Ուխտագնացություն՝ հանուն Հայոց ազգի ճշմարիտ ապաշխարության

Փետրվարի 25-ին՝ Մեծ պահքի Անառակի կիրակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակից եղավ  Սուրբ Պատարագի, ապա ուխտի մեկնեց Գեղարդավանք:  Մեծ պահքի յուրաքանչյուր կիրակի «Զորավոր» երիտասարդաց միությունը իմաստավորում է՝ ուխտավորաբար որևէ սրբավայր այցելելով և Հայոց եկեղեցու, ազգի ու բանակի համար միասնական աղոթք հղելով առ Տեր: Երիտասարդների ուխտագնացության մեկնարկը սկսվեց Հայոց հոգևոր կենտրոնից՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Աղոթքի և խոկման ճանապարհին երիտասարդները զրուցեցին օրվա խորհրդի՝ մեղքերը տեսնելու և զղջումով դեպի սիրող Հայրը դառնալու մասին: Զրույցի ընթացքում երիտասարդները, անդրադառնալով ապաշխարությանը, նշեցին, որ այն Աստծու կողմից մարդկությանը տրված անգին մի նվեր է, աստվածային հրաշք, որ ամեն անգամ հնարավորություն է տալիս մարդուն ոտքի կանգնելու: Եկեղեցու հայրերից մեջբերումներ անելով՝ նրանք նշեցին, որ առանց մտքի մաքրության, փորձությունները համբերելու և անդադար աղոթքի, հնարավոր չէ լինել ճշմարիտ ապաշխարության մեջ:

Հասնելով Հայ եկեղեցու առաջին հայրապետի՝ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնած վանք՝ ուխտավորները համախմբվեցին միասնական աղոթքի շուրջ և Տիրոջ  ողորմությունը  հայցեցին՝ Հայոց ազգի ճշմարիտ ապաշխարության համար: Երիտասարդները վաղ միջնադարյան այս սրբավայրում կարդացին սբ. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարը: Այնուհետև ուղևորվեցին Գառնիի Ս. Աստվածածին եկեղեցի, ուր Աստվածամոր բարեխոսությունը հայցեցին և սաղմոսներ ընթերցեցին: Հոգեշահ օրն եզրափակեցին՝ Գառնիի Ս. Աստվածածին մատուռ այցելությամբ:

Ամեն անգամ ուխտի ճանապարհներն ուխտավորներին առաջնորդում են դեպի ուխտավայր՝ եկեղեցի, որ, ըստ Վարդան վարդապետ Այգեկցու, քրիստոնյաների հոգևոր մայրն է ու ծնողը, իսկ սուրբ Ավազանը՝ արգանդը, որով Աստծու որդիներ դարձան և ազատվեցին չարի ծուղակից: Իսկ երբ Աստծու որդիները մասնակից են դառնում Սուրբ Պատարագին, մեծ բարիք ու անբավ շահ են ձեռք բերում հոգու և մարմնի համար:

 

Կարինե Սուգիկյան

 

26.02.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․