եկեղեցական «դասակարգությունը»: Այդ տեսակետն են դավանում «քվեյքըրները», այսպես կոչված՝ «երերականները», որոնք Ամերիկյան բողոքական եկեղեցու հայտնի հարանվանություն են: Նրանք ուսուցանում են, որ ի սկզբանե քրիստոնեական Եկեղեցում գոյություն չի ունեցել եկեղեցական հատուկ դասակարգություն, և Քրիստոս հիմնովին դեմ է այդպիսի դասակարգի գոյությանը: Այդ հիմնավորմամբ էլ քվեյքըրները չունեն ո՛չ եպիսկոպոս, ո՛չ երեց, ո՛չ սարկավագ և ո՛չ էլ որևէ այլ բան, որը դասակարգություն է հիշեցնում:
Նրանք հավաքվում են ժողովատեղիում, և ով որ տրամադրված և ունակ է լինում, խոսում է, սպասավորում, մխիթարում, բացատրում Սուրբ Գիրքը, լուսաբանում մի շարք հետաքրքրաշարժ հարցեր: Նրանք ջանում են այնպես ինքնապատրաստվել, որ ամեն հավատացյալ ինքն իր և իր տան քահանան կարողանա լինել:
Քվեյքըրների այս վարդապետությունը բավականին շատ հետևորդներ ունի, որոնք իրենց նվիրական պարտականությունն են համարում անխտիր բարություն անել, գթություն, սեր ցուցաբերել մեկմեկու նկատմամբ և ամեն միջոց ձեռնարկել աղքատներին ու կարիքավորներին ձեռք մեկնելու համար՝ առանց դավանական, ազգային, կրոնական խտրության:
Համայնավարական այս եկեղեցին հաստատվել է Անգլիայում՝ 17-րդ դարում, Գեորգ Ֆոքս անունով մի կոշկակարի կողմից, և ապա փոխադրվել է Ամերիկա, ուր այժմ մեծ տարածում է գտել:
Եթե ամենաքաղաքակիրթ այդ երկու երկրներում 17-րդ դարից ի վեր սկսել են խորհել Ավետարանի մաքրամաքուր սկզբունքների հիման վրա քահանայությունը տարածել ժողովրդի վրա, ապա Հայ եկեղեցին արդեն տասնհինգերորդ դարից սկսած է քահանայության իրավունքն ու սեփականությունը տարածել է իր ժողովրդի վրա՝ ըստ Ավետարանի ոգու և համայնավարական հիմքերի:
Թեև հոգևորականության ու աշխարհականության դրությունն արտաքնապես, առաջին հայացքից թվում է դասակարգային, սակայն ներքուստ դասակարգային որևէ երևույթ չկա: Հայ եկեղեցին անշուշտ պահել է որոշակի կրոնական դասակարգություն՝ ելնելով կարգապահության տեսակետից և դիրքերից, սակայն իրականության մեջ աշխարհականը կրոնական գործերում նույնքան իրավասություն ունի, որքան հոգևորականը:
Ոչ մի այլ հնագույն Եկեղեցում այս հանգամանքն այնքան շեշտված չէ, որքան Հայ եկեղեցում: Պատմության ընթացքին հետևողը հիացմունքով պետք է նկատի, որ մեր ազգային-կրոնական-հոգևոր գործերն աշխարհականների ներկայությամբ և մասնակցությամբ են կարգավորվել և ոչ թե կրոնական ժողովներով:
Շահապիվանի ժողովից սկսած մինչև ներկա դարի մեր ազգային-սահմանադրական ժողովները եկեղեցական-ազգային խնդիրների առնչությամբ աշխարհականներն ու հոգևորականները մշտապես համահավասար ձայներով և իրավասությամբ են ներկայանում:
Եվ դա դեռ ամենը չէ: Եկեղեցական պաշտամունքի մեջ մասնակցության իրավունք ունեն որքան քահանան, նույնքան նաև աշխարհականը: Ինչպես արդեն ասացի՝ միայն կարգապահության համար է, որ հոգևորականին է իշխանություն շնորհվում արձակում տալու, պատարագելու կամ ձեռնադրելու:
