23 Դեկտեմբեր, Բշ
Երկու եղբայրներ գնացին վաճառելու իրենց ձեռագործը: Երբ նրանցից մեկը գնաց իր պաշտամունքն անելու, մյուսը դևերի պայքարի և փորձության մեջ ընկավ: Եղբայրը գալով նրա մոտ` ասաց. «Գնա՛նք մեր խուցը, եղբա՛յր»: Նա պատասխանեց և ասաց` չեմ գա, իսկ նա աղաչեց ու ասաց. «Ինչո՞ւ չես գալիս, ի՛մ եղբայր»: Նա ասաց. «Նրա համար, որ մեղքի մեջ ընկա»: Իսկ եղբայրը, կամենալով շահել նրա հոգին, սկսեց երդվել և ասաց. «Ես ևս, երբ բաժանվեցի քեզնից, այդպիսի բանի մեջ ընկա. սակայն ե՛կ գնանք և ապաշխարե՛նք, քանզի Աստված իշխանություն ունի թողություն տալու մեզ»: Եվ վերադառնալով իրենց խցերը` պատմեցին ծերերին, թե ինչ փորձություններ պատահեցին իրենց: Ծերերը նրանց ապաշխարության կարգ սահմանեցին, և մյուս եղբայրը նույնպես ապաշխարում էր մեղանչած եղբոր հետ, իբր` ինքն էլ էր մեղանչել: Եվ Աստված, տեսնելով նրա սիրո ապաշխարությունը, քիչ ժամանակ անց տեսիլքով հայտնեց ոմն ծերի նրանց գործերը՝ ասելով. «Անմեղի սիրո համար թողություն արեցի մեղանչածին»: Այս է սեփական անձը եղբոր համար զոհաբերելը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016