Ողորմած Աստված թե՛ Հին և թե՛ Նոր կտակարաններում հորդորում է ողորմած լինել թե՛ խոսքով և թե՛ գործով: Ահա, թե ինչ է ասում Ս. Հովհան Ոսկեբերանը ողորմած լինելու մասին. «Ողորմած մարդը շատ ավելի մեծ օգուտ է բերում իրեն, քան աղքատին, նա ստանում է ավելին, քան տալիս է»:
Ս. Պողոս առաքյալը կողոսացիներին ուղղված նամակում հորդորում է հրաժարվել հին մեղսալից կյանքից՝ ընդունելով նոր և նորոգված կյանքը՝ ըստ Արարչի պատկերի: Եվ նոր մարդուն՝ որպես Աստծո կողմից ընտրված, սրբված և Նրա սերը վայելող մեկին, հարկ է լինել գթասիրտ, ողորմած, քաղցր, խոնարհ, հեզ և համբերատար (Կողոսացիներ 3:9-13):
Նորոգված մարդու համար մեծագույն ուրախություն է կրել հոգու մեծագույն զարդարանքներից ողորմածությունը: Եկեղեցին իր համայնքային կյանքից ներս իրականացող սոցիալական ծրագրերի շնորհիվ փորձում է այդ հոգեպարար ուրախությանը մասնակից դարձնել կարիքի մեջ գտնվող անձանց և ընտանիքներին: Այդ կարևոր առաքելության ճանապարհին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, նոյեմբերի 16-ին այցելեց Հրաչյա Քոչար 12 շ. 5/61 հասցեում բնակվող 1-ին խմբի հաշմանդամ Նարինե Մախսուդյանին (55 տ.): Տասը տարի առաջ շաքարային դիաբետի հետևանքով նա կորցրել է տեսողությունը, որին հետևել է ամուսնալուծությունը: Տիկին Նարինեն բնակվում է հարազատի կողմից տրամադրած ժամանակավոր կացարանում: Այժմ նա մեծ խնդրի առջև է կանգնած, քանի որ տանտերը պահանջում է դուրս գալ բնակարանից: «Աղջկաս ընտանիքն արդեն չորս ամիս է, ինչ բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնությունում: Դուստրս ի վիճակի չէ ինձ օգնելու. նրա երկու զավակներից մեկն առողջական խնդիր ունի՝ երկրորդ խմբի հաշմանդամ է»,- ասաց տիկին Նարինեն:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և նրան հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր մոսկվաբնակ Կարինա Համբարձումովան՝ ի հիշատակ իր վաղամեռիկ որդու՝ Դավիթ Համբարձումովի: Նարինե Մախսուդյանն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին, համայնքին և աջակից անձին:
Կարինե Սուգիկյան