Այսպես օրինակ. պատարագիչ քահանան պատարագելուց առաջ դեմքով դառնում է դեպի ժողովուրդը և թողություն է խնդրում ժողովրդի առջև՝ անշուշտ այն պատճառով, որ ժողովուրդը մեղքերին թողություն տալու իրավունք ունի, և ասում է. «Խոստովանում եմ ձեր առաջ, հայրե՛ր և եղբայրնե՛ր, իմ գործած բոլոր մեղքերը...» և այլն:
Եվ դարձյալ ժողովրդի առջև է, որ, կրկին կարգապահական նկատառումներից ելնելով, քահանան արձակում է տալիս: Տեսնո՞ւմ եք, որ ժողովուրդը քահանայության իրավունք ունի, և դրա համար է, որ քահանան դառնում է դեպի ժողովուրդը և արձակում է խնդրում:
Նաև, քահանան Պատարագ չի մատուցում, եթե ժողովուրդը չի մասնակցում Պատարագին, ներկա չէ կամ ցանկություն չունի: Կարծիք կա, որ Պատարագի մատուցումը միայն հոգևորականին է վերապահված, սակայն ուշադիր ուսումնասիրե՛ք աղոթքները և կտեսնեք, որ ողջ ժողովրդի անունից են հնչում այդ աղոթքները:
Խորհրդատետրն աչքի անցկացրեք ու կտեսնեք, որ քահանան միջնորդ չէ ժողովրդի համար, այլ ժողովրդի առջև աղոթում, աղերսում է այնպես, ասես ողջ ժողովուրդը մեկ բերան դարձած աղոթելիս լինեն, ասես ամենքը միասին Պատարագը մատուցելիս լինեն:
Մարդիկ առհասարակ ասում են. «Գնամ Պատարագի ներկա լինեմ»: Սակայն դա սխալ է: Պետք է ասել. «Գնամ Պատարագի մասնակցեմ» կամ «Պատարագի մատուցմանը մասնակցեմ»:
Եկեղեցում Պատարագը մատուցում է ոչ թե պատարագիչ քահանան, այլ ամբողջ ժողովուրդը միասնաբար: Նույնն է նաև ձեռնադրության պարագան: Եպիսկոպոսի ձեռնադրությունը վավերական չի լինի, եթե ժողովրդի հավանությամբ չէ: Որքան էլ ձեռնադրողն ու ձեռնադրվողը արժանի լինեն, երբ ժողովրդի կամքն ու ձայնը հաշվի չի առնվում, այդ ձեռնադրությունը արժեք չի ունենում և վավերական չի համարվում:
Արդ, երբ խոսում ենք ժողովրդի քահանայական իրավասության մասին, իբրև հետևություն պետք է ընդունել նաև ամենքիդ ուսերին ծանրացող պարտականությունը: Երբ ասում ենք, որ դուք այլևս կրոնականության, հոգևորականության ստրուկներն ու գերիները չեք, երբ ասում ենք, որ ամենքդ էլ կոչված եք քահանայության և աշխարհականի ու քահանայի միջև խտրություն չկա և Քրիստոսով ամենքս մեկ ենք և հավասար ենք Աստծու առջև, ուրեմն չպետք է զանազանություն դրվի նաև մեր ու ձեր բարոյակա՛ն բնութագրի մեջ:
Ինչպես որ խստորեն բարոյական մաքրություն է պահանջվում հոգևորականից, նույնը պետք է պահանջվի նաև աշխարհականից: Աշխարհականի բարոյականությունը չպետք է տարբերվի հոգևորականի բարոյականությունից:
Նա, ով չի ցանկանում հետաքրքրվել իր բարոյական իրավունքներով և նվիրական պարտականություններով, այդպիսին արժանի չէ «մարդ» կոչմանը, այդպիսի մեկն առավելաբար անբանական կենդանի է: Նա, ով ասում է․ «Իմ ինչի՞ն է պետք իմանալ իմ իրավունքներն ու պարտականությունները», այդպիսի մեկը զուրկ է աստվածային դրոշմը կրող հոգուց, այդպիսի մեկը ճահիճներում խորտակված ու ճահճային աղտեղություններն ախորժող խոզի է նմանվում, որի մեջ չկա ո՛չ մաքուր աշխարհայացք, ո՛չ էլ աստվածային հայտնատեսություն:
