Ողորմած մարդը ողորմություն կգտնի

Քրիստոնեական կրոնի հիմնադրի՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անձի մեջ տեսնում ենք Իր վարդապետության և բարոյական գաղափարի կատարյալ իրագործումը: Նրա խոսքը երբեք չէր հակասում Իր գործին, ընդհակառակը՝ Իր գործը մարմնացումն էր Իր խրատների: Նա ուսուցանեց մարդկանց սիրել մերձավորին, որի բարձրագույն արտահայտությունը «Սիրեցէք զմիմեանս» պատգամի իրագործումն է: Քրիստոս առաջինն էր, որ Իր կյանքը տվեց՝ հանուն մարդկության փրկության: «Աստված չարչարվեց մարդկանց համար, որպեսզի նրանց երկնավորներ դարձնի: Ո՞վ կարող է պատմել այն երախտիքները, ըստ որոնց՝ Աստված մարդկանց համար երկրի վրա երևաց, շրջեց աշխարհում և սեր քարոզեց ոսոխների մեջ ու ոչնչացրեց թշնամության բռնությունը: Տեսնո՞ւմ ես մարդկանց հանդեպ ունեցած Աստծո անչափ սերը: Երկնային հրեշտակներն անգամ զարմանում են մարդկանց նկատմամբ Աստծո ունեցած այդ սիրո համար: Ուստի եթե Նա այսչափ սիրեց մեզ, մենք էլ պարտավոր ենք Նրա սերը տնկել մեր սրտերում և լինել ողորմած, որպեսզի ինքներս էլ ողորմություն գտնենք ահավոր և սոսկալի օրը»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը:

Ավստրիայի Ֆորալբերգի մարզում գործող “Armenische Sonne des Bodensees” («Բոդենզեի հայկական արևը») հայկական բարեգործական հիմնադրամն իր հերթական աջակցությունը ցուցաբերեց արև երեխայի ընտանիքին: Մայիսի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Մանուկյան Հերմինեին (43 տ.) փոխանցեց հիմնադրամի կողմից տրամադրած դրամական աջակցությունը (100 եվրո): Հերմինեն իր ամուսնու և երկու զավակների հետ բնակվում է ք. Էջմիածին, Չարենց 15/15 հասցեում: Ընտանիքի կրտսեր զավակը՝ Նարեկը (4 տ.), Դաունի համախտանիշ ունի: Արև Նարեկը շատ է սիրում պարել: Հերմինեն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և բարեգործական հիմնադրամին՝ աջակցության համար:

 

Կարինե Սուգիկյան

 

22.05.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․