«Ողորմած մարդն իր հոգու բժիշկն է»

Ապրիլի 5-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, IDT-ARM ՍՊԸ-ի աջակցությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, իր հերթական այցով եղավ Շահումյան 2-րդ փողոցի 25-րդ տանը բնակվող սոցիալապես անապահով ընտանիքում: Վեց հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է երկու փոքր և խոնավ սենյակներում: Ընտանիքի անդամներից երեքը հոգեկան առողջության խնդիրներ ունեն, նրանցից ոչ ոք չի աշխատում, իսկ ընտանիքն ապրում է հաշմանդամության կենսաթոշակներով և ընտանեկան նպաստով: Խաչատրյան Արուսյակը (56 տ.) նշեց, որ խոնավության պատճառով իր թոռնիկների մոտ առողջական խնդիրներ են առաջ եկել՝ կապված շնչուղիների և արյան հետ:

Ընտանիքի հետ զրույցից հետո, Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց և նրանց հանձնեց սննդի փաթեթներ:

Սբ. Եփրեմ Ասորին ասել է. «Ինչ ընդունակություններ, որ Աստված քեզ տվել է, օգտագործիր դրանք աղքատներին օգնելու համար, որպեսզի չդատապարտվենք սիրո պակասության և անգթության համար», իսկ Սբ. Իսահակ Ասորին էլ ասել է, որ կարծրացած և անգութ սիրտը երբեք չի մաքրվում: Իսկ ողորմած մարդն իր հոգու բժիշկն է, որովհետև ուժգին քամու պես իր միջից դուրս է քշում մթագնած կրքերը:

Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդու բնական էությունն է բարին գործելն ու արարելը: Այդ դեպքում մարդն իրականացնում է այն, ինչն իրեն տրված է Աստծո կողմից ի ծնե: Իրական երջանկության գաղտնիքը բացահայտում է նա, ով, նկատելով մարդու կարիքը, փորձում է հնարավորինս օգնել ու աջակցել նրան՝ ևս մեկ անգամ հաստատելով այս խոսքերի էությունը՝ երջանիկ է երջանկացնողը:

«Մեր փրկության գաղտնիքը ծածկված է մերձավորի հետ մեր հարաբերությամբ: Դա է հաստատում Ավետարանը՝ ասելով. մի՛ դատիր, որ չդատվես, ներիր և կներվես, ինչ չափով, որ չափեք ուրիշներին, նույն չափով Աստված ձեզ կչափի: Այս և ուրիշ պատվիրաններն ուսուցանում են, որ Աստծո հետ մարդու հարաբերությունն անմիջականորեն կախված է մերձավորի հետ իր հարաբերությամբ: Երբ մենք չենք դատում, ներում ենք, օգնում ենք և բարյացակամ ենք մերձավորի հանդեպ, ապա և Աստված էլ մեզ չի դատի, կների և Իր օրհնությունը կպարգևի: Քրիստոս պատվիրան տվեց «Սիրիր մերձավորիդ»: Իսկ սիրելն ինչպե՞ս է արտահայտվում, սիրո գլխավոր օրինակն ո՞վ է հանդիսանում մեզ համար: Իհարկե Նա, Ով այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց (Հովհաննես 3:16): Եվ Հիսուսն էլ ցույց տվեց մեզ Իրեն ու միմյանց սիրելու, բարեկամանալու ճշմարիտ ճանապարհը»,- ասաց Տեր Գրիգորը:

 

 

Կարինե Սուգիկյան

05.04.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․