Ուրախ ապրելը քրիստոնեական պահանջ է

«Ցնծացե՛ք և ուրախացե՛ք» (Մատթեոս 5:12),- ասել է Քրիստոս: Այս աշխարհը մեզ բազմազան ուրախություններ է առաջարկում, սակայն մեր Տերը խոսում է այն ներքին, լուսավոր և հոգևոր ուրախության մասին, որ Աստված է պարգևում: Այդ ուրախությունը տևական է և ոչ ժամանակավոր, կախված չէ մարդու տրամադրությունից և ոչ էլ նյութական պայմաններից. «Մարմնականի մասին մտածելը մահ է պատճառում, մինչդեռ հոգեկանի մասին խորհելը՝ կյանք և խաղաղություն» (Հռոմեացիներ 8:6):

Ուրախ ապրելը քրիստոնեական պահանջ է: Աստված մարդուն ստեղծել է, որպեսզի մարդն ուրախ լինի և ուրախ լինի Տիրոջով, ինչպես ասում է առաքյալը. «Ուրեմն, իմ եղբայրնե՛ր, ուրախացե՛ք Տիրոջով…» (Փիլիպպեցիներ 3:1): Եվ ավելին՝ «Ուրախ սիրտը առողջարար է. հոգսերի մեջ ընկած մարդու ոսկորները ցամաքում են» (Առակներ 17:22): Իրապես, ուրախարար սիրտը դեղի պես օգտակար է, այն դրականորեն է ազդում նաև ֆիզիկական առողջության վրա:

Անհրաժեշտ է, որ քրիստոնյան ունենա այն ներքին, մշտական և հոգևոր ուրախությունը, որն էլ իր անդրադարձն է ունենում նրա կյանքի տարբեր ոլորտներում: Հոգևոր այս ուրախությանը հասնելու համար հարկավոր է ջանք գործադրել. աղոթել, հետևել Քրիստոսի պատվիրաններին, ապրել աստվածահաճո կյանքով, մասնակցել եկեղեցական արարողություններին, ուխտագնացություններին, փորձել հնարավորինս զերծ լինել մեղքերից, իսկ մեղանչելուց էլ՝ ապաշխարել՝ խոնարհ հոգով և բարի գործերով հաղթահարելով մեղքը, սիրելով Աստծուն ու մերձավորին: «Մարդկանց համար չկա ուրիշ լավ բան, քան ուրախ լինել և բարիք գործել» (Ժողովող 3:12), ինչպես նաև՝ ավելի երջանկաբեր է տալը, քան վերցնելը (Գործք Առաքելոց 20:35):

Աստվածապարգև ուրախության դեպքում յուրաքանչյուր քրիստոնյայի հոգում տիրում է հանգստություն, խաղաղություն, թեթևություն: Անհնար է չուրախանալ՝ իմանալով, որ Աստված գոյություն ունի, որ Նա ներկա է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում: Իսկ այն գիտակցումը, որ Աստված ներկա է մեր կյանքում, արդեն իսկ մեծ ուրախություն է:

Այսօր քրիստոնյայի համար ուրախ լինելու ամուր հիմք է հավիտենական կյանքի հույսն ունենալը, քանի որ. «Եթե հույս ունենք մի բանի, որը չենք տեսնում, համբերությամբ սպասում ենք դրան» (Հռոմեացիներ 8:25):

Սրբերի կյանքը վկայում է, որ հոգևոր ուրախությունն իրենց մոտ չէր մարում անգամ հալածանքների ժամանակ: Օրինակ՝ առաքելական հայրերից սբ. Իգնատիոսին, երբ վճիռ կայացրին Հռոմ տանել և գազանների կերակուր դարձնել՝ ի զվարճություն բազմության, այս վճիռը լսելով՝ սուրբը շատ ուրախացավ և աղաղակեց.

- Գոհանում եմ Քեզանից, Տե՛ր Հիսուս, որ Քո կատարյալ սիրով ինձ արժանի ես դարձնում Պողոս առաքյալի պատվին՝ կապված լինել նույնպիսի երկաթե կապանքներով:

Եվ այս ասելով՝ մեծ ուրախությամբ իր վրա վերցրեց շղթաները և աղոթեց եկեղեցու անսասանության համար:

Բարեպաշտ քրիստոնեական կյանքով ապրող մարդու օրերն ուրախությամբ են անցնում, քրիստոնյայի հավատը զորանում է իր երջանկությամբ, իսկ երջանկությունն էլ՝ իր հավատով: Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կատարած երկրային ամեն մի գործ ողողված էր խաղաղությամբ և մեծ ուրախությամբ: Երբ Նրան քննադատում էին, թե ինչու է Նա մեղավորների հետ շփվում, Հիսուս իբրև պատասխան նրանց երեք առակ պատմեց կորցնելու և գտնելու մասին:

Կորցրած դրամը գտնող կնոջ չափ ուրախ, կորցրած ոչխարին գտնող հովվի չափ զվարթ և մոլորյալ որդուն վերստին ընդունող հոր պես երջանիկ էր Ինքը Քրիստոս և ուրախ ամեն մի մեղավորի դարձի համար: Ըստ Քրիստոսի խոսքի՝ Երկինքը մեծ ուրախություն է ապրում ամեն մի ապաշխարող մեղավորի համար (Ղուկաս 15:7):

Այսպիսով՝ «Եվ պիտի ուրա՜խ լինեք, արդանե՛ր, և պիտի ցնծա՜ք, որ Տիրո՛ջ վրա հույս հաստատեցիք, պիտի պարծենա՜ք բոլորդ էլ՝ ովքեր ուղիղ եք սրտով» (Սաղմոս 31:11):

 

Գայանե Սուգիկյան

 

23.07.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․