28 Նոյեմբեր, Եշ
Քրիստոնեական սիրո արտահայտման կերպերից մեկն ողորմածությունն է, որ դեպի կատարելություն, դեպի Երկինք տանող երանելի մի ուղի է: Սաղմոսներում կարդում ենք, որ Աստված է խեղճերի և ճնշվածների, որբերի օգնականն ու ապավենը (Սաղմոս 10:14): Տիրոջ օգնությունը հասնում է կարիքավորին Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդու միջոցով: Քրիստոնյայի համար բարեգործությունը ծառայություն է Աստծուն, և կարիքավորին նա տալիս է այն, ինչ պարգևել է իրեն Աստված. Աստծո պարգևածը նա վերադարձնում է Աստծուն: Քրիստոնյան, Տիրոջ պատգամի համաձայն, փորձում է ոչ թե երկրի վրա, այլ երկնքում գանձեր դիզել. «Ձեզ համար հարստություն մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը փչացնում են, կամ գողերը, ձեր պատը քանդելով, ներս են մտնում և գողանում այն: Այլ ձեր հարստությունը երկնքո՛ւմ դիզեցեք, որտեղ ցեցն ու ժանգը չեն կարող փչացնել այն, և ոչ էլ գողերը կարող են ձեր պատը քանդելով ներս մտնել և գողանալ. որովհետև որտեղ ձեր հարստությունն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը» (Մատթեոս 6.19-22): Եվ եկեղեցու հայրերից Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է, որ այդ գանձերը երկինք տանողները կարիքավորներն են. «Ողորմություն տվողին ձեռք մեկնողն աղքատ մուրացկանն է, բայց ողորմություն առնողը՝ Աստված»:
Աստծո պարգևածն ամեն անգամ գոհունակ և ուրախ սրտով Աստծուն է վերադարձնում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, երբ այցելում է կարիքի մեջ հայտնված որևէ ընտանիքի: Փետրվարի 20-ին համայնքը եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Զաքարիա Քանաքեռցու 4-րդ նրբանցքի 7-րդ տանը վարձակալությամբ ապրող կարիքավոր ընտանիքին: Կարիքի մեջ էր հայտնվել Գյումրիի «Ֆրիտյոֆ Նանսենի» մանկատան նախկին սան՝ 22-ամյա Ստեփանյան Լիլիթն՝ իր մեկամյա որդու հետ, ում միայնակ է խնամում: Երեխայի խնամքին զուգահեռ՝ Լիլիթը դժվարանում է աշխատել՝ թե՛ իրենց կարիքները հոգալու և թե՛ տան վարձը վճարելու համար: Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար և համայնքի կողմից տրամադրած սննդի փաթեթներ, հիգիենայի պարագաներ ու դրամական օգնություն հանձնեց Լիլիթին:
«Հայր Աստծո համար անկեղծ և իսկական բարեպաշտությունը կարոտության մեջ եղող որբերին և այրիներին այցելելն է ու նրանց օգնելն է և աշխարհի մեջ ապրելով հանդերձ՝ ինքն իրեն անարատ պահելը» (Հակոբոս 1:27):
Կարինե Սուգիկյան