Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Ելեգեոս անունով մի մենակյաց իր խցում նեղվեց ձանձրույթի դևից, և երբ երկարեց այդ վիճակը, վեր կենալով գնաց Ելոս կոչվող անապատը և շրջելով այնտեղ` տեսավ մի մերկ մարդու՝ խիստ ծերա­ցած, որը տեսնելով նրան՝ փախավ: Աբբա Ելեգեոսը համառորեն հե­տապնդեց նրան, իսկ նա աղոթքի կանգնելուց հետո հարցրեց. «Ինչ­պե՞ս եկար այստեղ և ինչո՞ւ չարչարվեցիր այսքան»: Ելեգեոսն ասաց. «Իմ խցում տաղտկացա ձանձրույթից և եկա այս անապատը` շրջելով և աղոթելով, որպեսզի ինձանից հեռանա ձանձրույթի դևը: Խորհում էի, թե կգտնվի՞ մի Աստծո ծառա, որ աղոթի ինձ համար: Ահա անտես առնելով իմ մեղքերը` ուղարկեց քո սրբասիրությունը: Արդ, Աստծո մաղթանքով աղոթի՛ր ինձ համար և ընդունի՛ր ինձ, որպեսզի քեզ մոտ բնակվեմ»: Իսկ նա, ողջունելով և աղոթելով, ասաց. «Դա անհնար է, որովհետև Աստծուց տրված չէ քեզ»: Այնժամ Ելեգեոսն ասաց. «Ասա՛ ինձ, աղաչում եմ քեզ, ինչպե՞ս եկար այստեղ, որքա՞ն ժամանակ ես այստեղ և ի՞նչ շնորհ տվեց քեզ Աստված»: Իսկ նա հոժարությամբ պատասխանեց նրան. «Թե ինչպես եկա և ինչ պատճառով` պարզ է. եկա իբրև մեղավոր, որը կամենում է փրկվել, այսինքն` Աստված առաջնորդ եղավ իմ տկարությանը: Ավելի քան յոթանասուն տարի այստեղ եմ, և մինչ օրս մարդու երես չեմ տեսել: Իսկ ինչ­որ ժամանակ առաջ հպարտացավ իմ սիրտը թշնամու ներգործությամբ՝ իբրև թե ավելի մեծ չափի եմ հասել՝ քան շատերը, և Աստծո նախախնամու­թյամբ խորհուրդ մտավ սիրտս՝ աղաչել Աստծուն, թե ո՞ւմ հետ ունեմ բաժին, և թե աշխարհում կա՞ մեկը ինձ հավասար: Եվ համառորեն յոթ օր աղաչելով Աստծուն՝ աներևույթ ձայն եկավ ինձ, թե` «Ալեք­սանդրիայիում ապրող խաղամոլ և պոռնկապետ Սերգիի հետ է քո բաժինը»: Իսկ ես, սաստիկ տրտմած, ասացի իմ մտքում. «Վա՜յ քեզ, տառապյալդ Պյուռիոս, ահա այսքան տարի ծառայում ես Աստծուն այսպիսի խստակեցությամբ, և պոռնիկների վերակացուի հետ դասվե­ցիր»: Սակայն ամբարտավան մտքով՝ սատանայից եկած ձայն համա­րեցի այդ, որի պատճառով և երկմտանքի մեջ էի: Յոթ օր ևս աղոթք անելով՝ նորից լսեցի նույն ձայնը, որ ինձ ասաց. «Ասացի քեզ, որ Ալեքսանդրիայում պոռնկապետ Սերգիի հետ է քո բաժինը»: Այնժամ ինքս ինձ ասացի. «Եթե սա հաճո եղավ Աստծուն, ապա Նա թույլ կտա, որ ես տեսնեմ, թե ո՛վ է այդ Սերգին և ի՛նչ է նրա գործը»: Եվ վեր կենալով գնացի Ալեքսանդրիա, հարցուփորձ արեցի, և ինձ ցույց տվեցին նրան, որ կապելլայում նստած՝ պոռնիկների հետ գինարբու­քով զվարճանում էր, իսկ պոռնիկներից ոմանք ներսուդուրս էին անում, քանզի նա նրանց բոլորի վերակացուն էր: Երբ մտա կապելլա, հարցրի, թե նա՞ է Սերգի անառակը: Եվ նա ասաց` ե՛ս եմ: Այնժամ նրան ասացի. «Կամենում եմ քեզ հետ ճաշել»: Նա ասաց. «Համեցի՛ր խաղաղությամբ»: Եվ հրամայեց բերել` ինչ կար կապելլայում, և ես այդքան տարիներ անց հարկադրված եղա հանուն Աստծո սիրո ամեն ինչին հաղորդ լինել` համարելով, որ եթե սա հաճո եղավ Աստծուն և ինձ հետ դասվեց, ինչո՞ւ չճաշակեմ սրա հետ: Եվ երբ զվարճացանք, նրան ասացի. «Տուն ունե՞ս»: Ասաց` այո՛: Ասացի. «Հիմա գնանք քո տուն, որովհետև բան ունեմ քեզ ասելու»: Իսկ նա իր մտքում գայ­թակղվեց, թե ես, միգուցե թշնամուց փորձվելով, կամենում եմ մեղքի մեջ ընկնել, և ստեպ­ստեպ ինձ նայելով՝ իր մտքում պարսավում էր ինձ և զարմանում, ինչպես որ հետո պատմեց ինձ, թե ինչպես, այսպի­սի ծերության ու կրոնավորության մեջ լինելով, համակվեցի այդպիսի ախտով: Երբ գնացինք նրա տուն, ես աղոթք անելուց հետո ասացի նրան. «Հանուն Աստծո, պատմի՛ր ինձ քո վարքը, առանց խորշելու կամ քաշվելու, և թե` ինչ բարի գործ ես արել»: Իսկ նա, դրանից զար­մացած, ասաց. «Մա՛րդ Աստծո, կապելլայում ինձ գտար պոռնիկնե­րի հետ ուտելիս, խմելիս և զվարճանալիս, քանզի իսկապես նրանց վերակացուն եմ, և առանց ինձ նրանցից ոչ մեկին ոչ ոք չի կարող մերձենալ: Ինձ են դիմում, և ես ում կամենում եմ` նրան էլ տալիս եմ, և դեռ այսքանից հետո, ինչպես ասում ես, կամենում ես իմ վարքի մա­սին իմանա՞լ: Ահա ինքդ տեսար, այլևս ինչո՞ւ ես կամենում ինձնից տեղեկանալ»: Իսկ ես, առավել սաստիկ աղաչելով, երդվեցնում էի նրան չծածկել ինձնից, եթե բարի բան է արել: Ապա ինձ հասած ձայնի մասին պատմեցի նրան: Այնժամ նա, հիացած Աստծո մարդասիրու­թյան վրա, հոգոց հանելով ասաց. «Թողությո՛ւն շնորհիր ինձ, եթե այդպես է: Հիշում եմ, որ մի օր սովորականի պես մտա կապելլա և մի սաստիկ գեղեցիկ կին տեսա, որ կտավ էր գործում: Ցանկացա նրան և կապելուհուն ասացի. «Որտեղի՞ց է այս կինը»: Նա ասաց` այսինչ քաղաքից: Ես նրան ասացի. «Խոսի՛ր նրա հետ, որ ինձ հետ լինի»: Ասաց. «Չե՛մ կարող այդպիսի բան ասել նրան, որովհետև թեկուզ և այժմ աղքատության մեջ է, սակայն խիստ ազնվական է»: Նրան ասա­ցի. «Իսկ ինչո՞ւ է այդպիսի կարգի մեջ հայտնվել»: Եվ նա ասաց. «Դրա ամուսինը իշխանին պարտք է եղել հարյուր դահեկան, և երբ չի կարողացել հատուցել, նրան բանտ է գցել, իսկ երկու որդիներին ծա­ռայության է վերցրել: Այժմ օր ու գիշեր շրջում է և աշխատում, որ թերևս կարողանա ազատել նրանց»: Այս լսելով՝ նրան ասացի. «Գնա՛ նրան ասա, որ եթե ինձ հետ լինի, ես կտամ հարյուր դահեկանը»: Նա դարձյալ ասաց. «Չե՛մ կարող, քանզի, ինչպես կարծում եմ` երբեք չի համաձայնի, քանի որ սրտով սգավոր է»: Ես նրան ասացի. «Թերևս համաձայնի, իսկ եթե չհամաձայնի, ոչինչ չես կորցնի»: Եվ նա համա­ձայնելով ինձ հետ` գնաց ասելու նրան: Կինը հոգոց հանելով և ար­տասվելով համաձայնեց` ասելով. «Որքան ժամանակ է` աշխատում եմ օր ու գիշեր, որպեսզի ազատեմ նրանց, բայց չեմ հասնում դրան: Ար­դեն ձանձրացա և չգիտեմ` ինչ անեմ. կարծում եմ, որ մարդասեր Աստված կների ինձ այս մի մեղքը՝ հանուն երեք հոգու, որովհետև գիտե, որ մինչ այս՝ օտար տղամարդ չճանաչեցի, այլ հարկադրաբար եմ մատնում իմ մարմինը մեղքի` հանուն նրանց»: Երբ կապելուհին եկավ և ինձ ասաց, թե` հանձն առավ, գնացի բերեցի հարյուր դահե­կանը և հաշվելով տվեցի նրա ձեռքը: Նա մեծամեծ հառաչանքներով ու արցունքներով վերցրեց, մտանք սենյակ, և աչքերը վեր բարձրաց­նելով երկինք` ասաց. «Տե՛ր, դո՛ւ գիտես իմ նեղությունը»: Երբ լսեցի այս, խիղճս շարժվեց, և մտքիս մեջ ասացի. «Եթե սա այսպիսի նեղու­թյան մեջ է, ինչպե՞ս ես այդպիսի պիղծ ու անօրեն բան անեմ դրան»: Եվ թողնելով՝ արձակեցի նրան՝ հարյուր դահեկանով հանդերձ, և ազատեցի նրա ամուսնուն ու որդիներին»: Այս լսելով՝ ասացի. «Փա՛ռք մարդասեր Աստծուն, ճիշտ էր քեզ հետ դասվելը»: Իսկ նա դարձյալ հոգոց հանելով` ասաց ինձ. «Եթե սա հաճո եղավ Աստծուն, ինչպես ասում ես, և Աստծով եկար ինձ` մեղավորիս մոտ, սրանից ավելի լավը՝ ուրիշ ի՞նչ հիշեմ: Չարաբարո, մեղսասեր ու Աստծո եկեղեցուն անհա­ղորդ մի իշխան եկավ Ալեքսանդրիա և ամեն օր ինձանից երկու կամ  երեք պոռնիկ էր վերցնում: Մի օր, երբ անցնում էր կուսանոցի մոտով, նրանցից մի քանի մանկամարդ կույսի տեսավ` պատուհանին կռթնած, և նրա ցանկությունից վառված` հրամայեց զինվորներին շրջապատել վանքը և ուշադիր հսկել, որպեսզի նրանցից ոչ ոք չփախչի: Ներս մտնելով՝ հաշվեց նրանց և գիտցավ, որ յոթանասուն հոգի են, հանձ­նեց ինձ և պատվիրեց` ասելով. «Ահա սրանք ձեռքիդ տակ են, ինչ կուզես` արա, և ամեն օր քանիսին պահանջեմ` կբերես ինձ մոտ, մինչև որ յոթանասուն թիվը լրանա»: Երբ տեսա այս ամենը և լսեցի հրամա­նը, մտքումս ասացի. «Վա՜յ ինձ` մեղավորիս. այս հրեշտակակերպ էակները այսքան տարի հանուն Աստծո պահել են իրենց կուսությու­նը, իրենց մարմինն են մաշել պահքերով, հսկումով ու ամեն տեսակ ճգնությամբ, որպեսզի իրենց անձերը սրբորեն կանգնեցնեն Երկնա­յին Փեսայի առջև, իսկ այժմ իմ միջոցով պիտի