Քրիստոնյաների դեմ ծավալված հալածանքների տարիներն էին: Գյուղերից մեկում մի քրիստոնյա ընտանիք էր ապրում: Ընտանիքի հայրն օրնիբուն աշխատում էր, բայց չէր հասցնում կնոջն ու երեխաներին կերակրել: Սակայն իր հույսը Տիրոջ վրա էր դրել ու հավատում էր, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու: Մի անգամ, իրեն ու իր ընտանիքին քաջալերելու համար, տախտակի վրա գրեց. «Ոչ միշտ է այսպես լինելու» և կախեց մի երևացող տեղում:
Հալածանքների տարիներն անցան, եկավ ազատության ու բարեկեցության ժամանակը: Երեխաները մեծացան, թոռներ ծնվեցին ու մի օր էլ բոլորը հայրական տանը հավաքվեցին առատ սեղանի շուրջ: Աղոթեցին ու իրենց շնորհակալությունը հայտնեցին Աստծուն՝ իրենց ուղարկած պարգևների համար:
Ավագ որդին հանկարծ նկատեց հին ցուցանակն ու հորն ասաց.
- Արի՛ հանենք այն, այլևս չեմ ուզում այն ծանր տարիների մասին հիշել: Արդեն ամեն բան անցյալում է:
- Ո՛չ, զավակնե՛րս, թող մնա՛: Հիշե՛ք, որ այսպես էլ ոչ միշտ է լինելու և ձեր երեխաներին էլ սովորեցրեք: Պետք է կարողանալ ամեն ինչի համար շնորհակալ լինել Աստծուն: Ծանր ժամանակներ են՝ շնորհակալություն փորձությունների համար: Դյուրին է կյանքդ՝ շնորհակալություն լիության համար: Միայն այն մարդը կարող է երախտագետ լինել, ով մշտապես հիշում է հավերժության մասին:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի