23 Դեկտեմբեր, Բշ
Բյուրականից հյուսիս, բարձունքի վրա սրբատաշ բազալտ քարով կառուցված հայկական ճարտարապետության մեջ սկզբունքային նորությամբ եկեղեցու չափին գերազանցող եռագմբեթ գավթով տարածվում է 13-րդ դարի Տեղերի վանքի Սբ. Աստվածածին եկեղեցին: Հունիսի 18-ին վանքը հյուրընկալել էր Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու նորակազմ «Զորավոր» երգչախմբին: Նրանք Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ էին այնտեղ այցելել: Քաղաքից դուրս միջնադարյան վանք այցելությունը նպատակ էր հետապնդում նորակազմ երգչախմբի անդամների միմյանց հետ հանդիպմանը, ծանոթացմանը և ճանաչմանը:
Ողջ ճանապարհին նրանց ուղեկիցն էր երգը: «Տերունական աղոթք»-ին հաջորդեց «Տեր ողորմյա»-ն, «Փառք քեզ տեր Աստված»-ը, ապա՝ ժողովրդական և հայրենասիրական երգերի շարանը: Տեղերի Սբ. Աստվածածին եկեղեցում միասնական աղոթքից հետո Տեր Գրիգորը հավատքի կարևորության և սիրո մասին հոգևոր զրույց ունեցավ: Հանդիպում-ծանոթացումը իր շարունակությունն ունեցավ սեղանի շուրջ, որը համեմվեց երգ ու պարով:
Քսանմեկ հոգուց բաղկացած քառաձայն, երկսեռ երգչախմբի անդամներից յուրաքանչյուրն յուրովի մի ճանապարհ է անցել՝ հասնելու համար հոգևոր երգի բարձունքին: «Զորավոր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Անուշ Հարությունյանի համար հոգևոր երգը նախ և առաջ աղոթք է, այն իր մեջ կրում է ամեն ինչ. իր առօրյան սկսվում և ավարտվում է հոգևոր երգով:
Նորակազմ երգչախմբի անդամ 19-ամյա Վարդանը դեռ երեք անգամ է «Զորավոր» երգչախմբում Սբ. Պատարագը երգել: Երգչախմբում նա և մի քանի անդամներ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ են: Հանդիպման շնորհիվ նրանք առիթ ունեցան ավելի անմիջականորեն ծանոթանալու և ճանաչելու մյուս անդամներին և քահանաներին: «Եկեղեցում ես չեմ երգում կամ աշխատում, այլ աղոթում եմ և ծառայում: Ուրախ եմ, որ ծանոթացա քահանաների հետ, նրանց քարոզները հասնում են մինչև հոգուս խորքը»,- ասաց Վարդանը: Իսկ երկրորդ կուրսի ուսանողուհի Լիլիթը ուրախ է, որ եկեղեցու երգչախմբում է երգում, և հոգևոր երգն իր համար հոգին մաքրելու միջոցներից մեկն է:
«Շնորհակալ եմ, որ այսօր առիթ ընձեռնվեց այս սրբավայրում լինելու, առավել ծանոթանալու երգչախմբի անդամների և քահանաների հետ: Հոգևոր երգն ինձ համար Աստծո հանդեպ ունեցած սիրո և Աստծո շնորհած հավատի համադրությունն է: Աստծո տված շնորհով գոհություն եմ հայտնում Նրան»,- ասաց Հարությունը:
Քրիստինեն մեկ տարի է, որ Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել, մինչ այդ նա երբևէ չի անդրադարձել հոգևոր երգին: Այժմ նա ուսանում է Երևանի Մշակույթի համալսարանի ժողովրդական երգի բաժնում և երգում է Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երգչախմբում: «Հոգևոր երգով ավելի հեշտ ես աղոթում: Մեր եկեղեցիների ճարտարապետությունը հին է և բնական, այնտեղ ներդաշանակություն ես զգում: Թե՛ հոգևորականների և թե՛ հոգևորի հետ կապված մարդկանց մոտ նկատում եմ անկեղծություն և բարություն» (Քրիստինե 19 տ.):
«Տիրոջը կօրհնեմ ամեն ժամանակ, Նրա փառաբանությունը միշտ իմ բերանում պիտի լինի» և «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» հավատքով ասված այս խոսքերը շատ անգամ են օգնել երգչախմբի անդամ Նունեին (37 տ.): Նա պատմում է, որ երգելու շնորհը ստացել է Աստծուց, քանի որ մինչև 14 տարեկան համապատասխան ունակություններ չի ունեցել երգելու համար. «Բառերով աղոթելու փոխարեն, ես երգով եմ աղոթում: Հոգևոր երգով և՛ ինձ եմ օգնում, և՛ լսողներին, դա վկայում են իրենք: Ինձ համար կարևոր է, որ ոչ թե ես ներկայանամ, այլ Տիրոջ փառքը ներկայացնեմ: Ես գիտեմ, որ մի փոքր անգամ հպարտանալու դեպքում կկորցնեմ աստվածատուր այս շնորհը»:
Հոգևոր երգի շուրջ միավորված Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու նորակազմ «Զորավոր» երգչախմբի հանդիպում-ծանոթացումը կայացավ՝ հոգևոր երաժշտության գանձարանից հարստանալու և հարստացնելու մեծ ցանկությամբ:
Կարինե Սուգիկյան