25 Նոյեմբեր, Բշ
Հարափոփոխ այս աշխարհում քրիստոնյան հոգու պահանջ ունի՝ ուխտի ճանապարհ անցնելու, Աստծու հետ միավորվելու և զորանալու, որպեսզի Աստծով հաղթահարի այն բոլոր դժվարություններն ու մարտահրավերները, որ առկա են իր ճանապարհին: Ապրիլի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, անցավ ուխտի ճանապարհ, որ նրան առաջնորդեց Մոշաղբյուրի Ս. Հովհաննես Կարապետի, ապա Խոր Վիրապի վանքեր: Հանուն Հայոց աշխարհի խաղաղության և նրա առջև ծառացած մարտահրավերներն Աստծով հաղթահարելու նպատակն էր հետապնդում համայնքի հերթական աղոթքի ուղին: Ս. Հովհաննես Կարապետի Սպիտակավոր Ս. Աստվածածին եկեղեցում (14-րդ դ.) ուխտավորները, վանահոր՝ հոգեշնորհ Տ. Արիստակես վարդապետ Այվազյանի գլխավորությամբ, ընդհանրական աղոթքի կանգնեցին, որից հետո Հայր Սուրբը մաղթեց ուխտավորներին, որ Տերն ի կատար ածի նրանց բոլորի ուխտը և հոգևոր զրույց ունեցավ նրանց հետ: Հաջորդ սրբավայրում ուխտավորները ևս համախմբվեցին միասնական աղոթքի շուրջ, հայցեցին, որ Տերը օգնական և աջակից լինի հայ ժողովրդին, հավատի մեջ զորացնի, միասնականության և քաջության ոգի շնորհի՝ հանուն Հայոց աշխարհի զորացման ու առաջրնթացի: Հերթական ուխտի ճանապարհից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը Երևան վերադարձավ հոգեպես նորոգված ու զորացած:
Ուխտագնացությամբ՝ աղոթքով իմաստավորված ճանապարհով, Քրիստոսի հետևորդները կյանքի են կոչում սուրբգրային այն պատգամները, որ հորդորում են՝ արթո՛ւն եղեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք (Մատթ. 16:41), արդ, ամենից առաջ աղաչում եմ մատուցել աղոթքներ, խնդրվածքներ, պաղատանքներ, գոհություններ բոլոր մարդկանց համար, մանավանդ՝ թագավորների և բոլոր իշխանավորների, որպեսզի խաղաղությամբ և հանդարտությամբ վարենք մեր կյանքը, ամենայն աստվածպաշտությամբ և սրբությամբ, քանզի ա՛յն է բարին և ընդունելին մեր Փրկչի՝ Աստծու առաջ, որը կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը (Ա Տիմոթ. 2:1-4):
Կարինե Սուգիկյան