Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «ողորմութիւն ի սիրո ծնանի»: Նախ սիրելիների նկատմամբ տածած մարմնավոր սիրուց, ապա առ ընկեր, առ Աստված, առ Աստծո պատվիրաններ ուղղված սիրո հոգուց: Իսկ Ս. Ներսես Շնորհալի հայրապետն ասում է. «Եվ քանի որ ողորմությունը սիրուց է բխում և սիրո պտուղ տալիս, Քրիստոս երանության է արժանացնում նրան, ով պտղաբերում է առաքինություններից ամենամեծը՝ սերը»: Ողորմությունը բարեգործություն է, որով հոգին, առաջին հերթին, ինքն իրեն է ողորմում՝ լցվելով բարությամբ ու սրբվելով մեղքերից: Ըստ հայրապետի՝ «Նախ հարկավոր է, որ յուրաքանչյուրն իր հոգուն ողորմի և լրացնի բարու պակասը»:
Հունվարի 13-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Բեբեջյան Ալիսին (68 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Նարեկ Կարապետյանը: Տիկին Ալիսն իր դստեր՝ Վարդանյան Թամարի (36 տ.), փեսայի և երեք անչափահաս թոռնիկների հետ վարձակալությամբ բնակվում է Չարենցի 25 հասցեում: Երեքուկես տարի է, ինչ ընտանիքը Սիրիայից տեղափոխվել է Երևան և մի շարք խնդիրների առջև է կանգնել: «Միայն փեսաս է աշխատում, այն էլ իր աշխատանքը սեզոնային է: Աղջիկս վարսավիրության անվճար դասընթաց անցավ, բայց նա էլ մշտական աշխատանք չունի: Սկզբնական շրջանում մեզ տան վարձը վճարելու հարցում օգնեց «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, էլեկտրաէներգիայի վարձը վեց ամսով վճարեց «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական կազմակերպությունը, այժմ տան և կոմունալ վարձերն ու մեր մյուս կարիքները հոգալը դարձել է մեզ համար խնդիր: Շնորհակալ եմ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձին, որ արձագանքեցին մեր խնդիրներին»,- ասաց տիկին Ալիսը:
Մարդուն Աստծուց բաժանում է մեղքը՝ գործված մտքով, խոսքով և գործով: Մեղքի պարիսպը քանդվում է զղջումով, խոստովանությամբ և ողորմության գործերով, ինչի արդյունքում մարդկային հոգին հաղորդակցվում է իր Արարչի հետ:
Կարինե Սուգիկյան