21 Հունիս, Շբ
Մայիսի 14-ին Հայ եկեղեցու նշանավոր հայրապետներից սբ. Մովսես Գ Տաթևացու մահվան հիշատակության օրն է: Այդ օրը Հայ եկեղեցու հավատավոր զավակներն ուխտի են գնում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի և հայցում Հայոց հայրապետի բարեխոսությունը, հայրապետի, ով 17-րդ դարում՝ երկու դար տևած խավար դարաշրջաններից հետո, Հայոց աշխարհի երկնակամարում փայլեց որպես լուսատու աստղ՝ Ավետարանի լույսով ողողելով հայ հոգիները: Նա իր սրբակրոն և զոհաբերվող գործունեությամբ նպաստեց հայ ժողովրդի և Հայ եկեղեցու վերազարթոնքին: Մինչ հայրապետ դառնալը, սբ. Մովսես Տաթևացին շենացրել ու պայծառացրել է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում գտնվող Ս. Անանիա եկեղեցին, ուր հիմնել է վանք, որի համբավը տարածվել էր ողջ Հայաստանով, և նրա սահմաններից էլ այն կողմ:
Արդեն տասնմեկերորդ տարին է, որ մայիսի 14-ին՝ սուրբ Մովսես Գ Տաթևացու մահվան հիշատակության օրը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի է բերվում «Զորավոր» Ավետարանը, որի հրաշագործ զորությանը հայ ազգն արդեն յոթ դար է հաղորդակից է լինում: Մինչև Ս. Պատարագի սկիզբը, եկեղեցու հոգևոր դասը և մեծ թվով ուխտավորներ եկեղեցու արևելյան մուտքից հանդիսավոր թափորով դիմավորեցին «Զորավոր» Ավետարանը: Թափորը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, «Զորավոր» Ավետարանը բերելու հատուկ արարողակարգով, մուտք գործեց եկեղեցի, որտեղ և շարունակվեց արարողակարգը:
Ուխտի Ս. Պատարագը մատուցեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Մինչև քարոզը Տեր Հայրը հոգևոր դասի և համայնքի անունից շնորհակալություն հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին, ում հայրական օրհնությամբ հավատավոր հայորդիները տարվա մեջ մեկ անգամ իրենց խոնարհումն ու երկրպագությունն են բերում «Զորավոր» Ավետարանին: Քարոզին Տեր Հայրն անդրադարձավ սբ. Մովսես Գ Տաթևացու վարքին և խնդրակատար ու հրաշագործ Ավետարանի զորությանն ու պատմությանը, ապա իր խոսքն ուղղելով ուխտավորներին՝ հորդորեց. «Սիրելինե՛ր, խնդրենք սուրբ Մովսես Տաթևացու բարեխոսությունը, որ Ավետարանն իր Աստվածաշնորհ զորությամբ բժշկություն պարգևի մեր հոգիներին և մարմիններին՝ ըստ կարեաց մերոց և հաղորդ դարձնի Աստվածային զորություններին ու շնորհներին։ Մենք այսօր շատ կբաղձանք Ավետարանի բժշկությանը հաղորդակից դառնալ, բայց ավելի շատ եկեք Աստծուց խնդրենք սուրբի իմաստությունը՝ քրիստոնեական ճիշտ վարքի մեջ աճելու համար։ Սուրբերի կյանքն ու վարքագրությունը աննկարագրելի կերպով ոգեշնչող են մեզ նման մարդկանց համար։ Դրանք մեծ խորհուրդ են ունեն, հետևաբար՝ և՛ ուսուցողական են, և՛ քաջալերում են մեզ, և՛ ուժ են տալիս, և՛ մխիթարում են, և՛ յուրահատուկ փորձ են փոխանցում իրենց սերունդներին։ Շատ կարևոր է, որ ուր էլ մարդ հայտնվի իր կյանքի ընթացքում Աստծո կամոք, մնա հավատարիմ քրիստոնեական աստվածադիր պատվիրաններին, չկորցնի զգաստությունը, լինի բծախնդիր առաքելության կատարման մեջ, հետևողական լինի և նախանձախնդիր և պատասխանատվությամբ ապրի կյանքն ու ծառայի մարդկանց, որը սովորում ենք սուրբ Մովսես Տաթևացու վարքից»։
Սուրբ Պատարագի ավարտին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խաչքավոր Վարդան Ամարյանի հովանավորությամբ ուխտավորները ստացան նվեր՝ Հովհան Վանանդեցու «Կերակուր քահանաների» գրքույկը: Ուխտավորները, մինչ Երեկոյան ժամերգությունը, հաղորդակից եղան «Զորավոր» Ավետարանի անսպառ զորությանը՝ հայցելով օրվա հիշատակելի սբ. Մովսես Գ Տաթևացու բարեխոսությունը:
Հայ եկեղեցու հավատավոր զավակները, իրենց աչքի առաջ ունենալով սբ. Մովսես Տաթևացու լուսավոր վարքը և Աստծու խոսքի զորությամբ զգեստավորված Ավետարանը, ջանք են թափում իրենց սրտում միշտ վառ պահել հավատի ճրագը, որպեսզի այդ ճրագով պատրաստ լինեն դիմավորելու Փեսային՝ Քրիստոսին, և ինչպես իմաստուն կույսերը Նրա հետ մուտք գործեն Երկնային Արքայություն՝ հեռու մնալով Տիրոջ կողմից հիմար կույսերին ուղղված սարսափելի այս խոսքերից՝ ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում (Մատթ. 25:12): Պողոս առաքյալի կողմից գրառված քրիստոնեական հնագույն օրհներգի համաձայն՝ Քրիստոսի հետևորդը ձգտում է Քրիստոսով լուսավորվել. «Արթնացի՛ր դու, որ քնած ես, դուրս արի քո մեռյալ վիճակից, և Քրիստոսը կլուսավորի քեզ» (Եփես. 5:14):
Կարինե Սուգիկյան