25 Նոյեմբեր, Բշ
Խրճիթներից մեկում մի ծեր կար, որին խորհուրդներն ասացին. «Գնա՛, կի՛ն առ քեզ համար»: Եվ նա կավ վերցրեց, դրանից սարքեց կին և խրճիթում դնելով՝ խոսում էր ինքն իր հետ և ասում. «Ահա՛ քո կինը. հիմա պետք է շատ աշխատես, որ կնոջդ կերակրես»: Եվ գործում ու շատ էր աշխատում: Մի տարի անց դարձյալ կավ հունցեց և դուստր սարքեց իր համար ու իր խորհուրդներին ասաց. «Ահա՛ քո կինը ծնեց, այժմ առավել ժրաջան պետք է աշխատես, որպեսզի կարողանաս քո դստերը կերակրել և հագցնել»: Եվ այդպես անելով` տքնությունից հալումաշ արեց մարմինը և իր մտքում ասաց. «Այլևս չեմ կարող տանել այս տքնությունը»: Եվ իր խորհուրդներին ասաց. «Իսկ եթե չես կարող տանել, կին էլ մի՛ փնտրիր»: Եվ Աստված, տեսնելով նրա այս տքնությունը, վերացրեց նրանից այդ խորհուրդները, և նա հանդարտվեց` գոհանալով Աստծուց:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016