Սեպտեմբերի 11-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը 1-ին խմբի զինհաշմանդամ Սեխլիյան Հայկին (31 տ.) հանձնեց դրամական օգնություն (70 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Աշոտ Տիգրանյանը՝ իր երրորդ զավակի ծննդյան կապակցությամբ: Հայկը պայմանագրային զինծառայող է և ապրիլյան պատերազմին ողնաշարի ծանր վիրավորում է ստացել: Նա երեք ամիս առաջ «Գրացիա» Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջազգային վերականգնողական ընկերության կենտրոնում բուժում է ստացել, բայց այժմ իր բուժումն ընդհատվել է՝ ուղեգրի հետ կապված խնդիրներ լինելու պատճառով: Հայկն իր կնոջ և երկու զավակների հետ բնակվում է վարձակալությամբ Լուկաշին 1-ին փ. 55 հասցեում: Սեխլիյան ընտանիքն իր նվազագույն կարիքները մասամբ հոգում է հաշմանդամության թոշակի գումարով: Զինհաշմանդամն իր գոհունակությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:
«Ողորմության առաքինությունը մաքրում է մարդուն անտարբերությունից, նյութական աշխարհի հանդեպ կախվածությունից, ժլատությունից և ուրիշներին դատելու չար սովորությունից և դրա փոխարեն պարգևում է ճշմարիտ հոգատարություն և սրտացավություն այլոց հանդեպ, սովորեցնում է պատրաստակամ լինել ուրիշներին օգնության ձեռք մեկնելու և մեր սրտերը լցնում է զոհաբերության ոգով: «Ողորմությամբ և հավատով մաքրվում է մեղքը, և Տիրոջ երկյուղով ամեն ոք խորշում է չարից» (Առակ. 15:27)»,- ասաց Տեր Գրիգորը:
Կարինե Սուգիկյան