կորցնեն այդքան ջանքն ու վաստակը` այսպիսի ապերասան գազանի կողմից պղծվելով: Քավ լիցի, ես այդպիսի բան չեմ անի»: Շատ խորհելուց և հնար չգտնելուց հետո, աղաչեցի Աստծուն` ինձ միտք շնորհել, որ մի ճար գտնեմ` ազա­տելու կույսերին այդպիսի պղծությունից: Ամենաողորմած Աստված գթալով` մտքումս մի բարի խորհուրդ գցեց, և վեր կենալով գնացի քաղաքի բոզերի մոտ և նրանց բաժանելով իմ ունեցվածքն ու դրամը` հազիվ կարողացա համոզել նրանց՝ մազերը կտրել և կրոնավորական զգեստ հագնել: Նրանց փակեցի վանքում և թողնելով այնտեղ՝ կույ­սերին դուրս հանեցի և ուրիշ տեղ թաքցրի: Եվ թշվառական իշխանին ամեն օր տալիս էի մազերը կտրած պոռնիկներին, մինչև որ յոթանա­սուն թիվը լրացավ, որից հետո այն չարափառն ու պիղծը հեռացավ քաղաքից: Այնժամ կույսերին դարձյալ վերադարձրի իրենց վանքը, իսկ մյուսներին ուզում էի արձակել, սակայն նրանք, տեսնելով մեր Քրիստոս Աստծո աղախիններին ու հարսնացուներին, չկամեցան այն­ տեղից դուրս գալ` ասելով. «Եթե Աստված այս պատրվակով արժա­նացրեց մեզ հագնելու սուրբ կրոնավորության այս զգեստը, քա՛վ լի­ցի, որ մենք այսուհետև դառնանք դեպի այն պղծությունն ու մեր ան­ձանց կորուստը»: Եվ մնացին նույն վանքում՝ սուրբ զգեստների մեջ` ապաշխարությամբ հաճո լինելով ամենազոր և գթաառատ Աստծուն»: Այս ամենը լսելով և առավել ևս փառավորելով Աստծուն, Ով միակ փրկիչն է Իրեն հուսացողների և ճշմարիտ հավատացյալների, նրան ասացի. «Արդարև, եղբա՛յր, թեև շատ վաստակ ունեմ, սակայն հասկա­ցա, որ ոչ թե ինձ հավասար ես, այլ առավել ես ինձնից: Բայց դու աղո­թի՛ր ինձ համար, որ ես իմ տեղը վերադառնամ»: Եվ նա ասաց. «Իմ Տիրոջով կաղոթեմ քեզ համար, որպեսզի վերադառնաս քո տեղը: Սա­կայն, եթե քեզ հետ դասվեցի` ինչպես ասում ես, ապա քեզ չեմ թողնի, այլ քեզ հետ կգամ»: Եվ աղաչեց ինձ՝ սպասել իրեն մեկ­երկու օր, և իր ունեցվածքը տալով աղքատներին` եկավ իմ հետևից և ինձ հետ բնակ­վեց այս այրում երեք տարի, իսկ վախճանը կնքեց չորս օր առաջ: «Հի­մա աղաչում եմ քեզ, որպեսզի երբ ելնի հոգիս` նրա կողքին ինձ դնես: Այժմ գնա՛ և երեք օր հետո արի՛, որովհետև քեզ հետ կարևոր բան ունեմ խոսելու»: Երբ երեք օր հետո վերադարձա՝ ըստ ծերի խնդրանքի, նրան առհավետ ննջած գտա, և թաղելով նրան աբբա Սերգիի կողքին, ինչպես ինքն էր պատվիրել, գոհացա Աստծուց այս սքանչելի հրաշքնե­րի համար և վերադարձա` փառաբանելով Աստծուն»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

08.10.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․