Ամեն մի սրբավայր հայտնի է իր ուխտի օրով: Երևանի հնագույն սրբավայրերից Զորավոր Ս. Աստվածածինը հարուստ է հինգ ուխտի օրով, որոնցից առաջինը մայիսի 14-ին է՝ սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրը: Ուխտի նվիրական օրվա առթիվ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց «Զորավոր» Ավետարանը: Մինչ Ս. Պատարագի սկիզբը, եկեղեցու հոգևոր դասը և մեծ թվով ուխտավորներ եկեղեցու արևելյան մուտքից հանդիսավոր թափորով դիմավորեցին «Զորավոր» Ավետարանը: Թափորը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, «Զորավոր» Ավետարանը բերելու հատուկ արարողակարգով, «Իմաստութիւն երկնային իջեալ» և «Բանին կենաց» շարականների երգեցողությամբ մուտք գործեց եկեղեցի, որտեղ և շարունակվեց արարողակարգը:
Ուխտի Ս. Պատարագը մատուցեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Մինչ քարոզը Տեր Հայրը հոգևոր դասի և համայնքի անունից շնորհակալություն հայտնեց Նավասարդ Սրբազանին, ում հայրական օրհնությամբ հավատավոր հայորդիները տարվա մեջ մեկ անգամ իրենց խոնարհումն ու երկրպագությունն են բերում «Զորավոր» Ավետարանին:
Ս. Պատարագի ավարտից մինչ Երեկոյան ժամերգությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի ուխտի եկած բազմաթիվ հավատացյալներ, Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությամբ, հաղորդակից եղան կեսհազարամյա զորավոր պատմությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանին:
Ուխտի օրհնաբեր օրը ուխտավորներին հիշեցրեց երանելի հայրապետի վարքը և այն կարևորագույն պատգամը, որ Աստծու խոսքն անհրաժեշտ է կարդալ գործերով: «Քրիստոս երանի է տալիս ոչ թե նրանց, ովքեր լսում են Աստծու խոսքը, այլ նրանց, ովքեր լսում են ու պահում. «Մանավանդ երանի՜ նրանց, որոնք լսում են Աստծու խոսքը և գործադրում այն» (Ղուկ. 11:28): Ի՞նչ օգուտ այն ցանված սերմից, որը պտուղ չի տալիս: Ոչ մի: Ո՞րն է սննդի օգուտը ստամոքսին, եթե այն ավիշի ու արյան չի փոխակերպվում: Միանգամայն անօգուտ է այդպիսի սնունդը: Այդպես է նաև Աստծու խոսքի՝ աստվածային սերմի պարագայում, որն օգտավետ չէ, եթե լսողները չեն վերափոխվում: Ինչպես որ մարմինն է հյուծվում և մահանում, երբ ստամոքսը, սնունդ ընդունելով, չի մարսում և ավիշի ու արյան չի փոխակերպում այն, այդպես էլ հոգին, որը թեպետ լսում է Աստծու խոսքը, որ հոգևոր սնունդ է, բայց ավիշի ու արյան չի փոխակերպում, այսինքն՝ հոգևոր առումով չի զորացնում լսած խոսքը, ուժասպառ է լինում ու կործանվում»,- ասել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու եպիսկոպոսներից մեկը:
Կարինե Սուգիկյան