Աստվածային անսահման սիրո արտահայտությունն է աշխարհի և մարդու արարումը: Արարչագործության պսակը հանդիսացող մարդը, սիրելով Աստծուն և իր մերձավորին, վայելում է սիրո երանությունը, որով նա ապրում է և շնչում: Բարսեղ վարդապետ Մաշկևորցին ասում է, որ ոչ մի բան չի կարող մեզ Աստծո շնորհին արժանացնել, բացի սիրուց, երբ Նրան և միմյանց սիրենք: Այս բոլորի համար վարձք պիտի ստանանք, ինչպես որ ասված է. «Աղոթիր և վարձքդ առ, բարին խնդրիր և վարձքդ ստացիր»:
Փետրվարի 7-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Թամազյան Ծովիկին (48 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Գուլարյան Աշոտը: Ծովիկն իր հայրիկի՝ Թամազյան Հրանտի (78 տ.) հետ բնակվում է Տավուշի մարզի Կողբ գյուղի 37 փ., 15 տ. հասցեում: Ծովիկը հիվանդ է քաղցկեղով, վիրահատվել է, ճառագայթաբուժություն և քիմիոթերապիա է անցել: Այժմ նրան շտապ դեղորայքային բուժում են նշանակել, քանի որ ոսկրային հյուսվածքում մետաստազիկ ախտահարումներ են հայտնաբերել: «Բարի մարդկանց օգնությամբ կարողացա վիրահատվել և նախնական բուժում անցնել, բայց այժմ ի վիճակի չեմ բուժման համար անհրաժեշտ դեղորայքը գնել: Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովն ինձ զրկեց 2-րդ խմբի հաշմանդամության կարգից՝ նշելով, որ ես առողջ եմ: Անչափ շնորհակալ եմ Տեր Գրիգորին և աջակից անձին այն ուշադրության և հոգատարության համար, որ ցուցաբերեցին իմ հանդեպ»,- ասաց Ծովիկը:
Կարինե Սուգիկյան