4 Նոյեմբեր, Բշ
Երեց Տիմոթեոսը հայր Պիմենին ասաց. «Մի կին կա Եգիպտոսում, որ պոռնկությամբ է զբաղվում և իր` դրանով վաստակածը տալիս է աղքատներին»: Հայր Պիմենն ասաց. «Պոռնկության մեջ չի մնա, որովհետև հավատի պտուղ է երևում նրա մոտ»: Մի օր Տիմոթեոսի մայրը եկավ որդու մոտ, և նրա` մորը տված հարցին, թե` այն կինը տակավին պոռնկության մե՞ջ է, մայրը պատասխանեց. «Ավելացրել է իր հոմանիների թիվը, սակայն ավելացրել է նաև ողորմածությունը»: Եվ երեցը գնալով՝ պատմեց այդ հայր Պիմենին, իսկ նա դարձյալ ասաց. «Պոռնկության մեջ չի մնա»: Երեց Տիմոթեոսի մայրը, դարձյալ գալով որդու մոտ, ասաց նրան. «Այն պոռնիկ կինն այսօր ինձ խնդրեց՝ հետս գալ, որ դու նրա վրա աղոթք անես»: Եվ Տիմոթեոսն այդ մասին հաղորդեց հայր Պիմենին: Պիմենն ասաց. «Ավելի լավ կլինի, որ դու ինքդ գնաս և տեսնես նրան»: Տիմոթեոսը գնաց, տեսավ կնոջը, և վերջինս հոժարությամբ ընդունեց նրան և լսեց նրանից աստվածային խոսքեր, ապա սաստիկ լաց եղավ, զղջաց և ասաց. «Այսուհետև ես Աստծո երկյուղին կմերձենամ և կդադարեմ պոռնկություն անել»: Անմիջապես գնաց և մտավ կանանց վանքը և մեծապես հաճո եղավ Աստծուն:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016