Այդպիսի արարածը չի էլ հետաքրքրվում իր անձից այն կողմ եղող որևէ բանով: Նրա կյանքը նմանվում է լորձալի խխունջի, որը հազիվ իր պատյանից ականջները դուրս հանած՝ աննշան ձայնի դեպքում դարձյալ ներս է քաշվում և կծկվում է: Կամ էլ նմանվում է կրիայի, որը չի կարողանում իր պատյանից դուրս գալ և ստիպված է միշտ թաքնված մնալ:
Յուրաքանչյուր անհատի ուսերին պարտականություն է ծանրացած գիտենալ սեփական իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ օրենքն ու ըստ այդ օրենքի տնօրինել իր կյանքը:
Արդ, սիրելինե՛ր, քանի որ քահանայական նվիրական իրավունքն ամբողջովին տարածվում է նաև աշխարհականների վրա, ուստի անհրաժեշտ է, որ աշխարհականները նախանձախնդիր լինեն քահանայության զորացմանը, ազնվացմանն ու բարգավաճմանը:
Ցավալի է տեսնել, որ այսօր քահանայությունը ժողովրդի անտարբերության հետևանքով ստրկական դիրքի է հասցվել: Հին Ուխտի Եկեղեցում ժողովուրդն էր գերի քահանայական դասակարգին, իսկ այժմ հակառակ երևույթն է՝ քահանան է գերի դարձել ժողովրդին:
Այո՛, հոգևորականը ոչ թե գերի լինելու, այլ ծառայելու համար է առաքելության կանչվել: Հոգևորականները ծառա են ժողովրդի բոլոր խավերի համար առհասարակ՝ մեծերի ու փոքրերի, հարուստի և աղքատի, գիտունի ու տգետի, ուղղափառի և հերետիկոսի, անմեղի ու մեղավորի: Հոգևորականները, սակայն, բնավ նրանց գերիները չեն...
Հոգևորականներն այսօր նյութապես քայքայված վիճակի մեջ են, ինչի հետևանքով բարոյական սայթաքումները գրեթե միշտ անխուսափելի են լինում: Որպեսզի կարողանանք հոգևորականներին տեսնել իրենց բարձր դիրքի մեջ, հարկ է նախանձախնդիր լինել հոգևորականների բարոյական և նյութական վիճակի բարելավմանը, ուստի պետք է նրանց համապատասխան ու արժանավայել պատիվ ընծայել: Դա ամենքիս նվիրական պարտքը պիտի լինի:
Քահանայության անկումով անկում է ապրում Եկեղեցին, անկում է ապրում նաև ժողովրդի բարոյական ու կրոնական հոգեվիճակը, ժողովուրդը խեղդվում է հոգևոր անտարբերության և անբարոյականության տարատեսակ ալիքների պատճառով, ինչը մեր ազգի ապագայի համար ավելի վտանգավոր է, քան սովն ու սուրը: Առանց արժանավոր քահանաների Եկեղեցին քարերի մի կույտ պիտի դառնար, անխոս մի շինություն պիտի լիներ:
Աղոթենք, որ Տերն այցի գա մեր տարաբախտ ու հարվածված Եկեղեցուն, որ մեր Եկեղեցուց ներս ծավալվեն գթության ու բարության շնորհները, և մեզնից յուրաքանչյուրը գիտակից լինի Եկեղեցու հանդեպ ունեցած իր կոչմանն ու դիրքին և գործի ի փառս ու ի պատիվ Եկեղեցու. ամեն:
Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ե հատոր, Փարիզ, 1927 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը