Հայր Փոկասը պատմեց հետևյալը. «Հայր Հակոբը, երբ Սկիտե եկավ, ուժգին պատերազմ ունեցավ պոռնկության դևից, մինչև իսկ փոքրինչ պարտվեց նրանից: Գալով ինձ մոտ՝ պատմեց և ասաց. «Գնում եմ մտնեմ այն այրը. բարի՛ եղիր իմ հանդեպ և ինձ հարցնողներից ոչ մեկին ցույց չտաս իմ տեղը, իմ հորը` նույնպես, և դու էլ չտեսնես ինձ: Քառասուն օրը լրանալուց հետո ե՛կ ինձ մոտ և քեզ հետ բե՛ր սուրբ խորհուրդը. եթե ինձ մեռած գտնես, կթաղես, իսկ եթե կենդանի լինեմ, կհաղորդես ինձ սուրբ խորհուրդին»: Իսկ ես այսպես արեցի. երբ լրացավ քառասուն օրը, վերցրի ինձ հետ սուրբ խորհուրդը՝ սուրբ հաց և փոքրինչ գինի, և գնացի նրա մոտ: Երբ մերձեցա այրի դռանը, սաստիկ գարշելի հոտ առա, որ այրից էր գալիս, և կարծեցի, թե մեռել է ծերը: Երբ մտա այրը` նրա մոտ, նրան գտա նվաղած և գրեթե վերջին շնչում: Երբ տեսավ ինձ, հազիվ աջ ձեռքը շարժելով՝ նշանացի հասկացրեց ինձ, որ սուրբ Խորհուրդը տամ իրեն: Եվ ես, հազիվ բացելով նրա բերանը, սուրբ Խորհրդի բաժակից մի փոքր կաթեցրի նրա մեջ: Իսկ սուրբ խորհրդին հաղորդակից լինելով` զորացավ, և փոքրինչ հետո, սուրբ հացի կտորները թրջելով գինու մեջ, քիչ առ քիչ կերակրեցի նրան, և այդպես զորացավ Աստծո կամքով: Մեկ օր հետո նա ինձ հետ եկավ իր սենյակը և այնուհետև Աստծո շնորհով ազատվեց այն ախտից և անդորրությամբ մնում էր իր խորհուրդների մեջ, քանզի հաղթեց դևին` նվաղեցնելով իր մարմինը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016